Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ԵԱՀԿ-ում բարձր են գնահատում բանակցությունները շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը»

«ԵԱՀԿ-ում բարձր են գնահատում բանակցությունները շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը»
10.07.2009 | 00:00

«ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ»
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը մասնակցել է Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ-ի 18-րդ նստաշրջանին։ ԵԽԽՎ-ի շուրջ ստեղծված անհասկանալի աղմուկն արհեստականորեն այնքան շահարկվեց, որ հասարակության ուշադրությունը շեղեց ոչ միայն այս վեհաժողովից, այլև քաղաքական մյուս կարևոր խնդիրներից։ Պատվիրակության ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում հանգամանորեն պատմեց նստաշրջանի աշխատանքների մասին, ընդգծելով, որ պատվիրակության կազմում են եղել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։
-Օրակարգում մի ծավալուն հարց էր` ԵԱՀԿ-ի բարեփոխումը և համաշխարհային նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականը,- ասաց Սաֆարյանը։- Նստաշրջանից ընդամենը մի քանի օր առաջ այս թեմայով Կորֆու կղզում տեղի էր ունեցել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպումը, ուստի անհրաժեշտություն կար այն նաև ԵԱՀԿ-ի շրջանակում քննարկելու։ Նստաշրջանի առաջին օրը ԵԱՀԿ ԽՎ ԼՂՀ-ի և Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Գորան Լենմարկերն իր ելույթում անդրադարձավ ԼՂՀ-ի հիմնախնդրին, փաստեց, որ Մինսկի խմբի բանակցություններում առաջընթաց է նկատվում, միաժամանակ հույս հայտնեց, որ այսօր էլ մեծ հնարավորություն կա հաջողությամբ կարգավորելու հիմնախնդիրը, որովհետև առկա են բազմաթիվ նպաստավոր գործոններ։ Ի դեպ, վեհաժողովում թեժ քննարկում ծավալվեց մեծ հետաքրքրություն ներկայացնող վրաց-հարավօսական հակամարտության շուրջ` որպես առավել «թարմ» կոնֆլիկտի։ Չնայած ղարաբաղյան հիմնախնդիրն իր նշանակությամբ ամենևին էլ չի զիջում այդ կոնֆլիկտին, Լենմարկերն ասաց, որ խոսքը ոչ թե սառեցված, այլ չլուծված հակամարտության մասին է։ Հատուկ պետք է ընդգծել նաև Խաչիկ Հարությունյանի առաջարկը, որում փաստվում է, որ տնտեսական զարգացմանն ու ճգնաժամի հաղթահարմանը մեծապես խանգարում է փակ սահմանների առկայությունը։ Հուրախություն մեզ, նրա առաջարկը և՛ կոմիտեում, և՛ նիստում ընդունվեց։ Սրան զուգահեռ, վրացի և ադրբեջանցի պատգամավորները երկու համատեղ նախաձեռնություններով էին հանդես եկել, որոնցով փորձում էին տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանում բացառիկ շահերի գոտիներ ստեղծելու դրույթը ներառել բանաձևում։ Սրա վերաբերյալ ես բավականին խիստ ելույթ ունեցա, և այդ կետը չընդգրկվեց վերջնական փաստաթղթում։ Սա ադրբեջանցի պատվիրակի զայրույթը շարժեց, և նա կրկին անդրադարձավ Հայաստանի կողմից իբր իրականացված ագրեսիայի թեմային։ Կրկին ելույթ ունեցա ու, նախ և առաջ, փաստեցի, որ բանակցությունների այս փուլում Հայաստանի մասին նման տոնով խոսելը ոչ մի արդարացում չունի։ Ադրբեջանցի պատվիրակի առաջարկը վերստին ձախողվեց։ Վեհաժողովի աշխատանքի վերջին օրը Լենմարկերը մեր, վրաց և ադրբեջանցի պատվիրակներին հրավիրեց խորհրդակցության, որին մասնակցում էր նաև ԵԱՀԿ ԽՎ-ում նախագահող Ժոաո Սոարեշը։ -Նման կազմով խորհրդակցության հրավերը փաստո՞ւմ է, որ միջազգային հանրության ուշադրությունը մեծ է մեր տարածաշրջանի նկատմամբ։
-Այո՛, ոչ միայն մեծ ուշադրություն, այլև հետաքրքրություն ենք ներկայացնում։ Սոարեշը տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է շրջագայության մեկնելու Հարավային Կովկաս։ Լենմարկերը հետաքրքիր դիտարկում արեց. Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսել են արևելյան գործընկերության մասին, վերջինս նկատել է, որ դրանում փող կա, և այն էլ` ինչքա՜ն։ Իսկ զեկուցողը հավելել է, թե այդքան կարևոր չէ` ինչքան փող կա, այլ առաջնայինն այն է, որ իրենք Եվրամիության ճանապարհն են բացում իրենց առջև։
-Միջազգային այս կառույցում Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակների աշխատանքը դիտարկելով` հայ դիվանագիտության համար ինչպիսի՞ մարտահրավերներ եք տեսնում։
-ՈՒզում եմ խոսել երկու մարտահրավերի մասին. առաջինը` ադրբեջանցիները չեն թուլացնում քարոզչական ակտիվությունն իրենց խնդիրները շահավետ լուծելու համար` մեկ վայրկյան իսկ չմոռանալով խոսել «ագրեսոր» Հայաստանից և սրանից բխող այլ ածանցյալ թեմաներից։ Երկրորդ` Ադրբեջանը սկսել է խոսել ադրբեջանական համայնքի մասին, որը, իբր, Ղարաբաղի հայերի հետ պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում։
-Ձեր նշած մարտահրավերներից խուսափելու համար հայկական կողմն ունի՞ համապատասխան քարոզչական հակափաստարկներ։
-Այո՛, իհարկե։ Նաև կարծում եմ` անվտանգության խորհրդին առընթեր պետք է ստեղծել բազմակուսակցական խորհրդակցական մարմին, որը կպարզի, թե ինչ փուլում է կարգավորման գործընթացը։ Մենք պետք է շատ ավելի համարձակ լինենք` մեր քարոզչությունն ավելի արդյունավետ, սկզբունքներն ավելի ընդգծված ներկայացնելու համար։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ ԵԱՀԿ-ում բարձր են գնահատում բանակցությունները շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը, ինչը մեր երկրի համար շատ դրական իմիջ է ստեղծում։
-Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ԵԱՀԿ-ում ինչպիսի՞ն էին տրամադրությունները։
-ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է երկխոսությանը։ Չնայած այս գործընթացում առաջընթաց դեռևս չկա, բայց միայն այն փաստը, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն բանակցությունների սեղանի շուրջ են նստել, Հայաստանն էլ ուզում է հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում, մեծ ըմբռնումով է ընկալվել եվրոպական երկրների կողմից։ Հետաքրքիր է նաև, որ թուրքական պատվիրակությունն իր իշխանություններից մեզ հետ ջերմորեն հարաբերվելու հրահանգ է ստացել։ Գուցե նպատակն այն էր, որ աշխարհին ցույց տան, թե Թուրքիան Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունի։
-Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում, ինչպես նշեցիք, բոլորն առաջընթաց են արձանագրում։ Նման հայտարարություններ անելու ի՞նչ հիմքեր ունեն։
-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններն են այդ հիմքը, թե բանակցություններում առաջընթաց կա, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների իրազեկումները։ Բնականաբար, առաջընթացի բովանդակային կետերը չհրապարակելու պայմանավորվածություն կա, ինչն էլ պահպանում են խնդրին իրազեկ կողմերը։
-ՈՒնենալով ԵԽԽՎ-ի պատվիրակության աշխատաոճի օրինակը, հետաքրքիր է` ԵԱՀԿ-ի խորհրդարանական պատվիրակությունն ինչպե՞ս էր գործում։
-Շատ միասնական, թերևս, տիկին Ալավերդյանն էր դժգոհ, որ քվեարկելու իրավունք չուներ, սակայն նա ելույթ ունենալու հնարավորություն ստացավ։ Իսկ կոալիցիայի մաս կազմող ուժերի ներկայացուցիչներն ավելի միասնական էին հանդես գալիս։
-Բացի վերոհիշյալ խնդիրներից, քննարկվե՞լ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին առնչվող հարցը։
-Ո՛չ, բացի Ղարաբաղի հիմնախնդրից ու սահմանի բացումից, Հայաստանի առնչությամբ այլ հարց չի քննարկվել։
-Որպես առանձին քաղաքական ուժ` ԲՀԿ-ն ողջունո՞ւմ է ՀՀ նախագահի վարած այսօրվա արտաքին քաղաքականությունը, հատկապես վերոհիշյալ երկու խնդիրների շուրջ։
-Դեռևս ձմռանն այս հարցերի առնչությամբ քննարկումներից հետո մենք այդ քաղաքականությունը ողջունող հայտարարությամբ հանդես եկանք։ Ես անձամբ վստահում եմ հանրապետության նախագահին ու արտգործնախարարին և նրանցից ժամանակից շուտ բանակցային գործընթացի մանրամասները գաղտնազերծել պահանջելու պատճառ չեմ տեսնում։ Դա կլիներ պայմանավորվածությունների խախտում, ինչը մեզ բոլորովին պետք չէ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ