ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Եվ ցարն ասաց, բայց՝ չասաց

Եվ ցարն ասաց, բայց՝ չասաց
18.12.2020 | 12:02

Երեկ ՌԴ նախագահը 2020-ի տարեկան ամփոփիչ ասուլիսն էր հրավիրել: Եվ քանի որ նա հիմա Հայաստանի ստվերային ղեկավարն է, ասուլիսում Հայաստանին ու տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերն ու պատասխանները առանձնահատուկ նշանակություն ունեն:

Փաստացի՝ Հայաստանի ու Արցախի համար պատերազմի մասին հարցերը հետաքրքրում էին միայն ՏԱՍՍ-ին: Եթե ամբողջ ասուլիսն ամփոփենք՝ Պուտինի կարծիքով.
-Ամենակարևոր հարցը լուծված է՝ պատերազմը դադարեցված է. «Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղում այլևս մարդիկ չեն զոհվում, մնացած հարցերը երկրորդական են»:
-Նոյեմբերի 9-ին փաստաթղթի համաձայն, հայկական և ադրբեջանական ուժերը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը:
- «Մենք միշտ, տարիների ընթացքում ելնում ենք նրանից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները», ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն պետք է որոշվի հետագայում, պետք է արձանագրվի ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի հետ հաղորդակցության հնարավորության պարտադիր ստեղծմամբ, որի համար էլ նախատեսվել է ստեղծել Լաչինի միջանցքը, «Դա միջանցք է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև»՝ ասել նա: «Միջազգային-իրավական տեսանկյունից, ես նույնպես այդ մասին ասել եմ, այս բոլոր տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են: Հայաստանն ինքը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից նույնպես Ադրբեջան է», ասել է Պուտինը: Նա նորից հիշեցրել է, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, և այս առումով, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Արդբեջանի տարածքն է», - ասել է Պուտինը։
- Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների համալրումը՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։
- Պուտինը ներկայացրել է նաև Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կարգավորումը պետք է լինի առանց արյունահեղության»։ Պուտինի խոսքով՝ տարածաշրջանում լարվածությունը տևել է երկար տարիներ և ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նա կասկած է հայտնել, որ դա պայմանավորված էր արտաքին միջամտությամբ:
- Եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարածքային խնդիրները Պուտինն անհրաժեշտ է համարում լուծել բանակցությունների միջոցով: Անդրադառնալով Հադրութի շրջանում զարգացումներին՝ ՌԴ նախագահը ասել է. «Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները, քանի որ այնտեղ նշված է, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին: Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»:
-Անդրադառնալով Էրդողանի հետ հարաբերությունների հարցին՝ Պուտինն ասել է. «Գուցե մենք երբեմն նույնիսկ հակառակ տեսակետներ ունենք: Բայց նա այն մարդն է, ով պահում է իր խոսքը: Տղամարդ է։ Նա պոչ չի խաղացնում»: Պուտինը նշել է, որ եթե Էրդողանը Թուրքիայի համար ինչ-որ բան շահավետ է համարում, «գնում է մինչև վերջ», նրա վարքը կանխատեսելի է:


Այսքանը կամ համարյա այսքանը:
Ցարի պատասխաններից անպատասխան են մնում բազում հարցեր, որոնք նա որակել է «երկրորդական»: Պուտինը հակադրվել է Ալիևին ու Էրդողանին՝ ասելով, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում։ Բաքուն ու Անկարան հայտարարում են, որ օրակարգում ոչ այսօր, ոչ էլ ապագայում չկա ու չի լինելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ հասկացություն չկա՝ գտնում է Ալիևը: Փաստացի ՝ թեև նա ընդունում է, որ կարգավիճակի հարց կա, իրականում միանում է Ալիևին ու Էրդողանին՝ անորոշ ժամանակով հետաձգելով հարցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը նույնպես թողնելով իրավիճակի զարգացումներին: ՏԱՍՍ-ի լրագրողը Պուտինին նաև հարցրեց Հադրութում հրադադարի խախտումների, Հադրութի շրջանի հայկական կողմում մնացած գյուղերի ճակատագրի մասին։ Պուտինը ասաց․ «Ղարաբաղում հրադադարի խախտումը եզակի է եղել։ Հուսով ենք, որ այդպես էլ կմնա»։ Անդրադառնալով բազմաթիվ խնդիրներին, որ պարբերաբար ծագում են՝ նա նշել է, որ տեխնիկական հարցեր են, որ կարգավորելու համար անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ, բայց չի մանրամասնել, թե երբ կարող են սկսվել բանակցությունները, ինչպես են լուծվելու ենթակառուցվածքների, ճանապարհների և հայ-ադբեջանական սահմանի բազմաթիվ հարցերը։ Փոխարենը նա գտնում է, որ հրադադարից հետո հաջորդ փուլը, ըստ համաձայնագրի, պետք է լինեն տրանսպորտային և ենթակառուցվածքային հարցերը․
Ասուլիսում հարցեր չեղան, բայց իրականության մեջ ադրբեջանցիները համաձայնագրով ստացել են իրենց հասանելիքը, հիմա ուզում են ստանալ ավելին:


Հայաստանի և Արցախի կառավարությունները չեն կարողանում համարժեք ընդդիմանալ Բաքվին: Եվ բնականաբար՝ իբրև ՄԻԱԿ միջնորդ, հարցը պետք է լուծի Մոսկվան: Կլուծի՞, թե՞ ոչ, ու՝ ինչպե՞ս՝ դա է հարցը: Ավելի շուտ չի լուծի, քան՝ կլուծի: Համենայն դեպս՝ դատելով Էրդողանի մասին անկեղծ կարծիքից ու ռուս խաղաղապահների պահվածքից Խծաբերդում ու Հին թաղերում: Մեզ համար մեր հողի ամեն մետրը կենսական է, Պուտինի համար՝ ոչ: Նա կմիջամտի, երբ համընկնեն Հայաստանի ու Ռուսաստանի շահերը, իսկ որտե՞ղ կարող են լինել այդ համընկնումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՌԴ արտաքին քաղաքականությունը միշտ էլ կրկնակի ստանդարտներ է ունեցել, երբ ասուլիսում ՌԴ նախագահին հարցրին Ղրիմի անեքսիայի մասին, նա հայտարարեց, որ Ղրիմի ժողովուրդը հանրաքվեով ինքնորշովել է ու հակադարձեց՝ ինչու՞ է Արևմուտքը ճանաչում Կոսովոյի ինքնորոշման իրավունքը, բայց չի ընդունում Ղրիմինը: Ճիշտ նույն հարցն է՝ ինչու՞ է Մոսկվան ընդունում Ղրիմի ինքնորոշման իրավունքը, բայց չի ընդունում Արցախինը: Ռուսաստանին Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լինելու խաղաղապահների ժամկետի սպառման ժամանակ, եթե Բաքուն չհամաձայնի ժամկետի երկարացմանը:
Հայաստանն ու Արցախը չեն կարող համաձայնել հարցի այդ լուծմանը, որ չի բխում մեր շահերից, այլ սպասարկում է ռուսականը: Ուստի մեզ համար կենսական է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը և Արցախի ճանաչումը աշխարհում:

Դիտվել է՝ 12997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ