ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Այլանդակ ճշմարտությունը Քրդական հարցի և… Հայկական հարցի մասին(«Թդեյս Զաման», 31 հուլիսի 2009 թ.)

Այլանդակ ճշմարտությունը Քրդական հարցի և… Հայկական հարցի մասին(«Թդեյս Զաման», 31 հուլիսի 2009 թ.)
07.08.2009 | 00:00

Ե՛Վ ԹՈՒՐՔԵՐԸ, Ե՛Վ ՔՐԴԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԵՐԵՍՎԵՆ ՀԱՅՈՑ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ
ՕՐՀԱՆ ՔԵՄԱԼ ՉԵՆԳԻԶ
Եթե մենք կարողանայինք անկաշկանդ քննարկել Հայկական հարցը, եթե կարողանայինք առերեսվել Հայոց ողբերգությանը, Քրդական հարց գոյություն չէր ունենա:
Մենք հեռու ենք Հայկական հարցը հասկանալուց և, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք, արդյոք, մոտ լինել Քրդական հարցի լուծմանը:
Այս հարցին պատասխանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է առաջացել Քրդական հարցը: Ե՛վ Հայկական հարցի, և՛ Քրդական հարցի դեպքում գործել է «խնդիրների լուծման» պետական նույն մտածողությունը. բնակչության տեղահանումներ, հարկադիր տարհանումներ և վայրագություններ քաղաքացիական բնակչության դեմ:
Բոլոր այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: «Խնդիրների լուծման» նույն պետական մտածողությունն է առաջացրել այն խնդիրը, որը փորձ էր արվում լուծել: Սկզբում Քրդական հարցը շատ պարզ լուծում ուներ: Կար փոքրածավալ զինված խումբ (ՔԲԿ-ն կամ «Քրդական բանվորական կուսակցությունը»), որն անկանոն հարձակումներ էր իրականացնում անվտանգության ուժերի դեմ: Քրդերի մեծ մասին ՔԲԿ-ն դուր չէր գալիս: Սակայն շատ քրդեր նաև ցանկանում էին, որ իրենց ճանաչեն որպես քուրդ, ցանկանում էին պահպանել իրենց մշակույթն ու ապրել դրանով, խոսել իրենց լեզվով և այլն:
Այդ ժամանակ Քրդական հարցում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը (որը հիմնականում թելադրվում էր բանակի կողմից) շատ կարծր էր: Ըստ այդ «ընկալման»` գոյություն չունեին քրդեր, գոյություն չուներ քրդական լեզու: Քրդերը «լեռնաբնակ թուրքեր» էին: Նրանց քուրդ էին անվանում այն ձայնի պատճառով, որ գալիս էր, երբ նրանք քայլում էին ձյան վրայով` «քարթ» կամ «քուրթ»: Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն քրդերենի և թուրքերենի միջև տարբերությունը, ասեմ, որ դրանք մոտավորապես նույնքան նման են իրար, որքան չինարենն ու անգլերենը: Այնպես որ, Քրդական հարցի պաշտոնական ընկալումը զավեշտի էր նման: Եթե չիմանայինք, թե ինչպիսի տառապանքներ են կրել քրդերն այս «անխոհեմ» մոտեցման պատճառով, կարող էինք նույնիսկ ասել, որ թուրքական պետությունը չոր հումորի զգացում ունի, քանի որ ստեղծել է «լեռնաբնակ թուրքեր»-ի այս գաղափարը: Բայց դա կատակ չէր, և հարցի այսպիսի ընկալումը ևս մեկ անգամ մարդկային լուրջ ողբերգության պատճառ դարձավ Անատոլիայում:
1980 թ. զինված հեղաշրջումից հետո Դիարբեքիրի բանտում քուրդ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը բեկումնային դարձավ: Այս բանտում պահվող քրդերի հանդեպ վատ վերաբերմունքն ու խոշտանգումները դուրս էին մարդկային երևակայությունից: Դիարբեքիրի բանտը նման էր նացիստական համակենտրոնացման ճամբարի: Բանտարկյալներն այնքան էին տառապում, որ ազատվելուց հետո գրեթե բոլորը գնում էին լեռներ` համալրելու «Քրդական բանվորական կուսակցության» շարքերը: Մարդկանց ձերբակալում էին նույնիսկ Քրդական հարցի վերաբերյալ խաղաղ մտքեր արտահայտելու համար: Չափազանցություն չէր լինի ասել, որ հենց Դիարբեքիրի բանտն է դարձրել «Քրդական բանվորական կուսակցությունն» այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր: Այդ «վրդովված» զինյալներին իր շարքերն ընդունելով` «Քրդական բանվորական կուսակցությունը» զգալիորեն ավելացրեց իր հարձակումների թիվը: Թուրքական անվտանգության համակարգը սկսեց այս «նոր երևույթը» կարգավորելու նոր ուղիներ փնտրել և բռնություններն ավելացնելու մտքին հանգեց (ինչը, իհարկե, զարմանալի չէր): Ստեղծվեց «ահաբեկիչների դեմ նրանց իսկ մեթոդներով պայքարելու» գաղափարը: Հրի մատնվեցին քրդական գյուղեր. 3000 գյուղ ավերվեց: Թուրքական «խորքային պետության» ստեղծած հրեշը` JITEM-ը (թուրքական ժանդարմերիայի հատուկ ծառայություն), ավելի քան 17000 մարդու կյանք խլեց: Մարդկանց առևանգում էին օրը ցերեկով, իսկ հետո նրանց մարմինները նետում էին փողոց, կամուրջների տակ և ջրհորների մեջ: JITEM-ի առևանգած ոչ մի մարդ կենդանի չէր վերադառնում: Սարսափը, որ նրանք ստեղծում էին, ինչպես որ Դիարբեքիրի սարսափը, ավելի ու ավելի շատ զինյալներ էր ուղղորդում դեպի «Քրդական բանվորական կուսակցություն»:
Ե՛Վ թուրքերը, և՛ քրդերը պետք է առերեսվեն Հայոց ողբերգությանը, որը նրանք միասին են առաջացրել: Եթե քրդերն սկսեն հասկանալ այդ ողբերգությունը, նրանք կազատվեն այն պատրանքից, թե իրենք միակ ժողովուրդն են, որ երբևէ տառապանք է կրել Անատոլիայում: Եթե նրանք հասկանան հայոց ողբերգությունը, ու թե ինչպես է «խորքային պետությունն» այն ժամանակ օգտագործել քրդերին, նրանք շատ ավելի համեստ ու նվազ ազգայնական կլինեն: Մենք պետք է շատ հարցեր բարձրացնենք: Յուրաքանչյուր պատասխան կծնի նոր հարցեր: Սա շատ ցավոտ գործընթաց է: Որևէ մեկը պատրա՞ստ է, արդյոք, այդքան խոր հարցադրումների: Չեմ կարծում: Մինչև նման հարցադրումներ չանենք, մեր կայացրած որոշումներն անխուսափելիորեն մակերեսային ու կարճաժամկետ կլինեն: Եթե հասկացած լինեինք Հայոց ողբերգությունը, մենք չէինք ներքաշվի Քրդական հարցի մեջ: Քանի դեռ կասկածի տակ չենք առել մեր անցյալը, որոշ մարդիկ կփորձեն կրկին վերականգնել «խորքային պետությունը», ոմանք էլ ապագայում կփորձեն վերահիմնել «Քրդական բանվորական կուսակցությունը»: Ամեն ինչ կախված է այս ահավոր կառույցների բարոյական հիմքերը խարխլելուց, իսկ դա կախված է անցյալում կատարված ամեն ինչի հետ անկեղծորեն առերեսվելուց: Կարո՞ղ ենք, արդյոք, սկսել:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի արտասահմանյան մամուլի տեսություն էջից

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ