ՀՀ ներքաղաքական իրավիճակը ժամ առ ժամ ավելի է խճճվում ու լարվում։ Ավելի ու ավելի են մեծանում վարչապետի հրաժարականը պահանջող շրջանակները‚ սակայն Նիկոլ Փաշինյանը բնավ էլ մտադիր չէ հեռանալ պաշտոնից։
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ կարծում է‚ որ իրավիճակը շատ անորոշ է‚ անորոշ է այն առումով‚ որ պարզ չէ՝ ներկա իշխանությունը կկարողանա՞ իր դիրքերը պահպանել‚ թե՞ ընդդիմությունը կստիպի նրան նահանջել։ «Պետական ամբողջ ապարատն աշխատում է ընդդիմության և ժողովրդի դժգոհության ալիքի դեմ։ Ընդդիմության կարկառուն դեմքերին ձերբակալում են‚ զրկում են առաջնորդներից։ Դա բավականին լուրջ հարված է‚ ու պարզ չէ՝ դժգոհների բանակն արդյոք այնքան հզո՞ր է‚ որ կկարողանա ինքնակազմակերպվել և համախմբված հանդես գալ։ Երբ նայենք‚ թե Փաշինյանն ինչպես եկավ իշխանության‚ կտեսնենք‚ որ կազմակերպիչ կար‚ դեմք կար‚ որն ամփոփում էր ամբողջ շարժման էությունը։ Մենք այսօր չենք տեսնում‚ թե ընդդիմությունն ում հետ է կապում իր սպասելիքները։ Չկա այն դեմքը‚ որ կարողանա բոլորին միավորել։ Այդ պատճառով դեռ մնում է անորոշության մեջ‚ մինչև պարզվի՝ իշխանության ռեսուրսը կբավարարի՞ ընդդիմությանը ճնշելու»‚- ասում է պարոն Ադիբեկյանը։
Ըստ սոցիոլոգի՝ անընդունելի զարգացումներն էլ ավելի կնվազեցնեն վարչապետի վարկանիշը‚ իշխանության վարկանիշը թե՛ ներսում‚ թե՛ դրսում‚ և կծավալվի ընդհանուր դժգոհության ալիք‚ որը պետական ապարատը դժվար թե կարողանա ճնշել կամ սահմանափակել։ Իրավիճակը կսրվի այնքան‚ մինչև հասկանան‚ որ ամեն ինչ կապված է վարչապետի անձի հետ‚ և եթե այդ անձը դուրս է գալիս քաղաքական դաշտից‚ հարցերն ինքնակամ լուծումներ են ստանում։
Հանրության տրամադրությունների մասին խոսելիս՝ Ահարոն Ադիբեկյանը նկատում է‚ որ հանրությունը նույնպես սպասում է իրավիճակի զարգացումներին‚ հնարավոր լուծումներին. «Մարդիկ չգիտեն՝ Ղարաբաղի բաժանումը հայկական և ադրբեջանական մասերի‚ հուշարձանների պահպանման խնդիրը ինչի կհանգեցնեն։ Շատ բարդ հարցեր են առաջ գալիս‚ որոնց արդյունքներից կարելի է եզրակացություն անել‚ թե Նիկոլ Փաշինյանի մեղքի բաժինը որքան է‚ որ կարողացել է նման հայտարարություն ստորագրել‚ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։ Թեև երևի նրան տեղեկացնելու կամ խորհրդակցելու իրավունքից էլ են զրկել և թողել են միայն ստորագրելու իրավունքը։ Երևի լավ էլ պատկերացնում էր‚ որ եթե այդ հայտարարությունը դրվեր հանրային քննարկման‚ նույնիսկ նեղ շրջապատում‚ դժվար թե նրան ասեին՝ գնա‚ ստորագրիր»։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ