Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Ծայրահեղ թող չհնչի` ես իմ էությամբ միապետական եմ»

«Ծայրահեղ թող չհնչի` ես իմ էությամբ միապետական եմ»
10.07.2009 | 00:00

«ԹՈՂ ԼՌԵՆ ՈՒ ԷԼ ՉԽՈՍԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ»
«Կտպագրվի՞ «Ցմահ կախաղանը» Հայաստանում, դժվար է ասել: Հեղինակի համոզմամբ, եթե եղանակներ գտնի ու վաղուց ավարտին հասցված գիրքը դնի ընթերցողի սեղանին, այնպիսի զարհուրելի հալածանք ու հերյուրանքի «ցունամի» կսկսվի իր դեմ, որ ստիպված կլինի ոչ թե մարդավարի հեռանալ այս երկրից, ինչի «ցրցամն» արդեն տվել է, այլ ժամ առաջ փախչել` առաջին իսկ հարմար ինքնաթիռով»:
Մեջբերումը մեր թերթի այս տարվա թիվ 16-ում տպագրված «Ցմահ կախաղան» հրապարակումից է, ինչի շարժառիթը մարտի 5-ին «Իրավունք de facto» ակումբում գրող Վահրամ Սահակյանի ասուլիսն էր` նույն գրքին և, ընդհանրապես, ճանաչված արձակագրի հետագա ծրագրերին առնչվող թեմաներով:
Անցել է չորս ամիս, և քանի որ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆՆ առաջին իսկ պատահած ինքնաթիռով ժամ առաջ դեռ չի փախել Հայաստանից, ուրեմն, չի էլ հաջողվել եղանակներ գտնել ու «Ցմահ կախաղանը», որը, ի դեպ, վերանվանել է «Հավերժ կախաղան», դնել ընթերցողի սեղանին: «Հովանավորնե՞ր չունես, թե՞ խանգարողներ կան»,- հարցրինք:
-Նախ` ես չեմ սիրում ամեն տեսակի կասկածելի հովանավորների: Երկրորդ` նախկինում գիրքը գրվում էր, CD-ով միանգամից տանում էի տպարան, իմ միջոցներով շատ արագ տպագրում,- ասաց:- Հիմա էլ կարող եմ ինչ-որ կերպ իմ միջոցներով տպել, բայց դրանից հետո, տպագրության ծախսերը վերջնականապես փակելու համար, ստիպված եմ լինելու գիրքն առնվազն 6 հազար դրամով վաճառել, ինչը ո՛չ ինձ է ձեռնտու, ո՛չ մեր ընթերցողների «ծակ» գրպանին: Մեզ մոտ, մեր պայմաններում գիրքը պետք է թանկ չլինի, դե, չեմ ասում` մի տուփ ծխախոտի գնի լինի, բայց 1000-1500 դրամից էլ ո՛չ ավելի, որ գրեթե բոլոր ցանկացողները կարողանան կարդալ և առաջին հերթին` ուսանողությունը: Թե չէ հենց հիմա ես կարող եմ մի «ստից» բան ծախել (ֆոտոկամերա, համակարգիչ, չգիտեմ), մի հինգ հարյուր օրինակ տպել, թող գնա կորչի: Բայց խնդիրն էն է, որ շատ եմ աշխատել վրան, չգիտեմ, կարծում եմ, որ այն շատ անհրաժեշտ է մարդկանց: ՈՒզում եմ, որ շատերը կարդան:
-Խանգարողնե՞ր կան:
-Խանգարողներ միշտ կան և այն թյուր կարծիքն են ուզում ստեղծել դեռ չտպագրված գրքի շուրջ (մի քանի հատված ես տեղադրել եմ ինտերնետում), թե այն ոչ մեկին պետք չէ, վտանգավոր է: Ինձ նույնիսկ թվում է, որ ոմանք ուղղակի արգելք են դրել վրան, քանզի մի երկու տպարան տարա, չգիտես ինչու, առանց կարդալու ասացին, որ իրենց մոտ չեն տպի: Ինչ վերաբերում է հովանավորներին, ես չէի ուզի` որևէ մեկի անունը գրվեր իմ գրքի վրա: Առաջին հերթին դա կարող է ինչ-որ ձևով վնասել հենց տվյալ մարդուն, բայց ո՛չ այն պատճառով, որ գիրքը «վտանգավոր» է, ճիշտ հակառակը, պետության շահերն է ներկայացնում, ո՛չ թե իշխանության կամ ընդդիմության: ՈՒղղակի կան թե՛ ոճական, թե՛ գաղափարական որոշ խնդիրներ, որոնք կատաղության են հասցնում շատ շատերին: Ըստ իս, դրանց պետք է տանել անասնաբույժի մոտ, որ կատաղության դեմ պատվաստում կատարեն: Դրանից հետո նրանք ավելի ցածր են հաչում:
-Եթե գիրքը պետության շահերն է ներկայացնում, գուցե, հենց պետական որևէ շահագրգիռ կառույցի էլ դիմե՞ս` տպագրության ծախսերը «պետպատվերի» շրջանակներում հոգալու խնդրով:
-Ոչ միայն ես, այլև ընկերներս, գործընկերներս են դիմել: Կառավարությանը: Հրապարակի ժամացույցի շենքը գիտե՞ք...
-Ե՞վ:
-Դե, ի՞նչ ասեմ, խոստացան մի շաբաթում գործը գլուխ բերել, անցել է մեկ ու կես ամիս` ու ոչ մի ձայն:
-«Հավերժ կախաղանում» իշխանություններին էլ ես «ձեռի հետ կախաղան բարձրացնում», ինչո՞ւ պիտի ձայն հանեն: Պարզ չի՞, որ չեն ուզենա իրենց մասին թթու խոսք ասող հեղինակի գիրքը պետական միջոցներով առոք-փառոք դնել ընթերցողի սեղանին:
-Եթե նրանք գիրքը չեն կարդացել, ի՞նչը ուզենան կամ չուզենան: Երևի ինչ-որ բան են հասցրել… Իսկ գուցե և` ոչ, չեմ կարող հաստատ ասել:
-Բա ո՞նց պիտի լինի:
-Չգիտեմ: Ես որ ելք չեմ տեսնում: Իսկ ուզածս շատ էլ մեծ բան չէ, ինձ պետք է, որ մարդիկ կարդան գիրքը, որը հայրենասիրական լուրջ գործ է: Ամեն ինչ կա էնտեղ` սեր, հավատարմություն, ատելություն, հացի ու հոգու փնտրտուք, բայց հիմնական թեման վերագտած պետականությունը պահելու, կայացնելու գաղափարն է և արցախյան պատերազմը: Այսինքն, 88-ից սկսած մերօրյա կյանքն է, գրել եմ այն, ինչն իմ աչքերով եմ տեսել: Բոլորս ենք տեսել, ընկալումն է տարբեր: Եթե հատվածներ էլ կան գրքում, որտեղ ես մի քիչ ավելի եմ զայրացած (այն էլ ամեն տեսակի խառնակիչների և իրենց զոհի տեղ դնողների, իրար «դավաճան» ասողների վրա), և դա ոմանց դուր չի գալիս, կնշանակի, որ, իրոք, հաստատ այս պետության մեջ ապրել ընդհանրապես հնարավոր չէ:
-Մարտի 5-ի ասուլիսում էլ էիր ասում` էս պետության մեջ ապրել հնարավոր չէ, բոլոր կողմերից թունավորում են, մաղձ ու լուտանք թափում:
-Ահավոր է, երբ քիչ թե շատ ստեղծագործող մարդը միանգամայն հիասթափվում է մարդ արարածից ընդհանրապես: Ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ վերջինը: Ստում են գրեթե բոլորը: Դա նրանց համար ամենօրյա զբաղմունք է։ Զզվելի է դառնում ամեն ինչ։ Ճիշտ են ասում` եթե մերձավորները մտածում են ձեր մասին, միայն նրա համար, որ տանջահար անեն ու վերջ: Նրանց, ստորներին, դուք հետաքրքրում եք միայն արյունոտված վիճակում։
-Բայց կարող էիր, չէ՞, որևէ մեկենասի միջոցներով գիրքդ տպագրել։
-Ես կուզենայի, որ պետությունը մեկենասի դեր ստանձներ: Առաջին հերթին դա իրենց է ԱՆՀՐԱԺԵՏ... Կյանքում ո՛չ հովանավոր եմ ունեցել, ո՛չ էլ ուզեցել եմ ունենալ: Մենք մեր ուժերով շատ մեծ դժվարությամբ մեր գործն արել ենք, փառք Աստծո:
-Ասում էիր` եթե Հայաստանում չկարողանամ «Ցմահ (հավերժ) կախաղանը» տպագրել, մշտական բնակության եմ մեկնելու Ամերիկա, էնտեղ կտպագրեմ: Հիմա գնո՞ւմ ես, թե՞ չես գնում:
-Տվյալ պահին ես անշարժացել եմ: Կյանքում միշտ էլ կարելի է ելք գտնել, բայց միշտ չէ, որ այդ ելքը ձեռք է տալիս մարդուն:
-Ամենալավ գո՞րծդ ես համարում «Հավերժ կախաղանը»:
-Էդ հարցին չեմ կարող պատասխանել: Ժամանակը ցույց կտա: Մինչև տպագրված վիճակում ինքս ծայրից ծայր չկարդամ, չեմ կարողանա համեմատել նախկին գործերի հետ: Պարզապես, ոնց ասեմ, սկզբում զարմացած էի, իսկ հիմա շատ վիրավորված եմ, որ էսօրվա օրով, իմ երկրում էսքան աշխատելուց հետո (մեծամտություն չհամարեք), ես մի փոքր գիրք չեմ կարողանում տպագրել: Եվ ամաչում եմ: Մութուցուրտ տարիներին չլքեցի երկիրը` համարելով դա դավաճանություն, էսօր ուրիշ ելք չեմ տեսնում, որովհետև չեմ ուզում ու չեմ կարող թույլ տալ, որ իմ հողի վրա ինձ փորձեն ստորացնել: Եթե անհրաժեշտ լինի` ինքս կստորացնեմ մինչև անսահմանություն: Բայց արժե՞ արդյոք: Ես չեմ կարող անեկդոտ պատմող դառնալ, չեմ կարող հիմար սցենարներ գրել: Ես գիրք պիտի գրեմ: Գիրք գրելով էլ, անգամ եթե կարողանամ տպել, ապրել հնարավոր չի, «մի կոֆեի» փող է մնում քեզ: ՈՒրեմն, ավելի լավ չի՞, որ ես իմ «գրդոնը», եթե դա «գրդոն» է, անեմ դրսում: Ես բազմաթիվ «կողմնակի» մասնագիտություններ ունեմ` խոհարար, տեսամոնտաժող, համակարգչի մասնագետ…
-Ավելի լավ կլինի` գիրքդ Հայաստանում տպվի, դու էլ դրսերում «գրդոն» չանես:
-Հա, լավ կլինի, բայց ես ժամանակային խնդիր էլ ունեմ, որովհետև գիրքը պիտի ներկայացվի մարդկանց, ինչպես բեմադրությունն է ներկայացվում: Բա ինչո՞ւ են շնորհանդես անում: Արդեն տևական ժամանակ է` մարդիկ փողոցում ինձ կանգնեցնում, հարցնում են` ե՞րբ է գիրքդ տպվելու, որ կարդանք: Նույն բանը հեռախոսով են հարցնում, ինտերնետով, SMS-ով: Ասում էի` այս ամիս, որովհետև վստահեցրել էին, որ մեկ ամսում հարցը կլուծվի: Պարզվում է` չի լուծվի: Երևի, շատ ավելի կարևոր հարցեր կան կառավարության համար: Ես գիտեմ, որ կան, բայց նաև չեմ կարծում, որ մի գիրք տպելը կառավարության համար էդքան բարդ հարց է: Այլապես թող լռեն ու այլևս չխոսեն գրականության, արվեստի կարևորության մասին: Կրկնում եմ ու կարծում եմ, որ շատերը գիտեն. ես երբևէ ոչ մեկի կողմից չեմ եղել: Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության: Ոմանք պետությունը խառնում են իշխանության հետ, իսկ ես պաշտպանել եմ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ հասկացությունը: Ծայրահեղ թող չհնչի` ես իմ էությամբ միապետական եմ: Հենց էդպես: Ինչպես որ ասում են` կայսրը պիտի որոշի ամեն բան, ոչ թե ամեն տեսակի մշտապես դավադիր ծերակույտերը, ընդդիմադիրները, բրուտոսները, կասիոսներն ու ցիցերոնները: Բայց մեզ մոտ բոլորը կայսրեր են... «Մեա կուլպա»-ում ո՞նց էր ասվում. «Ո՞վ է տեսել տասը միլիոն Նապոլեոն»: Բոլորը կարծիք են հայտնում, խառնվում են իրենց բնավ չառնչվող խնդիրների: Ես համոզված եմ, որ եթե գիշերները Մալաթիայի շուկայի ճխլված պոմիդորները հավաքող-ուտողներից մեկին նշանակեն, ասենք, թաղապետի «ախրանի» պետի ավտոյի «պարբրիզը» լվացող, նա միանգամից իր կարծիքը կարտահայտի Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր դիրքորոշման մասին, իմ գրքի առնչությամբ էլ կասի` չի կարելի թույլ տալ տպագրության:
-Եվ վերջո՞ւմ։
-ՈՒզում եմ ասել` թող ոչ մի միաբջջի չթվա, թե ես սեփական շահեր ունեմ, փիար եմ անում և այլն: Էլի եմ կրկնում` ԻՆՁ ԱՆՁԱՄԲ ՈՉԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ: ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԿԱՐԴԱՆ ԳԻՐՔԸ: ԱՅՍՔԱՆ ԲԱՆ:
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը