Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բաժակաշառ

Բաժակաշառ
03.09.2024 | 12:42

- Ամոթ չէ՞ր, այ մարդ, ինչո՞ւ հրաժարվեցիր սեղանը կառավարելուց: Դու հրաժարվեցիր ու բոլորը իրարից առաջ ընկնելով սկսեցին թամադայություն անել:

- Էդպես էր պետք: Համ էլ ցածր խոսա:

- Ախր ձեր կոլեկտիվի քեֆերին միշտ դու ես սեղանները կառավարել: Տեսա՞ր՝ չորս կողմից ասում էին ,,բարով կառավարես,, իսկ դու մերժեցիր ու նույնիսկ շեֆիդ խոսքը գետնով տվեցիր: Ի՞նչ է պատահել քեզ:

- Այ կնիկ, սեղանը կկառավարեմ է, բայց սեղան կառավարելու ռիսկերը ո՞նց կառավարեմ:

- Ի՞նչ ես խոսում: Ի՞նչ ռիսկեր:

- Տես, էս երկու ժամ ա ո՞ւր են քո ասած թամադաները: Սեղանի շուրջը էլ ոչ մի տղամարդ չկա:

- Դե, մարդիկ կարող ա զուգարան են գնացել:

- Երեսուն հոգին էլ իրար հետ զուգարան ե՞ն գնացել: Էդքան ա՞ խելքդ:

- Բա ո՞ւր են:

- Ա՛յ իրենց թամադայի տեղ էին դրել, դրա համար էլ բոլորին տարան:

- Ո՞ւր տարան: Ինչի՞ համար տարան: Մարդիկ ընդամենը բաժակաճառեր էին ասում, շեֆին ուղղված բարի մաղթանքներ:

- Դրանք բաժակաճառ չէին է, բաժակաշառ էին, ամեն մեկի մեջ լիքը հանցակազմ՝ տասը տարուց մինչև ցմահ:

- Վախեցնում ես, չեմ հասկանում՝ ինչ ես ասում:

- Լավ հլա հիշիր՝ առաջին թամադան մինչև անհետանալը ի՞նչ կենաց ասեց:

- Դե, ինչքան հիշում եմ, մարդը շեֆին կամեցավ լիքը հնարավորություններ, որ շուտափույթ հիմնարկը նորոգի, մեքենաները փոխարինի նորերով ու շատացնի, գույքն էլ թարմացնի: Ի՞նչ հանցակազմից ես խոսում:

- Տեսնո՞ւմ ես, որ բան չես հասկանում: Էդ կենացով ապուշը ոտնահարեց ,,Գնումների մասին,, ՀՀ օրենքը: Հիմնարկը նորոգելու, ավտոներն ու գույքը թարմացնելու համար նախ մրցույթ պիտի կազմակերպես, ու էդ ամենը ոչ թե շուտափույթ, այլ մի քանի եռամսյակում:

- Այ քեզ բան: Մտքովս չէր անցել... Բայց սպասի. երկրորդ թամադան էլ հո անմեղ կենաց էր ասում: Դրա՞ն խի տարան:

- Ի՞նչն էր անմեղ:

- Չես հիշո՞ւմ, շեֆին մաղթեց կանաչ ու անսահման երկար ճանապարհ:

- Որովհետև դա ավելի մեծ ապուշ ա:

- Ախր ինչի՞:

- Շարժի ուղեղդ: Չգիտե՞ս, որ մեր շեֆն իրա փողերի մեծ մասը ասֆալտի մեջ ա լվանում:

- Է հետո՞: Կենացն ի՞նչ կապ ուներ դրա հետ:

- Ուրեմն իմացի: Ասֆալտը բարակ են անում ու անորակ: Մի երկու շաբաթից ճաքճքում ա, ճաքերից խոտը դուրս ա գալիս, ու որ խոտը շատանում ա՝ ասֆալտը դառնում ա կանաչ ճանապարհ: Էդ ապուշը ավելի երկար կնստի:

- Ինչի՞:

- Եթե մենակ մաղթեր ,,կանաչ ճանապարհ,, հլա ոչինչ, բայց էդ ,,անսահման երկարի,, պատճառով անսահման երկար կտան: Համարյա՝ ցմահ:

- Այ քեզ փորձանք: Նոր եմ հասկանում՝ ուր կորան բոլոր տղամարդիկ: Հիմա հիշում եմ ասված կենացները, բոլորն էլ փողի, բիզնեսի, տարածքների ու տների մասին էին:

- Լավ ա, որ հասկացար, բայց շատ ցածր խոսա:

- Այ մարդ, բա էն վերջին կենացը, որ ձեր երեսուներորդ ընկերն ասաց: Ախր դա մեր պապերի սիրած կենացն էր: Հիշո՞ւմ ես, որ վերջում էլ երգեց, ոնց լաց եղանք:

- Հլա հիշացրու, էդ ո՞րն էր:

- Էն, որ առաջարկեց մեր մեծ հայրենիքի կենացը: Ցանկացավ, որ մեր հողերը հետ բերենք, ու վերականգնվի Ծովից-ծով Հայաստանը: Վերջում էլ երգեց՝ Անցնինք Սասուն, մդնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Հրով լինի, սրով լինի, անմահ Գետաշեն:

- Դա մեր միջի ամենաապուշն ա: Դրան ոչ թե մեր Անվտանգությունը տարավ, այլ Ամերիկայի:

- Էդ ո՞նց: Դրա հանցակա՞զմը որն ա:

- Դրա հանցակազմը մեր օրենսդրության մեջ չի: Միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների մեջ ա:

- Այսի՞նքն:

- Դա Ծովից-ծով ասելով ու երգելով սպառնում էր Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի ու Եթովպիայի տարածքային ամբողջականությանը:

- Դաաա... Բա Եթովպիա՞ն ինչ կապ ունի:

- Դու դրան լավ չես ճանաչում: Քսանինը բաժակ խմելուց հետո ցնդում ա ու Հայաստանի սահմանները հասցնում ա մինչև Աֆրիկայի չոլերը: Էն մյուսների բախտը բերեց, գոնե մեզ մոտ կնստեն: Իսկ էդ ապուշը մի քանի երկրում կնստի, ու ամեն երկրում՝ ցմահ:

- Խեղճ մարդ: Լավ, բա ձեր շե՞ֆը ուր ա: Նա էլ հո կենաց չէ՞ր ասում: Մենակ լսում էր:

- Ամենավատը շեֆի վիճակն ա: Նա միանգամից երեսուն հոդվածով կնստի:

- Ինչի՞:

- Չես հասկանո՞ւմ՝ բոլոր երեսուն կենացներն էլ նրան էին նվիրված:

- Այ մարդ, շատ եմ անհանգստանում: Բայց մի րոպե. ահագին ժամանակ ա, որ շեֆի պառավ ծնողներն էլ չեն երևում: Սեղանի գլխին նստած էին, չէ՞:

- Նրանց էն ցնդած տնտեսվարի կենացի վրա տարան:

- Ինչի՞ համար:

- Բա ծնողների կենացի վրա չասե՞ց, որ շեֆը երեխա ժամանակ սնվել ա ծնողների ապտակով, դրա համար էլ կարգին մարդ ա դառել:

- Որ ասեց՝ ի՞նչ:

- Դա նշանակում ա, որ ծնողները անընդհատ չափալախել են էրեխուն: Իսկ էրեխու իրավունքները հիմա ամենախիստ ձևով են պաշտպանվում:

- Բայց մի հիսուն տարի առաջ են չէ՞ չափալախել:

- Դա ծանրացնող հանգամանք ա, ավելի շատ կնստեն:

- Ինչի՞:

- Որովհետև հանցանքը հիսուն տարի թաքցրել են:

- Այ մարդ, սիրտս վախից ճաքում ա: Ախր սեղանի շուրջը մենակ դու ես մնացել տղամարդկանցից: Հիմա ի՞նչ ենք անելու:

- Մի խառնվի իրար: Հիմա ամենակարևոր պահն ա: Ուշադիր լսի ու ասածներս արա: Էն չալաղաջի ամանը տեսնո՞ւմ ես:

- Հա:

- Իսկ ամանի կողքի էն փոքր կլոր սև բանը տեսնո՞ւմ ես:

- Հա, սև խավիարի հատիկ ա, ընկել ա սփռոցին:

- Ուղեղդ ա սև խավիարի հատիկ: Դա ժուչոկ ա: Ձեռքդ երկարացրու՝ իբր չալաղաջ ես վերցնում ու բթով էդ սև բանը թաքուն լղճի: ... Լղճեցի՞ր:

- Հա, բայց քիչ մնաց ուշքս գնար:

- Հիմա էն կողքի ամանից քյուֆթա վերցրու ու թաքուն էն կարմիր հատիկն էլ լղճի:

-... Լղճեցի, բայց էլ չեմ դիմանում: Հիմա վախից հետ կտամ: Կամ՝ կնվաղեմ: Կամ կնվաղեմ, հետո հետ կտամ:

- Սպասի, հլը գործ կա: Էն կովի քյալլեն տեսնո՞ւմ ես:

- Ոնց չեմ տեսնում, կեսը ես եմ կերել:

- Զգույշ շուռ տուր, իբր ուզում ես մյուս կեսն էլ ուտես ու տակի էն մեծ կլոր բանը թաքուն կուլ տուր:

- Տեսա, բայց դա զեյթուն ա ու լավ էլ մեծ ա: Չի լինի՞ ծամեմ:

- Ոչ մի դեպքում: Հենց ծամեցիր, տնով-տեղով կկորենք: Միանգամից կուլ տուր: ... Կուլ տվեցի՞ր, ապրես:

- Այ մարդ մեռա է:

- Սպասի հլա: Շշերի միջից էն չորրորդը տեսնո՞ւմ ես:

- Հա, դրանից փորձել եմ, Լֆիկ ա:

- Վերցրու, էդ մեծ բաժակը լցրու ու քաշի գլուխդ:

- Ինչի էդ էլ ա՞ ժուչոկ:

- Չէ, տեղական արաղ ա:

- Չի լինի՞ էն կողքի թանկ շշից խմեմ:

- Չէ՛, այ կնիկ: Էդքան ժուչոկ ես կերել, պիտի մենակ տեղական խմես, որ էդ ամենը քայքայվի:

- Չհասկացա, էլի ե՞մ ժուչոկ կերել:

- Բա կարծում ես էն հավ ու ճիվը, սիրտ ու թոքը, փոր ու փսորը սիրուն աչքերիդ համար էի՞ն դեմդ դրել:

- Էդ բոլորը ժուչոկ էի՞ն:

- Բա ինչ էին:

- Հիմա կմեռնեմ:

- Չես մեռնի:

- Հետ կտամ:

- Ղալաթ կանես: ... Խմեցի՞ր:

- Հա:

- Դե հիմա վեր կաց, որ թաքուն հեռանանք:

- Ո՞նց հեռանանք, ախր ընկերներդ չհասցրեցին կանանց կենացը խմել: Չես տեսնո՞ւմ ոնց են կնանիք անընդհատ էդ մասին խոսում ու քեզ նայում: Դու էլ քեզ էշի տեղ ես դնում:

- Դրա վախտը չի, կնիկ: Ուզում ես ինձ էլ տանե՞ն:

- Անհարմար ա, այ մարդ: Ամբողջ կյանքում երեսով են տալու: Համ էլ կանանց կենացի համար ինչի՞ պիտի տանեն:

- Հենց իմ կնիկը պիտի՞ էսքան ապուշ լիներ: Դա ամենավտանգավոր կենացն ա:

- Ո՞նց է, ախր:

- Էդ կենացով չպիտի՞ կանանց գովքը անեմ:

- Է հա:

- Չպիտի՞ գովեմ դրանց գլուխը, ոտը, դոշը:

- Ոտ ու դոշ ես գովել՝ գլուխդ կջարդեմ ու ոտդ... դոշիցդ կպոկեմ:

- Լավ, գոնե դրանց բոյ ու բուսաթը պիտի՞ գովեմ:

- Ասենք թե՝ հա:

- Հա ու ջան: Էդ հոդվածը կոչվում ա ,,սեռական ոտնձգություն: Գիտե՞ս դրա համար ինձ բերդում ինչ կանեն:

- Վայ քոռանամ ես: Բայց սրանք ձեռ քաշողը չեն: Դու էլ էնպես ասա, որ մեջը բոյ ու գլուխ չլինի: Դե վե՛ր կաց: Տես՝ ոնց են աչքները չռել:

- ... Լավ... ըհը՛... Հարգելի կանայք... ես չգիտեմ ոնց կլիներ առանց ձեզ... առանց ձեզ... որովհետև... որովհետև...

- Որովհետև ի՞նչ...

- Համբերեք, կանայք, շատ ինքնատիպ սկսեց...

- Ինչ հետաքրքիր է...

- Դե ասացեք, որովհետև ի՞նչ:

- ... որովհետև...

- Շարունակե՛ք վերջապես:

- ... որովհետև առանց ձեզ դեռ չի եղել:

..................

..................

- Կենացդ գլխիդ կպնի...

- Քո ինքնատիպ գլուխը հողեմ...

- Անտեր շուն...

- Կնի՛կ, ուշադրություն մի դարձրու դրանց ասածներին: Հիմա ես մազից եմ կախված:

- Էդ ի՞նչ ասիր այ մարդ: Ինձ խայտառակ արիր: Ուզում ես մեռնե՞մ:

- Չէ, հաշվի մինչև հարյուրը: Շո՛ւտ արա:

- Ինչի՞ մինչև հարյուրը:

- Եթե մինչև էդ ինձ չտարան, ուրեմն էլ չեն տանի:

- էլի ինձ լեղաճաք ես անում:

- Ասում եմ՝ հաշվի... բայց... սպասի... ոնց որ փրկվեցինք: Էլ մի հաշվի:

- Ինչի՞ց իմացար, որ փրկվեցինք:

- Էդ դիմացդ նստած չալպուտուրիկին տեսնում ե՞ս՝ ոնց ա հիասթափված նայում վրես:

- Ինչի՞ ա չալպուտուրիկ, շատ էլ բարետես կին ա:

- Մեկ էլ մերդ էր բարետես կին: Դա լավ ներկած տրանսգենդեր շպիոն ա: Եթե հիասթափված ա նայում վրես, ուրեմն կենացիս մեջ հանցակազմ չի գտել:

- Վայ թաղեմ դրա ազիզը: Բա հիմա ի՞նչ պիտի անենք:

- Հիմա ես կամաց դուրս կգամ, իսկ դու էն ամանի ծայրի մոժոժը...

- Լղճե՞մ:

- Չէ՛:

- Ծամե՞մ:

- Ո՛չ մի դեպքում: Կուլ տուր ու հետևիցս արի:

ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐ

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 9037

Մեկնաբանություններ