ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Կրթական համակարգը անհայրենիքներից զտելու ժամը ևս գալու է, միայն թե ապրես, մեր Արցախ ...

Կրթական համակարգը անհայրենիքներից զտելու ժամը ևս գալու է, միայն թե ապրես, մեր Արցախ ...
21.09.2023 | 10:06

Ամարասի վանքն է, որտեղ V դարում Մեսրոպ Մաշտոցը բացեց Արցախի առաջին դպրոցը, և այն դարձավ նաև երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ: Միջնադարում այստեղ ստեղծվեցին ձեռագիր մատյաններ, որոնցում մեր պատմությունն էր...

Այսօր Ամրասի վանքի մասին ինտերնետային հանրագիտարանում արդեն ավելացրել են, որ ևս մի պատմական կոթող անցավ թշնամուն։

Եվս մի կոթող, որ իրենով խորհրդանշում է հայ գիտության ու դպրության պատմությունը, հիմնաքարը:

Այսօր Արցախում պատերազմ ու ցեղասպանություն է։ Արցախից բռնի տեղահանված ուսանողները դասադուլի ու պայքարի պահանջով ցույցեր են անում և... գտնվում են դասախոսների որոշ տեսակներ, որոնց բնորոշելու ուրիշ եզրույթ չկա, քան ասել` «մեր միջի օտարներ»։

Նրանց տեսակը, մոռացած հայ մանկավարժի իրական` սերնդապահ ու ազգապահպան առաքելությունը, շարքային կամակատարի պես արցախցի ուսանողներին (որ իրենց ընտանիքների մասին որևէ տեղեկություն չունեն և մտածելն էլ արդեն սարսափելի է, թե ինչպես են), դուռը բացում են և ասում.

-Դու՛րս արի իմ լսարանից, թող հանգիստ դաս անենք։ Այս հարցը մի քաղաքականացրեք:

Հիշում ենք չէ՞, թե սրանք ում թեզերն եմ։

Ո՞վ կամ ի՞նչ կարող է ասել այսպիսի «հեռակա» մանկավարժներին ու դասախոսներին։

Աշխատում եմ բոլորի դեմքերը մտապահել ` բոլորն անծանոթ ու ոչինչ չասող...

ՈՒզում եմ գրել ու ասել` ինչ լավ է, որ Աստված իմ հանդեպ բարեհաճ է գտնվել, և դուք ինձ չեք դասավանդել, քանզի իմ դասախոսներից շատ-շատերը իրենց դասավանդած առարկայի փայլուն մասնագետը լինելուց զատ` նույնիսկ ամենից առաջ եղել են Հայրենիք սիրող, մեզ ազգի պատմության իրավատեր դաստիարակող մարդիկ։

Ազգի ու հայրենիքի վիճակից ավելի մեծ ու կարևոր խնդիր ի՞նչը կարող է լինել։

Քաղաքականությամբ չեք զբաղվու՞մ։

Մեր դասախոսներն էլ չէին ընդունում, որ ուսանողը զբաղվի «քաղաքականությամբ», բայց սա չէր վերաբերում այն դեպքերին ու իրավիճակներին, երբ հարցը վերաբերում էր ազգային գլոբալ հարցերին։

2004 թվականին, երբ Եվրոպայի սրտում թշնամու ձեռքով դաժանաբար սպանվեց մեր հայ սպան` ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացների ժամանակ, մենք Երևանի բոլոր բուհերի ուսանողների հետ միասին մի մեծ ցույց կազմակերպեցինք` դեպի ամերիկյան դեսպանատուն։ Եվ մեր բուհի ռեկտորն էլ` ինքը լինելով իրավագիտության դոկտոր, չէր կարող թույլ չտալ, որ իր ուսանողներն անմասն մնան հայ ժողովրդի ձայնը տեղ հասցնելու կարևոր գործից։

Մինչ օրս հիշում եմ, թե ինչ միասնականությամբ մենք այդ ակցիան իրագործեցինք` մեր դասախոսների հետ միասին։ Հետո, երբ հանդիպման անհապաղ պահանջից հետո այդ ժամանակվա ամերիկյան հյուպատոսը փորձում էր ցույցի մասնակիցներից կազմված թիմ ընդունել իր աշխատասենյակ, պատասխանեցինք.

-Մենք պատրաստվում ենք քննարկում ծավալել ոչ թե ԱՄՆ-ի պետության միջազգային տարածքում (ըստ օրենքի այսպիսին է նման կառույցների իրավական կարգավիճակը), այլ Հայաստանում։ Պահանջում ենք, որ հյուպատոսն ինքն իջնի ներքև։

Հետո մեր առջև գլուխը կախ, երբեմն-երբեմն հոլիվուդյան հերթապահ ժպիտով մեզ լսող պաշտոնյան էր, որին գրեթե բառացիորեն ասում էինք , որ մեր հայ սպայի ողբերգական սպանության պատասխանատուն հավասարապես ՆԱՏՕ-ն է, քանի որ այն տեղի է ունեցել այս կառույցի կազմակերպած դասընթացների ժամանակ:

Եվ նա չուներ ոչ մի հակափաստարկ, որովհետև մեր դիտարկումներին ու պայքարին ոչինչ հակադրել չէր էլ կարող:

ՈՒ երբ արդեն տարեվերջին քննություն պիտի հանձնեինք «Միջազգային իրավունք» առարկայից, մեր սիրելի ու հայրենանվեր դասախոսը, որ մինչ այդ էլ բացահայտել էր բոլորիս ներուժը, մեզ` այդ օրվա ցույցի մասնակից , առանց երկար քննելու նշանակեց մեր «գերազսնց» գնահատականները` ասելով, որ մենք իր առարկայի քննությունը վաղուց արդեն հանձնել ենք։

Մի օրինակ էլ նշեմ Հայրենիքի ու Ազգի վիճակը չտեսնող, «քաղաքականությամբ » չզբաղվող այդ որոշ անհայրենիք դասախոսների համար։

2005 թվականին Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը ներկայացնող մի դեսպանուհի էր պաշտոնավարում։ Մենք շատ լավ գիտենք պատմությունից, թե սա ինչ երկիր է մեզ համար։ Մի օր այս անմարդկային կերպարը ասուլիս էր տվել` ասելով բառացիորեն հետևյալը.

-Հայ ժողովուրդը , պայքարելով ցեղասպանության ճանաչման համար, վտանգում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը:

ՈՒ՞մ կարող էր հանգիստ տալ նման արտահայտությունը։

Եվ մենք այս անգամ` դարձյալ մեր դասախոսների ուղեկցությսմբ և բոլոր բուհերի ուսանողներով կազմակերպեցինք ցույց` այս անգամ դեպի Միացյալ Թագավորության դեսպանատուն։

Գնացել էին ասելու, որ աշխարհում չդատապարտված ցեղասպանությունները ծնելու են նոր հանցագործություններ:

Եվ իր ծանր կորուստները վերապրած ազգի պայքարը հե՛նց բոլորի անվտանգության համար է։

Մեր ցույցին արձագանքել էր բարոնուհի Քերոլայն Քոքսը, և Լորդերի պալատից ևս մի քանի հայամետ գործիչների հետ միասին կազմակերպեց այդ դեսպանուհի կոչվածի հետկանչը։ Իսկ այսօ՞ր...

Այսօր գտնվում են որոշ դասախոսներ, որ ազգի մահտարաժամի մեջ արցախցի ուսանողին ասում են.

-Թողեք հանգիստ դաս անենք...

Շարունակությունը չես էլ կարող լսել, որովհետև անհնար է նման կերպար պատկերացնել։

Արցախում տեղի ունեցող ցեղասպանությունն ու հայրենազրկումը ինչ-որ հեռու տարածաշրջանում կատարվող իրադարձությու՞ն է, որ պիտի «դաս անելով» հետևեք։

Հիշում եմ` մենք անգամ 2004 թվականի այս օրերին չէինք կարողանում «հանգիստ դաս անել», երբ սկսվել էր Իրաքի դեմ պատերազմը, թանգարաններից թալանվում էին Միջագետքի մշակույթի գանձերը։

Հասկանում էինք, որ այս իրադարձությունների հետագա շղթան վերաբերելու է նաև տարածաշրջանում Հայաստանի անվտանգությանը, և մենք ոչ միայն համապատասխան բնագավառների առարկաների, այլև անգամ հայոց լեզվի, հայ գրականության, համաշխարհային արվեստի պատմության դասախոսների հետ ենք քննարկել օրվա այդ թեմաները։

Իսկ այսօր կորցնում ենք Արցախը,կորցնում ենք ինքներս մեզ, մեր գոյության հիմքերը... կորցնում ենք մեր հայկական քաղաքակրթության կնիքը, որին կյանք տվողն ու պահպանողը այդտեղ` Արցախում ապրող մեր հայրենակիցներն են:

Եվ մեր ապրելու իմաստն էլ ենք կորցնում` առանց Արցախ, որտեղ իրենց կյանքը տվեցին մեր եղբայրները:

Ես չեմ ճանաչում այդ անհայրենիք դասախոսներին, բայց կրթական համակարգում պատահաբար հայտնված նրանց տեսակն էլ է պատասխան տալու ազգի վիճակի համար, որոնք օրվա իշխանությանը գերադասեցին Հայրենիքից։

Կրթական համակարգը այսպիսի տեսակներից զտելու ժամը նույնպես գալու է, միայն թե ապրես, մեր Արցախ...

Արցախը մեր անմահացած եղբայրների` նրանց թվում նաև իմ քեռու զավակի սրտում էր։

Մեր սրտում է ամեն վայրկյան։

Հնարավոր չէ գտնել ավելի ծանր խոսքեր, քան այս օրերին ու այս ժամերին մեր հերոսամայրերի գրառումներն են, որոնք պետք է կարդան անհայրենիք տեսակներն ու ընդմիշտ լռեն:

...Արցախի Հողում անմահացած մեր հերոսներից մեկի` Էրիկ Խաչատրյանի մայրը` տիկին Վիոլետա Բադալյանցը, այսօր (19.09.2023-irates.am) տեղադրել էր Ամարասի վանքի նկարը ու գրել այս տողերը.

«Արցախն ուրացողները չեն հասկանա, թե որքան կարևոր էր մեզ համար Արցախի գոյությունը և չեն էլ հասկանա, ցավոք, մենք տղերքի երկրորդ կյանքն էլ կորցրեցինք։

Ամաչում եմ ձեզանից, տղե՜րք»։

Հերոսամոր այս խոսքերից հետո մնացյալը լռություն է...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ