Ապակին հնարավորություն է տալիս ստեղծել ներդաշնակություն ձևի և ներթափանցող լույսի միջև, և այսպիսով սահմանել լույսի էությունը՝ տարածությունը, և շոշափել այդ տարածության խորհուրդը:
Ստանիսլավ Լիբենսկի, Յարոսլավա Բրիխտովա
«Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Պատկերասրահ Մեկում» ապրիլի 26-ին, ժամը 19:00-ին՝ ներկայացնելով համաշխարհային ճանաչում վայելող չեխ զույգ Ստանիսլավ Լիբենսկու (1921-2002) և Յարոսլավա Բրիխտովայի (ծնվ. 1924) քանդակների ընտրանին:
Ստանիսլավ Լիբենսկին և Յարոսլավա Բրիխտովան ժամանակակից գեղարվեստական ապակեգործության առաջատարներից են: Ուսումնասիրելով և վերարժևորելով ապակու արտահայտչական և որակական ներուժը՝ նրանք կերտեցին ստեղծագործություններ՝ գույնի և թափանցելիության, ծավալի և տարածության, լույսի և ոգեղենության նոր ձևերով: Չնայած անցյալ դարի երկրորդ կեսին սեփական երկրում տիրող քաղաքական և ստեղծագործական ճնշումներին՝ նրանց արվեստը բարձր ճանաչում ձեռք բերեց միջազգային արվեստասեր հանրության կողմից: Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի գեղարվեստական ժառանգությունը և նրանց դերը՝ որպես ժամանակակից քանդակագործության ստեղծագործական ուժ, կլինի հարատև:
«Լիբենսկի Բրիխտովա .լույս տարածության միջով» ցուցադրությունն ընդգրկում է տասնյոթ քանդակ՝ ներկայացնելով արվեստագետների ստեղծագործության ոճական և թեմատիկ յուրահատկությունը: Վեց անիմալիստական ապակե հարթաքանդակները արվեստագետների վաղ շրջանի աշխատանքներից են : Ցուցադրված «Տարածություն I, II և III» կենտրոնական քանդակային շարքը ներկայացնում է արվեստագետների նոր տարածական հարաբերությունների փնտրտուքը՝ բացահայտելով լույսի ներթափանցմամբ ներքին տարածությունների կառուցումը:
«Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով» ցուցադրությունը Հայաստանում արվեստագետների ստեղծագործության երրորդ ներկայացումն է Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, որը ներառում է Լիբենսկի Բրիխտովա քանդակների ամենամեծ ընտրանին աշխարհում: Ցուցադրությունը նվիրվում է Յարոսլավա Բրիխտովայի ծննդյան 90-ամյակին, ինչն արժանի տուրք է զույգին, ում երկար և ստեղծագործական համագործակցությունը հաստատեց ապակին՝ որպես գեղարվեստական արտահայտչամիջոց՝ նոր գեղագիտություն սահմանելով քանդակագործության ոլորտում»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրությունը կազմակերպվել է անձամբ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի և Չեխիայում Լիբենսկի Բրիխտովա ստուդիայի հետ համագործակցությամբ: