Իհարկե, եթե նախկինում ամեն ինչ լավ լիներ, մենք չունենայինք հուսալքություն, որն առաջացել էր գործազրկությունից, իրավական անհավասարությունից, սոցիալական անարդարությունից, բնականաբար, մենք չէինք ունենա այս իշխանությունը, որ հիմա էլ մեղադրենք, թե ովքեր են կատարվածի մեջ մեղավոր, և ով է կրելու պատասխանատվությունը՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հրավիրած քննարկման ժամանակ ասաց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով ՀՀ-ի ներքին քաղաքական վիճակի մասին:
«Միանշանակ դիրքորոշումս հետևյալն է. այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, վարչապետն է, և այդ պատասխանատվությունը առաջին հերթին պետք է դրսևորվի հրաժարականով: Հարց․ ի՞նչ ճանապարհով դրան գնալ, ընտրություններո՞վ, թե՞ ոչ, սրա պատասխանը պետք է տա ժողովուրդը: Մենք մեր թիմով որդեգրել ենք այն դիրքորոշումը, որ այս հարցը ուղղելու ենք ժողովրդին: Շատ մոտ ապագայում հրավիրվելու է հանրահավաք, որտեղ կբարձրաձայնվի հարց, թե ինչպես հարցը լուծել»,-ասաց նա: Ուրիխանյանը շեշտեց, որ իր համար անընդունելի է, երբ ասում են՝ ընտրությանը մասնակցողները դավաճան են, քանի որ դրա որոշողը ժողովուրդն է, և եթե այդ որոշումը հաստատվի, «Ալյանս»-ը մասնակցելու է ընտրություններին: ««Ալյանս»-ը ընտրություններին գնալու է սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով: Մենք արդեն հասել են պետություն կորցնելուն, և կտրուկ քայլեր չանելու դեպքում ողբերգությունն այլևս դաջվելու է պատմական դասագրքերի էջերին՝ անդառնալիորեն»:
Ուրիխանյանը նշեց, որ երեք տարի այս իշխանությունը խաբել է մեզ՝ ցանկացած խոստումներով, իսկ արդեն իր առաջարկած տարբերակներով չկա «այսպես ենք անելու, սա ենք փոխելու» արտահայտությունները, այլ հարցնելու են ժողովրդին, թե ինչպես են ուզում, որ լինի: