Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին անցած երկու օրերին Բաքվում և Երևանում հանդիպումների ժամանակ վերահաստատել են տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը խթանելու, ծառացած խնդիրները լուծելու գործում կողմերի հետ կառուցողաբար ներգրավվելու իրենց շարունակական պատրաստակամությունը՝ ասված է այցի արդյունքներով երկուշաբթի ուշ երեկոյան համանախագահների հայտարարությունում։
Երկու մայրաքաղաքներում կողմերը ներկայացրել են իրավիճակի իրենց գնահատականները և ակնկալիքները համանախագահներից գալիք տարվա համար, նշված է հայտարարությունում։ Ղարաբաղյան կարգավորման միջնորդները պատրաստակամություն են հայտնում Երևանում և Բաքվում հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների առնչությամբ կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի միջև հետագա քննարկումների համար։ Վերջին միջադեպերի առնչությամբ, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ, համանախագահները կողմերին կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար։ Միջնորդները Հայաստանին և Ադրբեջանին հորդորել են հնարավորինս արագ իրականացնել բոլոր գերիների և ձերբակալվածների փոխանակումը, զոհվածների աճյունների անհատականացումը և հայրենադարձումը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցաբար։
Հիշատակելով դեկտեմբերի 3-ին Տիրանայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը՝ միջնորդները վերահաստատում են բոլոր մնացող առանցքային խնդիրների համապարփակ և երկարատև լուծման օգտին իրենց միասնական դիրքորոշումը։ Միջնորդները և կողմերը շեշտել են բորբոքիչ հռետորությունը նվազեցնելու կարևորությունը՝ ավելի դրական միջավայր ստեղծելու համար։ Համանախագահները և կողմերը նաև կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության նպատակով։