Սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային պողոտայի միջնամասում Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը և 3-4 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ: Դեպքի առթիվ 11.09.2013 թ. ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Վ. Ավետիսյանի մարմնական վնասվածքները վերին շրթունքի սալջարդ վերքի և արյունազեղման ձևով, պատճառվել են բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնցից արյունազեղումը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում, սալջարդ վերքը՝ առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից և ոչ ավել քսանմեկ օրից»: Նախաքննություն շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն