Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ողջ ճշմարտությունը 2021-ի մասին կամ մի «կրելու» պատմություն

Ողջ ճշմարտությունը 2021-ի մասին կամ մի «կրելու» պատմություն
10.04.2024 | 21:06

Իմ լավ բարեկամ Էդգար Ղազարյանը միանգամայն ճիշտ է ասում, որ հետպատերազմյան շոկային ֆոնին ծայրահեղ սխալ որոշում էր 2021թ-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
Բայց դրա անցկացման որոշման պատասխանատվությունն արդար չէ բարդել այդ օրվա խորհրդարանական ընդդիմության՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» վրա:
Հիշենք, որ այդ օրերի ներքաղաքական դիմակայության գիծն անցնում էր Նիկոլ Փաշինյան- Ռոբերտ Քոչարյան հակադրությամբ. առաջինը պարտված իշխանության ղեկավարն էր, երկրորդը փողոցում ծավալվող շարժման ոչ պաշտոնական առաջնորդը:
Փաշինյանի պարագայում ամեն ինչ պարզ է. նրան ընտրությունները պետք էին, որպեսզի «մարսի» 44-օրյա պատերազմի պարտությունը և լեգիտիմացնի իր իշխանության երկարաձգումը՝ առնվազն մինչև 2026-ը: Այս առումով Էդգար Ղազարյանը միանգամայն ճիշտ է:
Բայց ո՞վ է «օգնել», որ Փաշինյանը իրականություն դարձնի իր օրակարգը:
2021-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, խորհրդարանական ընդդիմությունը, մեղմ ասած, խանդավառված չէին արտահերթ ընտրությունների գաղափարով և առաջարկում էին Փաշինյանին հեռացնելու այլ քաղաքական տարբերակներ: Բայց այլ էր Ռոբերտ Քոչարյանի պատկերացումը, որը կրկնում եմ՝ ներքաղաքական դիմակայունության երկու բեռներից մեկի ոչ ֆորմալ առաջնորդն էր:
Դեռ Փաշինյանը խորհրդակցություններ չէր սկսել խորհրդարանական ընդդիմության հետ, երբ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, թե կողմ է արտահերթ ընտրություններին ու դրանք «կրելու» է:
«Կրելու» մոտիվները հիմա չեմ քննարկում. դրանք կարող են լինել Մոսկվայի աջակցության չարդարացված սպասումները, քաղաքական սխալ հաշվարկը կամ մի այլ հանգամանք, որի մասին ծավալվել չեմ ուզում:
Ահա, Քոչարյանի «կրելու» որոշումն էր, որը փաստի առաջ կանգնեցրեց ընդդիմության մյուս սեգմենտներին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը, որովհետև եթե փողոցում օրակարգ թելադրող ուժը նման նարատիվ է գեներացնում, դրան հակադրվող ընդդիմադիրները կարող էին ընկալվել որպես «Նիկոլին սատարող դավաճաններ»:
Ահա, սա է ճշմարտությունը՝ 2021-ին արտահերթ ընտրությունների «քավորությունը» պատկանում է Փաշինյանին և Քոչարյանին. առաջինն ուզում էր իշխանություն պահպանել, երկրորդը՝ իշխանության գալ:
Բայց նույնիսկ 2021-ի արտահերթ ընտրությունների պարագայում հնարավոր էր հեռացնել Փաշինյանին, եթե նույն Քոչարյանը չմերժեր հրաշալի մի նախաձեռնություն, որի հեղինակն Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Նա առաջարկում էր ընտրությունների գնալ միասնական ցուցակով, որը կգլխավորեն առաջին երեք նախագահները՝ պայմանով, որ նրանցից որևէ մեկը չի հավակնելու իշխանության, որը կազմավորվելու է լայն կոնսենսուսով:
Կրկնում եմ՝ հաղթող այս առաջարկությունը դարձյալ մերժեցին ոչ թե Սերժ Սարգսյանը կամ խորհրդարանական ընդդիմությունը, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը, ով վստահ էր, թե «կրելու» է:
Այսպիսով՝ Փաշինյան- Քոչարյան հակադրության համատեքստը օգնեց, որպեսզի Փաշինյանը կարողանա վերարտադրել և երկարաձգել իր լուզեր իշխանությունը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Հ.Գ.1
Էդգար Ղազարյանը միանգամայն ճիշտ է նաև այն հարցում, որ հրաժարական տված և ԱԺ կողմից երկու անգամ չընտրված Փաշինյանը նախընտրական փուլում պետք է մրցակցային սկզբունքով մասնակցեր ընտրություններին՝ իշխանությունն ուզուրպացնելու փոխարեն:
Այս խայտառակությունը տեղի չէր ունենա կամ չէր լեգիտիմացվի, եթե ունենայինք Սահմանադրության տառն ու ոգին պահպանող ՍԴ:

Հ.Գ.2
2024-ին ստեղծված վիճակն արմատապես տարբերվում է այն իրականությունից, որը գոյություն ուներ 2021-ին:
Այսօրվա քաղաքական ելքերի մասին՝ հաջորդիվ:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ