Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
13.09.2019 | 00:53
2019 թվականի ամառն աչքի ընկավ բնապահպանական խնդիրների առատությամբ: Կարծես թե ամեն ինչ սկսվեց միանգամից. վառելափայտի համար Իջևանի անտառների հատման խնդրին հաջորդեց Սևանա լճի կանաչելու խնդիրը, հետո առաջ եկան Երևանի աղբահանության ու Ամուլսարի խնդիրները, գործը հասավ նույնիսկ բարի արագիլներին, որոնք մեր երկրի վայ տնտեսավարողների պատճառով կորցրել էին թռչելու իրենց ունակությունը: Սրանք իրարից անկախ խնդիրներ չեն, սերտ շաղկապված են, արտացոլում են մեր նոր կյանքի իրական պատկերը, անմիջական հետևանք են փաշինյանական հեղափոխության պատճառով առաջացած բարոյական, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի:
Ինչ խոսք, թվարկվածներն ընդամենը առաջին ծաղիկներն են, որոնց, անշուշտ, դեռևս կավելանան նորերը, եթե մեր երկրում այս տեմպերով շարունակվեն անգլուխ, անկառավարելի ու մարդկային առողջ բանականությանը հակասող անհասկանալի գործընթացները: Առկա խնդիրները կարելի է անվերջ թվարկել ու քննարկել, վերլուծել՝ առանձին-առանձին ու համակարգված ձևերով, դիտարկել տարբեր տեսանկյուններից, բայց դրանից ոչինչ չի փոխվի, որովհետև երկրի ու հասարակության դեգրադացիայի պրոցեսները, որոնք սկսվել էին անկախության առաջին իսկ օրից, շարունակվում են՝ ունենալով մեկ հիմնական պատճառ. անկախություն ստանալուց հետո մեր բոլոր իշխանությունները, սկսած ԼՏՊ-ի ժամանակներից, այդպես էլ չկարողացան հասկանալ ԽՍՀՄ փլուզման իրական պատճառները, ճիշտ կողմնորոշվել նոր իրավիճակներում, որոշել սուվերեն պետության անելիքներն ու առաջնահերթությունները, գտնել երկրի տնտեսական զարգացմանն անհրաժեշտ ուղիները: Ցավոք, ԽՍՀՄ փլուզումն իշխանական լսարանն ընդունեց որպես ի վերուստ տրված Աստծո պարգև և հարստանալու ու անձնական բարեկեցությունը մի քանի պորտ այն կողմ ապահովելու բացառիկ հնարավորություն: Կառուցողական, ստեղծագործական աշխատանքի փոխարեն ընտրվեց խորհրդային երկրի կայացած տնտեսության քայքայման ու թալանի քաղաքականությունը՝ մեր հասարակությանը շարունակաբար պահելով անորոշությունների մեջ այնպես, որ սատանան անգամ գլուխ չհաներ, թե այդ տխմարներն ի՞նչ են անում, դեպի ու՞ր են տանում երկրաշարժից տուժած ու պատերազի մեջ հայտնված մեր ժողովրդին:
Երկրի տնտեսության քայքայման պրոցեսն ավելի արագացավ Նիկոլ Փաշինյանի օրոք: Չնայած մեր հպարտ քաղաքացիների վարդագույն սպասումներին, Նիկոլ Փաշինյանը ևս չհասկացավ, չփորձեց գնահատել ու հասկանալ ստեղծված իրավիճակն ու գտնել երկրում առկա տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու ճանապարհները, կարճ ժամանակում ջրի երես հանեց իր ու իր կառավարության անճարակության փաստը: Նիկոլ Փաշինյանը, ԼՏՊ-ի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նման, այդպես էլ չհասկացավ, որ նման աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում երկիր կառավարելը խաղ ու պար չէ, հանրահավաքներում ձիրքերը ցուցադրելու գործը չէ, կոնկրետ արդյունքներ են պետք, ժամանակակից մրցունակ արդյունաբերություն է պետք կազմակերպել, թշնամիներին դիմակայելու համար երկիրն է պետք հզորացնել, բավարար աշխատատեղեր ստեղծել, ամբողջությամբ վերականգնել աղետի գոտին, բարելավել մարդկանց սոցիալական վիճակը։ Հակառակ պարագայում երկրի կործանումը անխուսափելի կլինի։ Պետք է շտապել, որովհետև ժամանակը վաղուց արդեն մեր օգտին չի աշխատում, այս դժվարին վիճակից պետք է մի ելք գտնել:
Ելք, իհարկե, կա, մեր գիտնականները շատ ելքեր են առաջարկում, այս հարցում ես լավատես եմ և նույնիսկ գիտեմ երկիրը ճգնաժամից դուրս բերելու շատ գեղեցիկ, մեր ազգին միայն հարգանք ու պատիվ բերող, հաջողություններ խոստացող սեփական ճանապարհը, բայց դա հնարավոր կլինի իրականացնել այլ պայմաններում, երբ այս մեծամիտ անճարների իշխանությունը հեռանա հայկական քաղաքական ասպարեզից:
Ի՞նչ էր պետք անել, որը չի արվում և, դատելով իշխանությունների գործողություններից, հայտնի չէ, թե ինչ են մտածում կամ ինչով են մտածում: Առաջին հերթին, իհարկե, առանց ժամանակ կորցնելու, պետք էր սկսել արդյունաբերության վերականգնման աշխատանքներից, մշակել երկրի նոր ինդուստրացման ծրագիրն ու այն հետևողականորեն իրագործել՝ օգտագործելով նաև Հայաստանի քաղաքացիների մեջ ձևավորված հավատն ու էյֆորիկ-լավատեսական տրամադրությունները, ինչը չարվեց: Ավելին, ամեն ինչ արվեց, որ երկրում իսկական քաոս ստեղծվի, որ մարդկանց ուշադրությունը շեղվի տեղի ունեցող անառողջ զարգացումներից, որ մոռացության տրվեն այն բոլոր խոստումները (կոռուպցիայի ու կաշառակերության վերացում, արտագաղթի դադարեցում, տնտեսական հեղափոխություն և այլն, և այլն), որոնց միջոցով Նիկոլ Փաշինյանը ստացավ ՀՀ վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնը և, իր թիկունքը ապահովելու նպատակով, ազգային ժողով քարշ տալով սոորոսական ու այլ թափթփուկներին: Այդ մասին է խոսում Ռոբերտ Քոչարյանի դատավարության անիմաստ պատմությունը։
Հարց՝ ինչու՞ չսկսել Լևոն Տեր-Պետրոսյանից, մեր պետությանը անդառնելի կորուստներ պատճառած, կայացած արդյունաբերության առաջին ու հիմնական քայքայողին ու քանդողին դատելուց։ Ինչու՞ չդատել Սերժ Սարգսյանին երկրի կառավարման ղեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքը տալու համար:
Ժողովրդական դժգոհությունների ալիքի վրա իշխանության եկած վարչապետն ու իր թիմակիցները այդպես էլ չհասկացան, թե որն է իրենց իշխանական հիմնական առաքելությունը, թե մեր դժվարին ժամանակաշրջանում որն է լինելու մեզ սպասող հանգրվանը:
Իմ մտահոգությունները փորձեմ հիմնավորել՝ վերլուծելով քննարկվող էկոլոգիական խնդիրները: Վերցնենք վառելափայտի համար Իջևանի անտառների հատման խնդիրը. այստեղ նորություն չկա և ամեն ինչ դարձյալ սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, երբ Տավուշի մարզպետ նշանակվեց Պավլիկ Ասատրյանը, որի հետ սովորել եմ Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
-Թագավորիս գլխին (նկատի ուներ ԼՏՊ-ին) ոսկե թագ եմ դնելու,- ամեն տեղ պատմում էր ու մի անգամ էլ իմ ներկայությամբ հպարտացավ մարզպետը, Սպիտակի նախկին «ռայկոմական», երկրաշարժի օգնությունը յուրացնելու ճանապարհների փայլուն գիտակ Պավլիկը, երբ գնացել էի Իջևան՝ իր հետ քննարկելու հելիոֆիկացիայի ու անտառների հատումը դադարեցնելու խնդիրները:- Անտառը փող է բերում, գիտնականներդ դա հասկանալ չեք կարող, բա նախագահին խոստացած թագը ինչո՞վ եմ սարքելու, չորս կիլո ոսկի է ձուլվելու, բա աշխատա՞նքը:
Այդ թվերին Երևանը և Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը հեղեղված էին Իջևանի վառելափայտի շուկաներով: Մի անգամ շատ զարմացա, երբ Ճամբարակում տեսա, թե ինչպես են գոմաղբը գետը լցնում:
-Ի՞նչ եք անում, գետի ջուրը կեղտոտում եք, չէ՞ որ սրանից կարելի է ցան կամ, լոռեցիների լեզվով ասած, աթար պատրաստել, հիանալի վառելիք է ստացվում։ Ձմռանը կարող եք տները տաքացնել:
-Աթարն ու՞մ է պետք, եթե անտառը դեմներս է, հլա պետք է չարչարվենք, թրիքի հոտը քաշենք:
ԼՏՊ-ի օրոք մեր իշխանավորներն այնքան էին լկտիացել ու հղփացել, որ անտեսում էին մարդկանց մեջ պարազիտի հոգեբանության ձևավորման, երկրի գործերի նկատմամբ անտարբերության ու ծայրաստիճան այլասերման դրսևորումները: Էկոլոգիական թվարկածս խնդիրներն առաջացել են Հայաստանի քաղաքացիների, հատկապես իշխանական ընտրյալների գիշատչային վարքագծի պատճառով: Մարդիկ հասցրին 30 տարվա ընթացքում այլասերվել այն աստիճանի, որ թքած ունենան ամեն ինչի, նաև իրենց օդ ու ջուր տվող բնության վրա։
Հիմա մեր առաջին խնդիրը ոչ թե հզոր ու ժամանակակից արդյունաբերություն, գյուղատնտեսություն կամ էֆեկտիվ տնտեսություն ստեղծելն է, այլ իշխանավորների սանձերը քաշելը, մեր քաղաքացիների հետխորհրդային նոր հոգեբանական հիվադության բուժումը՝ հասցնելով խորհրդային տարիների ու նախնադարյան Հայաստանի մակարդակին: Դեռևս վաղնջենական ժամանակներից հայ մարդը, չունենալով Կարինե Դանիելյան ու բնապահպանական գիտության այլ երևելիների նման կրթված դեմքեր, կարողացել է բնության հետ ապրել հաշտ ու ներդաշնակ կյանքով՝ հասկանալով շրջակա միջավայրի կարևորությունը իր իսկ գոյության համար: Այդ ներդաշնակությունը, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պահպանվել էին նաև խորհրդային տարիներին ու կտրուկ անկում ապրեցին երկրաշարժից հետո, հատկապես անկախության տարիներին:
Հիմա Նիկոլ Փաշինյանը դժգոհում է, որ Իջևանում ծառ են հատում, պատանի ծառահատներին բանտ է նետում: Բա ի՞նչ անեն այդ պատանի հանցագործները, եթե ծնված օրվանից այդ են տեսել, այդպես են հոգացել իրենց ընտանիքի ջերմային խնդիրները, անտառից փող քաշող մարզպետների ու այլ պաշտոնյաների վարակիչ օրինակն են տեսել ու նրանց վարկը յուրացրել, երբ հեղափոխության ուղին բռնած Աննա Հակոբյանին են տեսնում, ում ագահությունից վառվող աչքերը մատնում են, որ պերմանենտ փնտրտուքի մեջ է, թե էլ ինչից չի հասցրել օգտվել:
Բառացիորեն ծնված օրվանից ես տեսել եմ բնության հնարավորություններից հմտաբար օգտվելու մարդկանց կարողությունը: Խորհրդային տարիներին, մինչև 60-ական թվականները, Սառնաղբյուրում բոլոր երեխաները, նաև ես, ծնվել են աթարի մոխրի վրա: Թոնիրներից հանած մոխիրը փռել են սենյակի մի անկյունում՝ ծննդկանին պառկեցնելու համար, լավագույն բակտերոցիդ միջավայրն են ստեղծել: Գյուղի բոլոր զուգարանները կառուցվում էին մեկ տիպային սխեմայով, ունեին երկու բաց մեկուսամաս. մեկի հատակին փռված էր նախորդ օրը վառած ցանի մոխիրը, կողքին դրված էր կարճ պոչով մեծ բահը, գործողությունն ավարտելուց հետո ամեն ինչ, մոխրի հետ, շպրտվում էր կողքի մեկուսամասը: Գարնանն այդ ամենն օգտագործվում էր որպես պարարտանյութ, ոչ հոտ կար, ոչ էլ այլ խնդիր:
Այսօր էլ մարդու բնական արտաթորանքը կարևորվում է զարգացած երկրներում: Օրինակ, Նորվեգիայի բնակավայրերում դրանք ամբարվում են՝ բիոգազ և օրգանական պարարտանյութ ստանալու համար:
Իր «Արևելքի մարգարիտը» գրքում աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը այսպիսի պատմություն է անում: «Չինական գյուղերից մեկում մի ընտանիքի հյուրն էի, առավոտյան գնացի զուգարան, սխալմամբ հարևանի զուգարանն էի մտել, որից հետո չինացի հարևանների միջև մեծ վեճ ծագեց, վիճարկվում էր, թե ում է պատկանում իմ կղկղանքը: Զուգարանի տերը համարում էր, որ այն իրենն է, որովհետև հայտնվել է իր զուգարանում, մյուս չինացին ասում էր, որ իրենն է, որովհետև իր հյուրից է առաջացել»:
Ահա այդպես են իրենց գոյության համար պայքարել ու, չեմ կասկածում, շարունակում են պայքարել չինացիները, որ ժամանակակից Չինաստան են դարձել։ Իսկ մե՞նք: Իսկ մենք զարմանալի ազգ ենք դարձել, ԼՏՊ-ի առաջ խնդիր դրվեց, որ պետք է հետևողականորեն զրոյացնել մեր արդյունաբերական պոտենցիալը, և նա դա արեց մեծ ոգևորությամբ։ Թելման եղբոր միջոցով դեսուդեն ցրեց պատերազմող Հայաստան երկրի տեխնիկական պոտենցիալը կազմող հաստոցներն ու թանկարժեք տեխնոլոգիական սարքավորումները։ Բայց նույնիսկ հեղափոխական այդ ժամանակներում եղբայրներին մի չոռ ասող անգամ չգտնվեց, թե ինչու կամ ում պատվերով եք քանդում ու ավերում մեր ռազմական գործարանները, թե վաղն ինչ ենք անելու, ինչով ենք կռվելու, եթե ռուսները հանկարծ, ինչ-ինչ հանգամանքներից դրդված, հրաժարվեն մեզ զենք-զինամթերք տալուց, ինչպես և որտեղ ենք պատրաստելու մեր սեփական ռազմական տեխնիկան՝ մեր պետության սահմանները պահելու, մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար: Պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի հետ դիմել էինք ՀՀ ԱԱԾ՝ ԼՏՊ-ի նկատմամբ քրեական գործ բացելու համար: Պատասխանն այսպիսին էր՝ հիմքեր չկան: Եղբայր, էլ ի՞նչ հիմքեր են պետք, եթե նրա դավաճանական գործողությունների արդյունքում կայացած արդյունաբերություն ենք կորցրել, այնպիսի սահմանադրություն է մեզ տվել, որ եղբոր բոլոր հանցանքներն են օրինականացվել՝ տեղ թողնելով պետության նկատմամբ նորանոր նման հանցագործություններ կատարելու համար:
Իջևանյան անտառի պատմությունից հետո որոշեցի աթարի խնդրին, Սառնաղբյուրի օրինակով, գիտական մոտեցում ցույց տալ, ահա թե ինչ ստացվեց: Սառնաղբյուրում կա 2300 խոշոր եղջերավոր կենդանի ու 2700 ոչխար: Տարվա կտրվածքով դրանք կարող են տալ 1400 տոննա չոր ցան՝ 5,86 գիգավատտ.ժամ ընդհանուր ջերմային էներգիայով: Հելիոֆիկացիայի պարագայում գյուղը կստանար 41,6 գիգավատտ.ժամ արևային ջերմային էներգիա, 7 անգամ ավելի, քան կարող էր ստացվել գյուղի ցանից և որը Մեծամորի ԱԷԿ-ը կարող է տալ 104 ժամում: Ահա թե ամեն տարի որքան ջերմային էներգիա է կորցնում միայն Սառնաղբյուրը, որը կարող էր հելիոֆիկացվել դեռևս 2008-2009 թվականներին, իսկ խնայված 1400 տոննա բիովառելիքը ամեն տարի չէր այրվի՝ մթնոլորտից վերցնելով 2380 տոննա թթվածին՝ արտանետելով 2282 տոննա ջերմոցային CO2 գազը: Խնայված բիոզանգվածը, դարձյալ հայկական արևային տեխնիկայի օգնությամբ, կդառնար բիոգազ՝ տրակտորներն աշխատեցնելու համար, և կոմպոստ-պարարտանույթ՝ օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու համար:
2013 թ. դեկտեմբերի 2-ին, անորոշ ժամանակով, ՀՀ կառավարության ու Ռուսաստանի միջև պայմանագիր կնքվեց՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության մասին, որի հավելվածի 2-դ մասում կա այսպիսի գրառում. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ներդրումների եկամտաբերության ներքին նորման (այսուհետ՝ ԵՆՆ) տարեկան 9 տոկոսի իրական արտահայտությամբ (առանց սղաճի հաշվառման) չափով ապահովող դրույքի չափի և ՀՀ սպառողների գազի առաքման գործունեությանը վերաբերվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ն ներդրումների ԵՆՆ տարեկան 9 տոկոսի՝ իրական արտահայտությամբ չափով և էլեկտրաէներգիայի արտադրության ու առաքման գործունեությանը վերաբերվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԲ զուտ ակտիվների արտադրյալ: Խոստովանենք, որ այս խրթին գրառումից շատ բան չի հասկացվում, բացի այն, որ «ՀայՌուսգազարդի» ԵՆՆ-ի 9 տոկոսը պետք է ապահովել: Եթե հանրապետությունում, օրինակ, գազի սպառումը պակասի երկու անգամ, ապա գազի գինը պետք է բարձրանա առնվազն երկու անգամ, որպեսզի «ՀայՌուսգազարդի» ԵՆՆ-ն չպակասի: Ահա թե ինչպես է պետք մեկնաբանել ՀՀ կառավարության նիստում Իջևանի փայտի հարցով տեղի ունեցած քննարկումների ժամանակ Փաշինյան-Պապիկյան երկխոսությունը։ Նախորդ անգամ ես այն մեջբերել էի՝ ընդունելով, որ դե պատմության ուսուցիչ Պապիկյանն է, էլի, «դուռակ-դուռակ» խոսեց, իմ ապագա սպառողներին թյուրիմացության մեջ գցեց, բայց դա, ամենայն հավանակությամբ այդպես չէր:
Դարձյալ մեջբերեմ այդ երկխոսությունն ու փորձեմ այն մեկնաբանել գազի պայմանագրի տեսանկյունից:
ՊԱՊԻԿՅԱՆ- Պարոն վարչապետ, մեր գյուղերում գնալով շատանում է արևի էներգիայից օգտվողների թիվը:
ՓԱՇԻՆՅԱՆ- Դրանցով ինչ են անում, կան սարքեր, որ հոսանք են տալիս, կան, որ տաք ջու՞ր:
ՊԱՊԻԿՅԱՆ- Ճիշտ այդպես, պարոն վարչապետ, բայց դրանցով հնարավոր չէ տները տաքացնել։
Գլխի թեթև ժեստերով, տողատակերում հետևյալ միտքը փոխանակեցին՝ կարող ենք չանհանգստանալ, բնակարանների ջեռուցումը մնալու է միայն գազի հույսին, եթե մեզ հաջողվի կասեցնել փայտով ջեռուցումը:
Իսկ ի՞նչ կստացվեր, եթե ջեռուցումը կատարվեր արևով, դա մեր հելիոֆիկացիայի ծրագրի «մեխն» է: Գյուղերում գազի սպառումը կնվազեր, իսկ որոշ դեպքերում կբացառվեր, մարդկանց ինչին է պետք թունավոր, պայթյունավտանգ ու թանկարժեք գազը, եթե կա արևի հավերժ էժան էներգիան, որը կարելի է կուտակել ամռանը և օգտագործել ձմռանը: Նման զարգացումների դեպքում Փաշինյանի համար կառաջանա քաղաքաբնակների դժգոհության մի հզոր ալիք, ինչը կծնի անցանկալի քաղաքական զարգացումներ։ Գազի գինը ստիպված կլինեն բարձրացնել, ըստ «ՀայՌուսգազարդի» ԵՆՆ-ի, որը կբերի ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ բարձրացման ու գազ սպառողների կամ, որ միևնույնն է, քաղաքաբնակների դժգոհություններին: Դրանց նախանշաններն արդեն կան, արդեն հայտնվել է մի նոր մորուքավոր շարժում... որ աշխարհին հեղափոխական զարգացման նոր ճանապարհ է ցույց տալիս։
«ՀայՌուսգազարդը» քաղաքացիներիս հաշվին հարստանալու համար մի պայման էլ է դրել: Համաձայնագրի հոդված 6-ում գրված է՝ գազի խնայողության ու էներգախնայողության ոլորտում համատեղ ծրագրերի մշակում ու իրականացում: Դժվար է հասկանալ, թե ներկա Հայաստանում ինչպես է պետք շարունակել հելիոֆիկացիայի ներդրման գործընթացը, եթե ի սկզբանե այն դեմ է «ՀայՌուսգազարդի» ԵՆՆ-ին: Այդ չարաբաստիկ ԵՆՆ-ն ոչ ոք չի կարող շրջանցել, անգամ հեղափոխական վարչապետ Փաշինյանը, որովհետև մենք, չնայած «իմքայլականների» պնդումներին, չենք ցանկանում պայքարել մեր իրական անկախության համար, դրան պատրաստ չեն, առաջին հերթին, մեր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ողջ լինենք ու առայժմ մտածենք Արցախի հելիոֆիկացիայի մասին, մայր Հայաստանի համար այն դեռ վաղ է, իշխանությունների համար կարևոր է, որ Ամուլսարի կեղտերը ջրի երես դուրս չգան:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ