Պատերազմը` պատերազմ. դեռ ժամանակ ունենալու ենք անդրադառնալու նախա-հետպատերազմական վիճակներին, որը խաթարեց Նիկոլի «կիրթը»` հայոց տների, խաղաղ գյուղերի, մոր ու մանկան երջանկության վրա թափած ռումբերով: Որին դեմ հանդիման կանգնեց հայոց ոգին, հողանցեց դարի բարբարոսին ու իր արհավիրքը` միջազգային հանրությանն ստիպելով հերթական անգամ հաշվի նստել փոքրիկ Արցախի հետ: Այն, որ այս` «հեղափոխական» իշխանությունները եկել էին հատուկ «առաքելություններով» ու հերթով «կյանքի էին կոչում» դրանք, հեղափոխության «հաջողված» պատմությունն են, և մեր հաջորդական նյութերի քննարկման առարկան… Այլապես այսօր երկար կարող էինք խոսել Haqin. az-ի` Արսեն Խառատյանին առնչվող «слив»-ի մասին, մանավանդ որ Խառատյանը շատ անսպասելի ու մեր հաստատ տեղեկությամբ` լքել էր իր պաշտոնը (Ռուսաստանի պնդմամբ` Փաշինյանի խորհրդական` արտաքին կապերի գծով):
Խառատյանը, ըստ Haqin. az-ի-ի` ազիկների հետ դրսում հանդիպել, ուղիղ բանակցությունների առաջարկ էր արել ադրբեջանա-թուրքական կողմին` Ղարաբաղի խնդրով` ԵԱՀԿ ՄԽ հսկա կառույցը ոտնատակ անելով: Ինչևէ: Այսօր չենք խորանալու «Խառատյաններ-ընտանիք &…» թուրք ներելու քրիստոնեական կեղծ կատեգորիայի խորքերում, չենք հիշելու, թե ինչպես էր Թբիլիսիում ապրող-աշխատող քաղաքական այրը արցախյան ընտրությունների ժամանակ փորձում հայաստանյան թավիշ կերտել այնտեղ… Ո՛չ, չենք անդրադառնալու: Անգամ չենք հիշելու իմ հաղորդումներից մեկում Խառատյանի հնչեցրած միտքը, թե` պետք եղած դեպքում հնարավոր է նաև Սերժ Սարգսյանից «հարցում-խորհդակցություն» անենք Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:
Բայց դե մյուս կողմից էլ նույն հայոց իշխանությունները հավատում են, չէ՞, այլոց լրատվամիջոցներին: Ոչ միայն հավատում, նույնիսկ քրեական գործեր են հարուցում, որքան էլ պարադոքսալ թվա: Ասենք` Խոդորկովսկու ֆինանսավորած «Досье»-ում տպված նյութերի մասով, ինչը ոչ միայն ամոթալի, անգամ ստորացնող է ոչ միայն հայոց արդարադատության, այլև ազատ խոսքի տեսանկյունից:
Իսկ Խառատյանի հետ կապվածը հիշեցինք` արձանագրելու, թե ում ականջներն են ցցված «Կիրթի» այսօրվա բարբարոս, աննախադեպ հարձակման հետևում` գումարած հեղափոխության իրական` արևմտյան-սորոսյան կառավարիչներին ևս, որոնք ցանկանում են Ռուսաստանի ձեռքից վերցնել Ղարաբաղյան հիմնախնդրի մոդերացիան, և կամ` փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և սեփական խաղն սկսել այս տարածաշրջանում: Գաղտնիք չէ, թե խնդրի կարգավորման ձևաչափում Թուրքիան ընդգրկելու շահառուները որքան շատ են միջազգային ասպարեզում, ու թուրք ներողների ներգրավումը սրանում նաև այս հեռահար նպատակին էր ծառայեցվում:
Բոլոր դեպքերում, Հայոց տղերքը շարունակում են Արցախյան երրորդ, այս անգամ` աննախադեպ պատերազմում հերոսության իրենց ասքը, դիվանագիտական ու քաղաքական առումով պատերազմի ելքը դեռ բաց է. հայ զինվորն ու կամավորը խիզախ, անկոտրում իրականացնում են տիեզերքի մեծագույն` պարտքի ու զոհաբերման օրենքը, ազիկը վարձկաններ է վարձել ու կռվում է ուրիշի` ամեն մի փշուր հողի վրա արյուն թափած հողի վրա, ու չգիտի` ինչու է կռվում, դրա համար էլ միշտ տանուլ է տալիս, իսկ սիրիական ու թուրքական վարձկանները վճարված «կանաչի» դիմաց ընդամենը կրակողներ են, բայց ո՛չ երբեք իրենց տունը պաշտպանող մահկանացուներ…
Սա է իրականությունը:
ՈՒշագրավն այլ բան է. թղթե շերեփ սիրող աշխարհը, անգամ սիրիական վարձկան-ահաբեկիչների արձանագրման ֆոնին, լղոզված հայտարարություններ է ընդունում, անիմաստ, ոչինչ չտվող քննարկումներ անում, հեռախոսազրույցներ ունենում, ՄԱԿ-ի փակ նիստեր կազմակերպում, իրականում լուռ սպասում է, թե պատերազմը ինչ ելք է ունենալու` գոնե միջանկյալ ժամակահատվածում, որ կողմնորոշվի` ինչ է անելու ինքը, ինչպես է որսալու իր գեոպոլիտիկ շահը, ինչ մարտավարություն է ընտրելու` դրանք լավագույնս սպասարկելու:
Մի խոսքով, աշխարհը շունչը պահած սպասում է, թե դեռ ինչքան է թուրքը ռմբակոծելու Արցախն ու նրա խաղաղ բնակչությանը, ինչպես է հայ բազուկը կանգնեցնելու այդ մսաղացը… Միջազգային հանրությունը ուզում է հասկանալ` խաղարկվելու՞ է ՀԱՊԿ «լոտը», Ռուսաստանը խառնվելու՞ է դեֆակտո-առարկայական այս մեծ պարտիային, որին կհետևեն այլոց պարտիաներ, թե՞…
Աստված պահի Հայաստանն ու Արցախը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ