ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երեկ հրաժարական տվեց, այսօր ասուլիսի ժամանակ նա հայտարարեց՝ պատերազմի առաջին իսկ օրերին հանցագործություն է տեղի ունեցել, որտեղից էլ ծնվել են հետագա խնդիրները։
«Այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրումը: Երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը։ Վարչապետի որոշման հիմնավորումներն ինձ չեն զեկուցում։ Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը, որ սրա համար պատասխան պիտի տան այդ գործառույթը չիրականացնելու համար, խոսակցությունը ձայնագրել են», - հայտարարեց Մովսիսյանը, նշելով՝ առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդկանց մի մասը կոտորվում է մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում է։
«5-րդ օրը Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որ չգան հետ ու խուճապ չառաջացնեն Հայաստանում։ Եվ էդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել, զորքից կտրվել, որպեսզի պահեն, կերակրվել են զինվորների սնունդով, և մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի նրանց մի մասին վերադարձնենք բանակի շարքեր», - ասաց Հակոբյանը։
Նա նշեց՝ զորահավաքը չի կատարվել, և դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, ՊՆ նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը։ Ըստ Հակոբյանի, ամսի 30-ի դրությամբ Արցախն իրականացրել է իր համալրման պլանի 78 տոկոսը, Հայաստանը՝ 52 տոկոսը։ «Դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում, և սա 5-րդ օրն է էդպես եղել, երկրորդ օրն ավելի ցածր է եղել, համալրման տոկոսը », - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ այստեղից ծնվել են բոլոր խնդիրները։