ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազ  Գևորգ Կոստանյանին
14.03.2014 | 11:57

Մեծարգո պարոն Կոստանյան։
Եթե նկատեցիք, նամակս սկսեցի «մեծարգո» («մեծ» արմատն ունեցող) դիմելաձևով։ Հայկական լեզվամտածողության մեջ «մեծ» հասկացությունը պայմանավորվում է ոչ թե նրա ծավալի և տարողության չափաձևմամբ, այլև իմաստավորում է նրա բնության պարունակությունն ու էությունը։ «Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի, և եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Աստվածաշունչ, Մատթեոս, 20.26-28)։
Նախ՝ բնության մասին. բոլոր բանական առեղծվածները բնության գոյացումներ են և չունեն ո՛չ պարունակություն, ո՛չ էլ էություն։ Մեծը բնությամբ մեծ չէ, այնպես, ինչպես բարին բնությամբ բարի չէ, և արդարը բնությամբ արդար չէ։
Պարունակության իմաստավորումը պայմանավորվում է նրա արդարության, բարության, սիրո և անդավաճանության մեծություններով, որը ոչ թե բնությամբ է ստեղծված, այլ արդարությունը, բարությունը, սերն ու անդավաճանությունը ներգործությամբ ասացվածք է միայն և միայն Տիրոջ կողմից։ Քանզի անթերի և բացարձակ արդարության ու բարության անչափելի Մեծությունը Աստվածն ինքը է։
Է-ությունը նկարագիրն է աստվածային ներգործությամբ ստացված ճշգրիտ պատկերի, որն արտահայտում է Աստծո ճանաչողության, Նրա իմացության, հանճարի և օրենքների ընկալման կատեգորիան։
ՈՒստի և «մեծարգո» դիմելաձևով, պարոն Կոստանյան, Ձեզ վրա դնում եմ նախ երկու ծանրություն.
1. Վերանայեք Ձեր մարդկային բնության ընկալումները՝ բխած աստվածային օրենքներից։
2. Եվ եթե կտեսնեք, որ, իրոք, աստվածային օրենքներից բխած մարդկային բնության ու էության ճշգրիտ ընկալման արդյունքում է միայն հնարավոր բացարձակ և կատարյալ արդարադատության համակարգ ստեղծել, ապա աղբանոց նետեք դիվապաշտ Վիշինսկու հրեշավոր օրենքները և Ձեր ուսերին վերցրեք Տիրոջ կողմից Ձեզ տրված խաչը, մշտապես հիշելով, որ օրենքի կարևոր պատասխանատվությունը սահմանվում է արդարության, ողորմության ու հավատարմության մեծագույն բանաձևմամբ։ Սակայն նամակս ամենևին էլ սրան չի վերաբերում։
1993-94 թթ. Կովկասյան տարածաշրջանում գագաթնակետին էր հասել նավթային քաղաքականությունը։ Ստրատեգիական գոտիների նորովի վերաբաշխման և ազդեցության ոլորտների ամրապնդման ուղղությամբ տարվող աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում ՌԴ նախագահ Բորիս Ելցինի վարչախմբի համար կարևոր պայման էր դարձել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ծախելուն խոչընդոտող միակ և հիմնական ուժ հանդիսացող ՀՅԴ կուսակցությունը չեզոքացնելը, ապահովելու համար Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու մասնակցությունը նավթային ծրագրերին։ Այս առումով էլ արցախյան պայքարում նշանակալի հաղթանակ տարած Հայաստանը կանգ առավ ներքին քաղաքական, գաղափարական մի նոր պայքարի առջև։
Նախ՝ արգելվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում, փակվեցին գրասենյակներն ու խմբագրատները։ Եվ ապա դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները, խուզարկություններն ու քրեական գործերի հարուցումը կատարվեցին անօրինականությամբ և բիրտ ուժի գործադրությամբ։ Նախաքննության ընթացքում դաժանաբար սպանվեց ՀՅԴ գործիչ Արտավազդ Մանուկյանը, կտտանքների ու խոշտանգումների ենթարկվեցին շատ ու շատ ազատամարտիկներ, ազգային գործիչներ ու մտավորականներ։ Քաղաքական պատվերների արդյունքում 1996 թ. դեկտեմբերի 10-ին երեք ազատամարտիկներ բռնադատվեցին մահապատժի։ «ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անմիջապես պետք է վերացնի Արսեն Արծրունու, Արմեն Գրիգորյանի և Արմենակ Մնջոյանի մահապատիժները, երեք քաղբանտարկյալներ, որոնք մահվան դատապարտվեցին երեկ...» (Մարդու իրավունքների միջազգային ներում կազմակերպություն, Լոնդոն, 1996 թ., դեկտեմբերի 11)։
Եվ արդ, սույն դատավճիռը Հայաստանի վրա ելցինյան վարչախմբի գործադրած ճնշումների և քաղաքական պատվերների արդյունքում կայացվեց։
Մինչդեռ, ամենևին էլ չանդրադառնալով ՀՅԴ-Դրո գործի կեղծ ու շինծու մեղադրանքներին, փաստագրում եմ, որ, այնուամենայնիվ, արդար կամ ոչ արդար դատավճռով ինձ հասանելիք քսան (20) տարվա պատժաչափն արժանապատվորեն կրել եմ և օրենքով ինձ հասանելիք վաղաժամկետ ազատ չարձակումը օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտում կդիտվի։ Բավականին լավ եմ գիտակցում, որ իմ և իմ ընկերների ազատ արձակման համար անհրաժեշտ են քաղաքական վերնախավի և հատկապես ՀՀ նախագահի համաձայնությունն ու կամքը։
ՈՒստի և դիմում եմ Ձեզ՝ իմ վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը ներկայացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և, անմիջապես ինձ ազատ արձակելով, վերականգնել Սահմանադրությամբ ամրագրված իմ քաղաքացիական իրավունքները։ Միևնույն ժամանակ պնդում եմ, որ հրաժարվում եմ ռեժիմային փոփոխությունների հերթական մանիպուլյացիայից, գերադասելով մահապատժի կիրառումը։
Եվ այսպես` ազատությո՛ւն կամ մա՛հ, ինքնե՛րդ որոշեք։
ՈՒ քանի որ նամակս անկեղծ է ու ոչ երկիմաստ, հենց այդ անկեղծությամբ էլ նշում եմ, որ այս դժոխային քսան տարիների բանտային կալանքի ընթացքում այն բոլոր ստորացումներն ու նվաստացումները, հալածանքներն ու խոշտանգումները, որոնք շարունակաբար կրել եմ, երբևէ պատճառ չեն հանդիսացել ատելությամբ լցվելու իրար հաջորդող պատվիրատու իշխանությանց հանդեպ։ Դեռ ճիշտ հակառակը, նրանց ընդունել եմ որպես Աստծո ընտրյալ գործիքների, որոնց միջոցով Ամենաբարձրյալ Տերը ինձ զտել, հղկել, մաքրել ու ժամ առ ժամ նմանեցրել է իր Միածին Որդուն։ Աստված երբեմն չարերին թույլ է տալիս հաջողություններ ունենալ իրենց անօրեն գործերի մեջ, որպեսզի առաքինիներին սովորեցնի վշտերն ու ցավը, զրկանքներն ու կորուստները արիաբար կրել, ինչով նրանց վարձն ու փառքն է աճեցնում։
Հաջողություն Ձեր աշխատանքներին։

Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, ՀՅԴ-Դրո գործով մահվան դատապարտված
07 մարտի, 2014 թ.

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ