Տարին հավաքում է փեշերը։ Եվրասիական փորձագիտական ակումբը դեկտեմբերի 23-ին «Մետրոպոլ» հյուրանոցում հրավիրել էր տարեվերջյան ամփոփիչ նիստը, որ համատեղել էր «3 տարի ԵԱՏՄ-ում` ձեռքբերումներ ու հեռանկարներ» համաժողովի հետ։ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը բացման խոսքում նշեց, որ ակումբը շարունակելու է ազնիվ և անաչառ աշխատանքը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ուսումնասիրման ուղղությամբ: «Մենք ակտիվորեն մասնակցում ենք եվրասիական տնտեսական ինտեգրմանը, ուշադրությամբ ուսումնասիրում ենք խնդիրներն ու թերությունները, բարձրացնում ենք պատասխան ակնկալող հարցերը։ Մենք հավատում ենք, որ ԵԱՏՄ-ն մեծ ապագա ունի, հավատում ենք, որ եվրասիական ինտեգրացիան ունակ է բարելավելու մեր երկրների տնտեսական վիճակը, ավելի բարվոք վիճակ ստեղծելու մեր ժողովուրդների համար, նպաստելու մեր հանրությունների միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը համընդհանուր կարևորություն ներկայացնող խնդիրների լուծման համար»,-ասաց նա: Արամ Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց եվրասիական փորձագիտական ակումբի անդամներին իրենց կատարած ուսումնասիրությունների ու կանխատեսումների համար և հպարտությամբ հայտարարեց, որ ակումբը շարունակելու է գործունեությունը` իր նպաստը բերելու Հայաստանի քաղաքական, տնտեսական, պատմամշակութային զարգացմանը։
Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը համարեց կայուն հիմք համատեղ առաջընթացի համար։ Նա արձանագրեց, որ ԵԱՏՄ-ում դեռ կան որոշ արգելքներ, բայց աշխատանք է տարվում այդ խոչընդոտները վերացնելու համար: Միասնական տնտեսական տարածքում ազատականանում են շուկաները` տրանսպորտային ծառայությունների, արտահանման. հետայսու արտահանվող ապրանքները մակնշվելու են` «Արտադրված է ԵԱՏՄ-ում»։ Իգոր Նազարուկը նշեց, որ փոխադարձ առևտուրը աճել է 27 տոկոսով, արտաքին առևտուրը` 25 տոկոսով: Արդյունաբերության ոլորտում աճը կարող է կազմել` 2,5 տոկոս, գյուղատնտեսությունում` 3,2: Դեսպանը նկատեց, որ Հայաստանում հենց այս ուղղություններով ցուցանիշները համեմատաբար բարձր են: «Այս ցուցանիշներն ավելին կլինեին, եթե մեր գործընկերները չլինեին պատժամիջոցների ներքո: Մեր գործընկերները, այդ թվում՝ մենք, զգացինք տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը»։ «2018-ին մենք ակնկալում ենք թռիչք, վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կանի հնարավորը: Քննարկումներ են անցկացվում ԵԱՏՄ-ի գործընկեր պետությունների հետ` համագործակցությունն ընդլայնելու համար: Ավարտում ենք Իրանի հետ քննարկումները, Իսրայելի հետ քննարկումներում դրական տեղաշարժեր կան, նույնը Ինդոնեզիայի դեպքում: Մենք կանգ չենք առնում նույն տեղում, պետք է շարունակել ջանքերը` զարգացնելով տարբեր շուկաներ»,- ասաց դեսպանը: Որպես նոր գործոն դեսպանը նշեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որ կարող է բարձրացնել
տարածաշրջանային միավորումների արդյունավետությունը: Դեսպանը նաև նշեց, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ընդունվեց 20 փաստաթուղթ, այդ թվում՝ հայտարարությունը ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժն ամրապնդելու, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն աջակցելու մասին:
ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր ՈՒրազաևի կարծիքով` չնայած բոլոր խոչընդոտներին, ԵԱՏՄ երկրներն ընդգծում են զարգացման դրական դինամիկան: «Ամենալավ տվյալները Հայաստանինն են, թե 2016-ին, թե 2017-ի դեռ վերջնական չամփոփված տվյալներով: Խոսքն արտահանման դրական դինամիկայի մասին է, թե ԵԱՏՄ երկրներ, թե երրորդ երկրներ»,- ասաց դեսպանը: Նա նկատեց` Հայաստանում IT ոլորտը հատկապես աչքի է ընկնում, դեռ խորհրդային տարիներից էր այդպես։ Նրա կարծիքով` այս ոլորտը կարող է տնտեսությունների զարգացման առաջատարը դառնալ: Թիմուր ՈՒրազաևը համոզված է` անկեղծությունը պետք է լինի ԵԱՏՄ-ում համագործակցության հիմքը, միմյանցից չպետք է հարկեր թաքցնել. «Փոքր սուտը կարող է մեծ անվստահություն առաջացնել»: Դեսպանը համոզված է` ԵԱՏՄ-ում քաղաքականությունը պետք է լինի նվազագույն. «Սա մեր դիրքորոշումն է: Քաղաքականությամբ մարդկանց չես կերակրի, աշխատավարձ չես բարձրացնի, դա ընդամենը գործիք է տնտեսական հնարավորությունները առավելագույնի հասցնելու համար»: Ղազախստանը մնում է իր դիրքորոշմանը` տնտեսությունների ինտեգրումը մեկ, միասնական տնտեսության մեջ կբարելավի հնարավորություններն ու առաջընթացի դուռ կբացի:
ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլևի համար անսպասելի, նույնիսկ զարմանալի են Հայաստանի ամփոփիչ արդյունքները: Վերամշակող արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժեր կան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում են ակնկալում զարգացումներ: Հայաստանի օրինակը պետք է մյուս երկրների համար փորձ լինի, թե ինչպես կարելի է մոբիլիզացնել հնարավորությունները: Նա նաև բարձր գնահատական տվեց Եվրասիական փորձագիտական ակումբին, որի ուսումնասիրությունների ու գնահատականների ճշմարտացիությունը ստիպում է իրենց հետ հաշվի նստել։ Վասիլևի կարծիքով` ԵԱՏՄ-ում թերացումներից մեկը քարոզչական անբավարար աշխատանքն է, բնակչությանը պետք է բացատրել ԵԱՏՄ-ի օգտակարությունը, հաջողություններն ու ձեռքբերումները։ Նա հիշեցրեց, որ 2001-ին ԵՄ-ն 1,5 միլիարդ եվրոյի ծրագրային փաստաթուղթ է ընդունել` կանանց բացատրելու կառույցի առավելություններն ու անհրաժեշտությունը։ ԵԱՏՄ-ն, իհարկե, այդքան փող չունի, բայց աշխատանքները պետք է կատարվեն։
Եվրասիական փորձագիտական ակումբի նորընտիր անդամ, ԱԺ պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հարցրի.
-Ինչպե՞ս եք գնահատում, որ ԵԱՏՄ-ի անդամակցության երրորդ տարում Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրում։
-Նշանակում է` Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ԵՄ-ն կարևոր դերակատարություն ունի, և համաձայնագրի ստորագրումը հենց դա է վկայում։ ԵՄ-ի, այլ միությունների, այլ պետությունների, աշխարհաքաղաքական միավորների հետ Հայաստանը շահագրգռված է փոխշահավետ հարաբերություններ հաստատելու։
-Արևմուտք-Արևելք կամրջի մեր դերը, որ մենք ու ԵՄ-ն հանրահռչակում ենք, կստացվի՞։ Մենք ունե՞նք այդքան տնտեսական ներուժ։
-Պետք է մեծ աշխատանք ծավալենք, որ ստացվի։ Դա մեր տնտեսական ներուժի հետ կապ չունի, ավելի շատ քաղաքական հնարավորությունների մասին է խոսքը, որ մեր միջոցով երկխոսություն ծավալվի Արևմուտքի ու Արևելքի միջև։ Մենք այդ հնարավորությունն ունենք, մենք այն երկիրն ենք, որ դարեր ի վեր կապել է Արևմուտքն ու Արևելքը` Չինաստանից մինչև ԱՄՆ-ը կա հայկական բիզնես, մարդիկ, որ տեղի բնակչության հետ կարողանում են լեզու գտնել, գիտեն` ի՞նչ է միջազգային առևտուրը, ի՞նչ է նշանակում վատ հարաբերություններ ունեցող կողմերին նստեցնել մեկ սեղանի շուրջ։ Այդ հնարավորությունները մենք ունենք։ Որքանո՞վ մեր գործընկերները կցանկանան օգտվել այդ հնարավորություններից, ցույց կտան ժամանակը և միջազգային իրավիճակը։
-2018-ը ի՞նչ տարի կլինի։
-Լավ տարի, լուրջ տնտեսական առաջընթաց կունենանք, տնտեսության կառուցվածքի բարեփոխումները շարունակվելու են, և արդեն 2018-ի վերջին կունենանք ավելի մրցունակ ու ժամանակակից պահանջներին համապատասխան տնտեսություն։
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը համաժողովում ներկայացրեց «Եվրասիական ինտեգրման կրիտիկական ինֆրակառույցների մասին» զեկույցը։ Նա նշեց, որ «Նորավանքի» հետազոտություններում հատուկ տեղ ունեն կրիտիկական ինֆրակառույցները` կառույցների ակտիվները, ռեսուրսները և ոլորտները, որ վճռորոշ նշանակություն ունեն ազգային անվտանգության և պետության ու հասարակության արդյունավետ գործառնության համար։ Նախապես շեշտադրվել է Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը, սակայն արագ պարզվել է, որ գործնականում հնարավոր չէ մասնագիտական կառույցների ամրապնդման ու զարգացման կիրառական խնդիրներ լուծել` առանց այլ ոլորտների հետ կապելու, օրինակ, երկրի տնտեսական հնարավորությունների։ Կրիտիկական ենթակառուցվածքների իրական անվտանգությունը պարոն Հարությունյանը բոլոր ոլորտներում կապում է գիտատեխնիկական զարգացման ոլորտի հետ, որը ենթադրում է մնացած ինֆրակառուցվածքների անվտանգությունը։ Նա հիշեցրեց, որ հեռու անցյալում չինացիները միանգամայն հիմնավորված պնդում էին, որ այս կամ այն երկրի գրավման առավել արդյունավետ միջոցը այնտեղ կրթական սեփական համակարգի ներդրումն էր։ Հիմնականում այդ մոտեցման շնորհիվ տարբեր ազգություններից ձևավորվեց միասնական չինական կայսրությունը։ Չինացիները, ինչպես ժամանակին հույները հելլենիզմի դարաշրջանում, այլ հասարակությունների էին փոխանցում իրենց գիտելիքներն ու ուսուցման մեթոդները` նպաստելով ժողովուրդների զարգացմանը։ Իրավիճակը փոխվեց կայսրությունների կայացման շրջանում։ Նոր կայսրությունների շինարարները լավ հասկանում էին «Գիտելիքը ուժ է» բանաձևը և ամեն ինչ անում էին, որ օտարները իրենց գիտելիքներին չտիրանան։
Նույն քաղաքականությունը վարվում է նաև հիմա` հետխորհրդային երկրներից ուղեղների արտահոսքի տեսքով։
«Հայաստանի տնտեսության ձեռքբերումները 2017-ին և ԵԱՏՄ-ի արդիական խնդիրները» ներկայացրեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը։ Նրա գնահատականով` ինտեգրացիոն գործընթացների առանցքային նպատակը մրցունակության բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար կարևոր նշանակություն ունի պատրաստի արտադրանքի արտահանումը, հումքի արտահանումը դժվար չէ։ Հայաստանի համար նա առանցքային խնդիր անվանեց արտահանումը ՀՆԱ-ի 30 % դարձնելը, որտեղ պետք է գերակշռիա պատրաստի արտադրանքը։ 2017-ին արտահանումն առաջին անգամ 2 միլիարդ դոլարն անցավ` արտահանման 17 % աճ ապահովելով։ Պետք է օգտագործել ԵԱՏՄ-ի բոլոր հնարավորությունները արտահանումը 3 միլիարդ դոլարի հասցնելու համար։ 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 5 % է, ծրագրված 3,2 %-ի փոխարեն։ Աշոտ Թավադյանը կարծում է, որ պետք է համաձայնեցնել տնտեսական քաղաքականության գերակայությունները ԵԱՏՄ-ում, հստակ ամրագրել նպատակները և ձևավորել տնտեսության զարգացման նոր մոդել։
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանի զեկույցը նվիրված էր եվրասիական ինտեգրման սոցիոլոգիական խնդիրներին։ Նա նշեց, որ «Ինտեգրացիոն բարոմետր» ուսումնասիրության տվյալները, որ արել է Զարգացման եվրասիական բանկը 2012-2017-ին, թույլ են տալիս ամեն տարի ներկայացնել հասարակական հրահանգների դասավորությունը և պարզել այդ հրահանգների փոփոխություններն ու միտումները։ Եթե համադրվեն Հայաստանի հասարակության դրական վերաբերմունքը ԵԱՏՄ-ին և Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, ակնհայտ է, որ տրանսֆերտները հզոր, անմիջական գործոն են, որ որոշարկում են հրահանգները։ Ամեն տարի տրանսֆերտների աճը կամ նվազումը հանգեցնում է ԵԱՏՄ-ի նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքի։ Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները զրոյանան, բնակչության 40 %-ը դրական վերաբերմունք կունենա ԵԱՏՄ-ին։
«Հայաստանը և եվրասիական ինտեգրման էներգետիկ ասպեկտը» ներկայացրեց ՄԱԿ-ում ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա գնահատականով` 30 տարի Հայաստանն ու ամբողջ տարածաշրջանը երկու մեծ ինտեգրացիոն նախագծերի միջև են խրված։ Նա պայմանականորեն ինտեգրացիոն առանցքներն անվանեց Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ։ Իրավիճակի ակունքները նա տեսնում է 20-րդ դարասկզբում։ Արա Մարջանյանը մեջբերեց Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի 2017-ի մայիսին անցկացրած հարցման տվյալները` 1200 հարցվածների 33 %-ը ցանկալի է համարել Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ին, 32 %-ը` ԵԱՏՄ-ին, 12 %-ը` 2 միություններին, 10 %-ը՝ ոչ մեկին։ Նա ընդգծեց, որ աշխարհի ոչ մի երկիր այդքան ծանր հարված չի հասցրել Հայաստանում եվրասիական ինտեգրման ու Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքին, որքան Ռուսաստանը։ Իրավիճակը հավասարակշռվեց «Իսկանդերներով» և այլ քայլերով։ Բոլոր 4 զեկույցների մանրամասներին կարող եք ծանոթանալ soyuzinfo.am կայքում։
Եվրասիական փորձագիտական ակումբի նիստում ակումբին անդամագրվեց 5 նոր անդամ, 10 լրատվամիջոց, այդ թվում՝ «Իրատեսը», պարգևատրվեցին շնորհակալագրերով` եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի առարկայական, անաչառ և բարձրորակ լուսաբանման համար։ Հաճելի էր։ Իսկ ես մտածում էի` եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ԵԱՏՄ անդամ է նաև Ղրղզստանը, որտե՞ղ է այդ երկրի դեսպանը, ինչու՞ չի ներկայացնում իր երկրի տեսակետը։ Իսկ Ղրղզստանը Հայաստանում դեսպանատուն չունի, ինչպես Ղրղզստանում Հայաստանը դեսպանատուն չունի: ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց տարածքը «ծածկում են» Ղազախստանում դիվանագիտական ներկայացուցչությունով։ Զարմանալի չէ՞։ Չգիտեմ։ Նվազագույնը տարօրինակ է։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հավարտ համաժողովի` Արամ Սաֆարյանին հարցրի, թե ինքը ինչպե՞ս է գնահատում ԵԱՏՄ-ի 2017-ը, պատասխանեց.
-Խոստումնալից ու արժանապատիվ։ 2017-ին եվրասիական փորձագիտական ակումբը մի քանի կարևոր վերլուծություններ է արել տնտեսության, սոցիոլոգիայի, քաղաքական հետազոտությունների ասպարեզում։ Մեր բոլոր կանխատեսումները փաստացի դարձել են իրականություն։ Սեպտեմբերին մենք առաջինն էինք, որ 8 ամսվա տվյալների համեմատության և եվրասիական ընդհանուր ցուցանիշների վերլուծության արդյունքում հայտարարեցինք, որ ՀՀ ՀՆԱ-ի աճը կարող է լինել 4 և ավելի տոկոս, հակառակ, որ միջազգային կառույցները` ԱՄՀ-ն, ՀԲ-ն և Ֆիտչը տարեսկզբին ասում էին 2,3 տոկոս, հետո 3,2։ Մենք ուրախ ենք, որ 4-ից բարձր զարգացումը փաստ է։
-Այսինքն` ձեր ՕԳԳ-ն ավելի բա՞րձր է։
-Մեր հետազոտությունների արդյունքում մեր կանխատեսումների և երաշխավորությունների մակարդակը բավական բարձր է, որ մեզ դարձնում է հարգված ու սպասված գործընկեր ԶԼՄ-ների և հետազոտական-վերլուծական հանրության համար։ Մենք ուրախ ենք նաև, որ համագործակցել ենք պետական ատյանների, մասնավորապես` խորհրդարանի հետ, առանց մեր մասնակցության ոչ մի քննարկում չի եղել, և մեր անդամները իրենց ծանրակշիռ խոսքն են ասել մեր պետության քաղաքական օրակարգի բոլոր կարևոր խնդիրների վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ 2018-ին էլ նույնքան արդյունավետ կգործենք` մի քանի կարևոր հետազոտություններ արդեն ծրագրված են` Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու 190-ամյակի, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված, որ մեզ ստիպելու է նոր հայացք նետել այդ ճակատագրական իրադարձությունների վրա` վերհանելով նախկինում թույլ տրված սխալները, զերծ պահել մեր հասարակությանը և մեր զավակներին դրանց կրկնությունից, այն դրականը, որ եղել է մեր պատմության մեջ ու մեզ ուժ է տվել, մնացել է կենսունակ մինչև հիմա և պետք է դարձնել հասարակության սեփականությունը, որպեսզի դառնա ուժեղ ու ի վիճակի լինի դիմակայել մեր ժամանակների տարբեր մարտահրավերներին։
Իսկ դրսում անձրև էր, և դեկտեմբերի 23-ի համար դա շատ հաճելի էր։