ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ես վերադարձա

Ես վերադարձա
19.04.2019 | 02:01

ՆՎԵՐ ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

...Իսկ հետո գալիս է դատարկությունը: Անիմաստ ու անդուռ դատարկությունը, դու դառնում ես մեխանիզմ` ամեն ինչ անում ես, ինչպես կարգն է, բայց ինքդ չկաս, հոգիդ դատարկ է ու նույնիսկ ինքդ քեզ չես լսում, որովհետև իմաստ չկա: Իմաստ չկա, կա երկար-երկար ճանապարհ, որ քայլում ես` առանց զգալու, առանց տեսնելու ու լսելու, պարզապես անտարբեր անցորդի պես անցնում ես կյանքիդ միջով ու սպասում ես` երբ է պատմությունն ավարտվելու: Հոգիդ դատարկ է` անամպ երկնքի պես, որ ի վերուստ ծաղրում է քեզ ու ճանապարհդ ականապատում, որ ամեն քայլին մի պայթյուն քեզ կյանք վերադարձնի: Բայց դու անցնում ես հիշողության պայթյունների միջով ու միայն մռայլ ծիծաղն է քո պատասխանը` հետո ի՞նչ: Ամեն ինչ եղել է, իսկ հիմա ոչինչ չկա: Եղել է` չկա: ՈՒ չկան զրնգում է քո ականջներում ավելի տևական ու կտրուկ, քան ներկայի որևէ ձայն, որովհետև ներկայի առաջ դու խուլ ես, անցյալի հետ` պատերազմի մեջ, իսկ ապագայի առաջ` անտարբեր: Չկան զրնգում է քո ոտնաձայներում` դու քայլում ես առանց ստվերի, որովհետև քեզ համար չկա ոչ առավոտ, ոչ կեսօր, ոչ երեկո: Կա համատարած գիշեր` օրը 48 ժամ գիշեր, որովհետև դու ժամանակի զգացողությունն էլ ես կորցրել, ժամանակը քեզ համար դարձել է ծակոտկեն ժապավեն: Ոչ` փշալար: Կպչում ես` ծակում է ու արյուն չի գալիս: Ցավը հոսում է ոտքերիդ մեջ, տեղավորվում գլխումդ, կաթում է մատներիցդ, բայց արյուն չի գալիս: Դու արդեն արյուն չունես: Քո արյունը կանգ է առել երակներումդ ու վաղուց չի պտտվում` ի՞նչ իմաստ ունի: Դու շարժման բացասումն ես, որովհետև շարժումը կյանք է, իսկ դու կանգ ես առել ու շարժվում ես` առանց շարժվելու: Դա հակասում է բնության բոլոր օրենքներին, բայց ի՞նչ կապ ունեն օրենքները քեզ հետ, դու ոչ օրենքից դուրս ես, ոչ օրենքի դեմ, դու անտարբեր ես: Իսկ երբ անտարբեր ես, օրենքները սահում են անձրևի շիթերի պես ու մեկտեղվում, որ մի օր պատեհ պահին խեղդեն քեզ: Դու ինքդ էլ խեղդվում ես օդի պակասից, ագահորեն շնչում ես, բայց դատարկությունը, որ նաև թոքերիդ մեջ է, թթվածնին դուրս է արտամղում ու քեզ մնում է ընտելանալ առանց շնչելու ապրելուն: Որովհետև դու ելք չես որոնում` դու պարզապես քայլում ես, որովհետև քայլելն անիմաստ է ճիշտ այնքան, որքան կանգ առնելը:


Շրջանը փակ է, կենտրոն չունի: Շառավիղներն արդեն հալվել-մաշվել են, շրջանը վերածվել է գնդի, որ տատանվում է, ճոճվում է, սպառնում է, հարվածում է` ինչ էլ անում է, մնում է անշարժ: Ինչպես կարող է շարժվել` ինչ չկա: Իսկ եթե կա, ինչու՞ քեզ հետ չէ: Քեզ մնացել է միայն ծիծաղը, որ ծիծաղ չէ, այլ անբնական արձագանք, երբ ինչ-որ մեկը փորձում է քեզ հարց տալ կամ պատասխան ստանալ: Դու հեգնում ես, ծիծաղում ես, ծաղրում ես, հրճվում ես, որ չնկատեն բացակայությունդ: Եվ ոչ ոք չի հասկանում, որ դու պաշտպանվում ես, որովհետև աշխարհում ամեն ինչ հիմա քեզ համար օտար է, խորթ, վտանգավոր ու անծանոթ: Աշխարհում ամեն ինչ քեզ համար հիմա սպառնալիք է, որովհետև դու չգիտես` ով ես ու ինչ պիտի անես: Դու արդեն ժամանակ չունես` ինքդ քեզ հետ ծանոթանալու: Դու շտապում ես, որովհետև ժամանակի զգացողությունը կորցրածի համար ժամանակը կանգ չի առնում, նույնիսկ արագանում է ու պահը հավերժության գին ունի: Բայց հավերժությունը ոչինչ է, երբ քեզ ոչ ոք չի սպասում ու դու ոչ մեկին չես սպասում: ՈՒ դու սկսում ես բառերը կտրտել թարմ կանաչու տրցակի պես, կտրտել ու լցնել մի կաթսայի մեջ, որ խողովակ է ընդամենը, որովհետև իրական կաթսան փակ տարածք է, իսկ քո կտրտած բառերը լցվում են-լցվում ու քո կաթսան մնում է դատարկ: Դու չես կարողանում խողովակի ծայրը փակել, որովհետև անցյալում ոչինչ չես կարող փոխել: ՈՒ դու ծնկում ես այդ ամենակուլ խողովակի առաջ, որտեղ արդեն ոչ միայն բառերն են կտրտվում ու լցվում, այլև ինքդ: Եվ կաթսան չունի կափարիչ, և խողովակը չունի պատեր: Գրավիչ պատկեր է` տանդ պատին ունենալու համար:


Հիմար հարց` իսկ դուք սիրու՞մ եք նկարել: Ոմանք սիրում են: Ոմանք նույնիսկ կարողանում են: Ոմանք գնում են ոմանց կտավներն ու նրանց պատերը ծանրանում են ուրիշների ճիչերով: Դադարիր վախենալ ամեն ինչից ու սկսիր ապրել: Սկզբի համար սովորիր շնչել, հետո շարժվել և գուցե ինչ-որ պահի կարողանաս անգամ ժպտալ, ոչ թե շուրթերդ ծամածռել: Դադարիր վախենալ դատարկ պատերից, և շնչառությունդ կվերադառնա, որ արյունդ շարժի: Կամ` խեղդիր, կամ` խեղդվիր: Գրադարանների մեռած բառերը քո հոգսը չեն, դու հոգս չունես, քո միակ հոգսը առավոտյան արթնանալն է, երբ չունես ժամանակի զգացողություն, ու խոսում են ձկները:

Սա ի՞նչ էր: Չգիտեմ: Լինում են օրեր, երբ պետք չէ մտածել: Դու պարզապես շատ երկար ժամանակ չես տեսել Մարիամին: Նա այլևս չի գալիս: Նա ոչ թե խռովել, այլ կտրվել է: Մարիամը չի կարող ոչ խռովել, ոչ կտրվել, ոչ կոտրվել: Ինչու՞, նա առաձգակա՞ն է: Ոչ, նա Մարիամն է: ՈՒ նա գիտի, որ անձրև միշտ է գալու: Հետո ի՞նչ: Այսօր անձրև չի գալու, այսօր դու ես գնալու Մարիամի մոտ ու ասելու ես` ինչ երբեք չես ասել: Ասելու ես, որ խաչի վրա մի քիչ քիչ էր ցավը, որովհետև Մարիամը փաթաթվել էր մորդ ու աշխատում էր իր մարմնով ծածկել քեզ, որ մայրդ մեռնելդ չտեսներ: Ասելու ես, ավելի ճիշտ էր, որ Մարիամը ծածկեր մորդ դեմքը, բայց գիտես, որ Մարիամը դա երբեք իրեն թույլ չէր տա, որովհետև նա քո մայրն էր: Ոչինչ էլ չես ասելու, որովհետև երբ գնաս` Մարիամը հասկանալու է` ինչու՞ ես եկել ու անիմաստ է ասել, որ եկել ես, որովհետև կարոտել ես… մորդ:


Դու նրա քնքշանքը միշտ ես զգացել, բայց նաև զգացել ես, որ նա քեզ երբեք չի վերաբերվել իբրև իր զավակի, նա քեզ միշտ վերաբերվել է իբրև Աստծու, ում կորցնելու է` իբրև իր զավակի: ՈՒ աշխարհում չի եղել ոչ ոք, որ հասկանա մորդ ցավը, որովհետև դու դու էիր, իսկ հայրդ հայրդ չէր: Մայրդ ամեն օր աղոթում էր, դու երբեք չէիր լսում նրա բառերը, դու լսում էիր նրա շշնջոցը, որ մեկ արագանում էր, մեկ դանդաղում: ՈՒ երբ նա խոսում էր դանդաղ, Աստծուց խնդրում էր, որ միտքը փոխի ու քեզ չտանի: Նա երկար ընտրում էր բառերը, որ համոզի, որ չզայրացնի, որ բացատրի: Դու երբեք մորդ լաց լինելիս չես տեսել, բայց նրա աչքերը միշտ անհույս տխուր էին, ու երբ նա նայում էր քեզ, դու ուզում էիր փախչել: Մայրդ քեզ երբեք չէր ասում` ինչ անել ու ինչ չանել, նա միայն ասում էր` ինչ է ինքն ուզում, որ դու անես: Այդքանը: Դու հաճախ նրան չէիր լսում: Նա ոչ մի անգամ չհարցրեց` ինչու՞: Դու նրան սիրում էիր ու նույնիսկ ուրախ էիր, որ մեռնելու ես նրանից առաջ, որովհետև չէիր կարող դիմանալ նրան չունենալու ցավին: Նա միակ մարդն էր երկրում, ում դու չէիր կարող հարություն տալ, որովհետև մայրդ ու դու նույն էությունն ունեիք:


Կափառնայումում թափառելիս, երբ ամիսներով նրան չէիր տեսնում, երբեք չէիր կարոտում, որովհետև բավական էր նրան հիշեիր, որ զգայիր նրա ներկայությունը կողքիդ ու նույնիսկ նրա ձեռքը քո ձեռքի վրա: Երբ երեխա էիր, մայրդ միշտ բռնում էր ձեռքդ` մինչև քնես: ՈՒ դու հիմա էլ զգում ես մորդ ձեռքը քո ձեռքի վրա` տաք, թեթև ու ցավը իր մատների մեջ հավաքող, քեզնից հեռացնող ձեռքը: Դա քո կյանքի առաջին հրաշքն էր, որ դու երբեք չես մոռանա: Մարիամը քեզ համար գինի կլցնի ու երբ մի քանի կաթիլ թափվի` շփոթված կնայի քեզ ու կփորձի այնպես մաքրել, որ հետքեր չմնան: Ինչու՞: Դու դա չգիտես, ինքն էլ չգիտի: Քո ներկայությամբ նա ջանում է աննկատ շարժվել, ասես ջանում է չդիչպել քո հիշողություններին, որովհետև զգում է, որ երբ դու լռում ես, քո լռության մեջ մարդիկ ու իրադարձությունները պտտվում են կատաղած արագությամբ: Մարիամը կառչել էր մորդ ձեռքերին ու ծնկի եկել նրա առաջ: Մարիամը անընդհատ խոսում էր, խոսում էր, խոսում էր, իսկ մայրդ Մարիամին չէր լսում, մայրդ նայում էր քեզ, ու դու զգում էիր, որ կմեռնես հենց այն պահին, երբ մայրդ աչքերը թարթի: Նա աչքերը չէր թարթում, որովհետև ինքն էլ գիտեր, որ քո կյանքը իր հայացքի մեջ է: ՈՒ դա կտևեր անվերջ, եթե Մարիամը ոտքի չկանգներ ու մարմնով չծածկեր քեզ: Մարիամը չէր ուզում, որ դու արնաքամ լինես խաչի վրա, իսկ մայրդ մեռնի քո աչքի առաջ ու քեզնից առաջ: ՈՒ հիմա Մարիամը շարժվում է` առանց շարժվելու, որ չդիպչի քո հիշողություններին ու ակամա ցավ չպատճառի: Աշխարհը հրաշալի է: Բայց դու այսօր Մարիամի մոտ չես գնա: Դու կգնաս Մարիամի մոտ, երբ կկարողանաս նրա հետ խոսել ոչ թե քո, այլ իր մասին: ՈՒ դա կլինի երկար ու գեղեցիկ պատմություն, բայց ոչ ձիթենիների տակ, այլ անպայման ծովի ափին, որովհետև դու ուզում ես Մարիամին լուսաբաց նվիրել, երբ լույսն անջատվում է խավարից ու ծովը սկսում է շնչել: Սկսվում է օրը, որը ոչ մեկինդ էլ չէ, բայց դուք բացարձակ անտարբեր եք աշխարհի նկատմամբ, որովհետև ձեր աշխարհը ոչ մեկի հետ չեք կիսի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հատված «Ego eimi» գրքից

Դիտվել է՝ 59986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ