Հայաստանի դատաիրավական համակարգի «դեմքն» ամենևին էլ մարդու իրավունքների պաշտպանը չի բացահայտել: Այդ մասին գիտի Հայաստանի ցանկացած շարքային քաղաքացի, ով գոնե մեկ անգամ առիթ է ունեցել առնչվելու այս ոլորտի հետ: Սկսած «սակագներից» մինչև անօրինական վճիռներ: ՄԻՊ-ի այս զեկույցի համատեքստում շատ «տպավորիչ» պատկեր է ստեղծում նաև արդարադատության խորհուրդը, որն իբր կոչված է «զսպաշապիկի» դեր կատարելու դատավորների վարքագծում և կարգապահական պատասխանատվություն հաստատելու դատական համակարգում: Սակայն, ինչպես պարզվում է, այս օղակն էլ հեռու է կատարյալ լինելուց: Տիկին Արուսյակը, ով մի քանի անգամ դիմել է այս կառույցին, մեզ հետ զրույցում պատմեց, թե ամեն անգամ ստանում է նույն պատասխանը. «Եթե անհամաձայնություններ ունեք, դիմեք վերաքննիչ դատարան»: «Բա ինչի՞ համար եք դուք ստեղծված, եկեք, նստեք-լսեք, թե ինչ խախտումներ են անում դատավորները: Թե՞ եթե դատավոր է, ուրեմն անսխալ է: Ես շատ լավ էլ գիտեմ, թե ուր պիտի դիմեմ, բայց ինձ ձեր կառույցի գնահատականն է պետք: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ վերաքննիչ դատարանն էլ ոչ մի բան չի փոխելու: Բոլորն էլ նույնն են»,- զայրացավ մեր զրուցակիցը, ում որդին դատապարտյալ է, ու ինքը տարիներ շարունակ տարբեր ատյանների դուռն է «թակում», սակայն ապարդյուն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ