Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Արտակ Զաքարյան. Մեր բարձրաստիճան սպայական կազմն իրավունք չունի թաքնվել և հարմարվողական դիրքորոշում ցուցաբերել

Արտակ Զաքարյան. Մեր բարձրաստիճան սպայական կազմն իրավունք չունի թաքնվել և հարմարվողական դիրքորոշում ցուցաբերել
08.02.2021 | 14:12

Պատերազմից հետո ՊՆ-ն նախևառաջ պարտավոր է ամբողջությամբ խորքային վերլուծություն իրականացնել և ռազմական, և ռազմաքաղաքական բաղադրիչներով, վեր հանել բոլոր խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում ի հայտ են եկել, բոլոր բացթողումները, որոնք ռազմական գործողությունների ընթացքում ԳՇ-ի և ստորաբաժանումների կողմից եղել են՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատերազմից հետո ՊՆ-ն ի՞նչ գործողություններ պետք է կատարեր, և ի՞նչ պատկեր ենք այժմ տեսնում։

«Բայց ամենակարևոր խնդիրը, որ ՊՆ-ն առ այսօր չի անում, այն է, որ չի խոսում ռազմաքաղաքական սխալների մասին, որոնք թույլ են տրվել և ակնհայտ են։ Գեներալիտետը, որ ունեցել ենք պատերազմի ընթացքում և շարունակում ենք ունենալ, որևէ մեկի թերությունների, պատասխանատվության չափի, սխալների, բացթողումների մասին չի խոսել, գոնե մասնագիտական շրջանակներում դեռևս որևէ քննարկում կամ հետևություններ արված չեն»,-նշեց նա։
Ըստ Արտակ Զաքարյանի, Զինված ուժերի վերակազմավորման, ստորաբաժանումների տեղակայման խնդիրներն են, պետք են նաև նոր պաշտպանական դիրքերի ամրաշինական և ինժեներական աշխատանքների իրականացման արագացված տեմպեր, որոնք այսօրվա դրությամբ չեն նկատվում։


«Նաև ռազմաքաղաքական և ռազմադիվանագիտական խողովակները կարծես թե չեն աշխատում կամ գրեթե չեն աշխատում։ Աննկատ է նաև հանրության հետ աշխատանքը, զոհված զինծառայողների ընտանիքների, վիրավորների, նրանց վերականգնողական աշխատանքները և հատկապես մեր կորցրած սպայակազմի ընտանիքների հետ աշխատանքները բավականին սիրողական մակարդակով են իրականացվում»,-նշեց Զաքարյանը։ Նա ընդգծեց՝ մինչ այսօր Պաշտպանության բանակի ճակատագրի հետ կապված խնդիրները մնում են անորոշ, և շատ կարևոր է հասկանալ, թե Պաշտպանության նախարարության հստակ դիրքորոշումը որն է այս հարցի վերաբերյալ։


«Շաբաթը մեկ անգամ կամ երեք օրը մեկ անգամ անորոշ հայտարարություններ անելը, թե սահմանային իրավիճակը վերահսկելի է, դեռևս բոլորովին չի նշանակում, որ մեր երկրում պաշտպանական քաղաքականությունը բավարար մակարդակով իրականացվում է։ Պատերազմից արդեն 4-րդ ամիսն է անցնում, հաշվի առնելով, որ մենք տարածաշրջանում ունենք բավականին մեծ ռիսկեր, պատերազմի և նոր բախումների վտանգն իսպառ վերացած չէ, մեր պաշտպանական համակարգը «երրորդ ջութակի» դերով հանդես գալով կամ անորոշությունների մեջ մտած լինելով, կարծում եմ, իր գործառույթների շրջանակներում, որպես այդպիսին, թերանում է»,-ասաց Զաքարյանը։ Նրա կարծիքով՝ մենք պետք է արդեն իսկ խոսեինք հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության նոր որակների, նոր համաձայնագրերի, նոր իրավիճակից բխող և դեպի ապագան տանող տեսլականների մասին, մեր Զինված ուժերի վերակազմավորման, վերազինման, սպառազինության նոր ծրագրերի, գաղափարների, հայեցակարգերի մասին։


«Այս ամենը հսկայածավալ քաղաքական և մասնագիտական աշխատանք է, որ պետք է իրականացվի, բայց, ցավոք, գոնե դրա որոշակի մասը հանրային քննարկումներում չի նկատվում։ Կարծես, ՊՆ-ն թաքնվում է և հնարավորինս մտածում է զերծ մնալ հանրային որևէ հարթակում երևալուց։ Փոքր ու անհասականալի միջոցառումները դեռևս բավարար չեն կարող համարվել երկրում պաշտպանական քաղաքականության վերանայման համար»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է քաղաքական ղեկավարությանը, ապա, ըստ Պաշտպանության նախկին փոխնախարարի, այս քաղաքական ղեկավարության պայմաններում ՊՆ-ն չի կարողանալու էֆեկտիվ աշխատել։ «Առնվազն վերջին 3 տարիներին ՊՆ-ին խանգարել են՝ օգնելու փոխարեն։ Պաշտպանության համակարգը, և, հատկապես, Զինված ուժերը ծառայեցվել են ինչ-որ մարդկանց անձնական PR շահերին, հանրության հետ անցյալի, ներկայի կոնֆլիկիտ ստեղծելով՝ թուլացրել են մեր պաշտպանական համակարգը, իսկ մեր Զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարությունը, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, լռել է՝ լավ հասկանալով, որ այսպիսի փաստերի առաջ է կանգնել, շատ լավ հասկանալով, որ դա վնասում է հասարակության և Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակին, շատ լավ հասկանալով, որ իրենց ծառայությունը, տարիների վաստակը ծառայեցրել են ինչ-որ նեղ քաղաքական ամբիցիոզ խնդիրների, և արդյունքում մենք ունենք այս ողբերգական իրավիճակը»,-ասաց նա։


Զաքարյանի խոսքով՝ մեր բարձրաստիճան սպայական կազմը, իր տարիների վաստակով հանդերձ, իրավունք չունի զերծ մնալ և թաքնվել, հարմարվողական դիրքորոշում ցուցաբերել։ «Յուրաքանչյուրիս խնդիրն է հայրենիքի պաշտպանության, մեր պետականության հիմքերի պահպանման և ապագային միտված աներկբա և ճիշտ գործողություններ իրականացնելու, և այստեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է առաջամարտիկ լինի, ինչը, ցավոք, չի երևում։ Ինչքան որ Նիկոլ Փաշինյանն աղավաղում է մեր երկրի ներկան ու ապագան, այդ ամբողջ ժամանակահատվածում մենք երբեք իրականությունը չենք իմանալու և երբեք չենք կարողանալու ճիշտ եզարահանգումներ անել, որովհետև բոլոր այդ եզրահանգումները բերելու են քաղաքական խոշոր սխալների։ Մեր քաղաքացին այսօր միայն մի բանի մասին է մտածում՝ արտագաղթելու, սա նշանակում է, որ պետական որևէ կառույց չի աշխատում և իր գործառույթները չի իրականացնում»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Դիտվել է՝ 5057

Մեկնաբանություններ