ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարո ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ առաջիններից էր, որ անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պողոտայում ընդվզման ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու իր ընկերներին ճանաչեց որպես քաղբանտարկյալ: Օվկիանոսի այն կողմից հայաստանյան իրադարձություններին հետևող և մշտապես իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող Կարո Կարապետյանին խնդրեցինք ներկայացնել իր խոհերն անցյալ տարվա կարևորագույն իրադարձությունների առնչությամբ: «Իմ գնահատմամբ՝ անցյալ տարին հիմնականում մի շարք վատ երևույթների տարի էր: Անցյալ տարի մեր երկրում կրկին տեղի ունեցավ իշխանության բռնազավթում մի խումբ մարդկանց կողմից, որում, բացի կազմակերպիչներից, կրկին ներգրավվեցին հազարավոր մարդիկ: Ողջ տարվա ընթացքում կրկին շարունակվեցին տարաբնույթ քաղաքական հետապնդումներն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամների, համակիրների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ: Հարյուրավոր դատավճիռներով և դատական որոշումներով ապականվեց մեր երկրի դատական համակարգը, ավելի հետ շպրտվեց որպես անկախ իշխանության ճյուղ կայանալուց: Ամնիստիա կոչվող միջոցառման օգտագործմամբ անարդար դատավճիռ կայացվեց քաղաքական նկատառումներով կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր ընդամենը պետք է արդարացվեին, որովհետև որևէ հանցանք չէին կատարել: Չէինք հասցրել ուրախանալ այն հանգամանքով, որ Հայաստանում այլևս չկան քաղբանտարկյալներ, փոխարենն ունեցանք մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, որոնք արդեն մեկ ամսից ավելի է ենթարկվում են պատժի՝ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի: Կառավարության անգործության ու անպիտանության ապացույցն է բյուջեի հաստատումը, Եվրոասոցացման համաձայնագրին միանալու հետ կապված խայտառակությունը, Մաքսային միությանը միանալու անվան տակ երկրի ինքնիշխանության կործանման գործընթացի սկիզբը... Որպես հաջողություններ, որոնք գրանցվել են անցած տարում, կարելի է համարել քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված բոլոր միջոցառումները, դրանց մասնակիցների աշխուժությունն ու հաստատակամությունը և, որ ամենակարևորն է, «ՀայՌուսգազարդին» առնչվող խնդրի առնչությամբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միասնական հանդես գալը: Եվ, բնականաբար, ամենամեծ անհաջողությունը համարում եմ արտագաղթի շարունակականությունն ու իշխող վարչախմբի գործուն մասնակցությունը դրանում»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ