Պարզվում է, որ օմբուդսմենների միջազգային համակարգող հանձնաժողովն ուսումնասիրել և եզրակացրել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքներին համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին: Ըստ այդմ էլ՝ օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ ինստիտուտին շնորհել է «A» դասի բարձրագույն կարգավիճակ: Իսկ «A» դասը բարձրացնում է ոչ միայն օմբուդսմենի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Այս կարգավիճակը ստացած Օմբուդսմենները, ըստ տեղեկատվության, հնարավորություն են ստանում բարձրաձայնելու մարդու իրավունքների վերաբերյալ հիմնահարցերը միջազգային ամենաբարձր ամբիոններից:
Թե ինչ են արել պետբյուջեից ֆինանսավորվող Կարեն Անդրեասյանն ու իր ղեկավարած կառույցը ՀՀ քաղաքացիների համար, կարծում ենք, լուսաբանելու կարիք չկա: Կարեն Անդրեասյանի օրոք այս ինստիտուտն աչքի է ընկել միայն գործուղումներով և լրագրողների հարցին տրված ստանդարտ պատասխանով. «Համաձայն օրենքի՝ պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով»: Կարեն Անդրեասյանն իր նախորդներից տարբերվում է նրանով, որ կարողացավ շատ կարճ ժամանակում մոռանալ տալ թե՛ իր, թե՛ ՄԻՊ-ի գոյությունն առհասարակ: ՄԻՊ-ի գործունեության մասին դժվար է այսօր հրապարակումներ, քննադատություն, որևէ կարծիք գտնել հայաստանյան մամուլում:
Համեմատության համար կարող ենք հիշել, թե որքան անխնա էր մամուլը ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի, նրան հաջորդած Արմեն Հարությունյանի նկատմամբ: Լարիսա Ալավերդյանի օրոք, երբ վերջինս պաշտպանում էր Բուզանդի փողոցի տուժած բնակիչների իրավունքները, ԱԱԾ-ը, խախտելով անմեղության կանխավարկածը, ձերբակալել, իսկ այնուհետև կալանավորել էր ՄԻՊ-ի աշխատակից Սերոբ Անտինյանին:
Նույնկերպ քննադատության էր ենթարկվում նաև Արմեն Հարությունյանը, որը խուսափում էր քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց անվանել քաղբանտարկյալներ:
Հանուն ճշմարտության նշենք նաև, որ թե՛ Լարիսա Ալավերդյանը, թե՛ Արմեն Հարությունյանը պարբերաբար հանդես էին գալիս մամուլի ասուլիսներով, հարցազրույցներով, հանրությանը հաշվետու լինում իրենց արած-չարածի համար, և ըստ այդմ էլ՝ արժանանում քննադատության:
Եվրոպական բուհ ավարտած Կարեն Անդրեասյանի մասին գրելիս կարելի է առաջնորդվել միայն «կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» սկզբունքով: Նա մամուլի ասուլիսներ չի հրավիրում, հարցազրույցներ չի տալիս, քանի որ կա՛մ զբաղված է, կա՛մ մեկնել է արտերկիր՝ գործուղման:
Ահա այդ «սկզբունքով» էլ նա կարողացավ գերազանցել նախորդ օմբուդսմեններին և ոչինչ չանելով ստանալ «A» դասի բարձրագույն կարգավիճակ: Փույթ չէ, որ Կարեն Անդրեասյանին ու նրա ղեկավարած կառույցին լուրջ են վերաբերվում արտերկրում, բայց ոչ երբեք՝ Հայաստանում, որի մասին մեր շատ քաղաքացիներ պարզապես մոռացել են:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ