«Հասուն և կայացած ժողովրդավարական համակարգ կառուցելու ճանապարհին անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը»` Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ նախագահականում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Նշելով, որ անկախության տարիներին լրատվական դաշտը հեղափոխական փոփոխություններով է անցել՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նախորդ երկուսուկես տասնամյակում ձևավորվել է «դինամիկ հասարակություն, հանրային կառույցներ և յուրօրինակ ազատ լրագրություն»:
«Անցնող տարին լի էր ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններով, որոնք եղել են ձեր լուսարձակների կենտրոնում: Դուք բազմակողմանիորեն լուսաբանել եք և անհրաժեշտ տեղեկատվությունը հասցրել հասարակության, քաղաքական կուսակցությունների և իշխանությունների ուշադրությանը»,- ասել է նախագահը՝ շարունակելով. «2017-ի կարևոր համապետական իրադարձությունը, իհարկե, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն էին: Այժմ հետադարձ հայացք նետելով՝ կարող ենք վստահաբար արձանագրել, որ այդ ընտրություններն անցան կառուցողական և համերաշխ մթնոլորտում: Ընտրություններն արժանացան մեր հանրության և միջազգային մասնագիտացված դիտորդական կազմակերպությունների դրական գնահատականին՝ արդար մրցապայքարում գծագրելով հաջորդ հինգ տարիների մեր քաղաքական խճապատկերը։ Այդ արդյունքն արձանագրելու գործում մեծ է եղել նաև Հայաստանի լրատվական դաշտի ներդրումը: Այն ճանաչվել է միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, և ես շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար»։ Անշուշտ, եղել են նաև դժվարություններ, անհարթություններ, թյուրըմբռնումներ, ասել է նախագահը՝ նշելով, որ անվրդով ընտրական գործընթաց աշխարհի որևէ երկրում գոյություն չունի, քանի որ մրցապայքարում շիկանում են կրքերը, լարվում են նյարդերը։ «Հիրավի, երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել»,- ասել է նախագահը՝ շարունակելով. «Խորապես համոզված եմ՝ չկան անհաղթահարելի խնդիրներ: Կարևորում եմ բոլոր կողմերի և դերակատարների անկեղծ պատրաստակամությունը խնդիրները բաց քննարկելու և դրանց համար լուծում գտնելու հարցում: Դա հասունության մի յուրատեսակ քննություն է, որը, վստահ եմ, մեր հասարակությունը պատվով է հանձնում: Վստահ եմ, որ բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում ձեր իշխանությունը մեր կյանքում շատ ավելի ընդարձակ դերակատարում է ունենալու, և դուք պատրաստ եք այն ստանձնելու»:
«Անցնող տարում դուք ակտիվորեն լուսաբանեցիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի աշխատանքները: Դրանով հնարավորություն ստեղծվեց այդ համաժողովին տասը միլիոն հայերի վիրտուալ մասնակցության համար: Զանգվածային լրատվության միջոցների դերը և նշանակությունը քննարկելիս պետք է մշտապես հիշենք, որ ևս յոթ միլիոն հայ ապրում է մայր Հայաստանից դուրս: Կոչ եմ անում գալիք տարիներին աշխուժացնել սփյուռքի համայնքներում գործող լրատվամիջոցների հետ կապերը: 2040 թվականին չորսմիլիոնանոց Հայաստան ունենալու իմ տեսլականի և ապագա այլ ծրագրերի մշակման ու իրականացման ընթացքում, իհարկե, ակնկալում եմ ձեր ավելի ակտիվ ներգրավվածությունը: Կցանկանայի նաև, որ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, համայնքների խոշորացման գործընթացը կամ տնտեսական աշխուժացումը, ավելի մեծ ուշադրության և խորքային գնահատականների արժանանային ձեր կողմից: Այս ցանկը, անշուշտ, ամբողջական չէ: Ես իսկապես ուրախ կլինեմ, եթե դուք հարստացնեք այն իմ ուշադրությունից վրիպած թեմաներով»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ՝ նշել է. «Թող 2018-ին հաջողությունը, երջանկությունը և խաղաղությունը միշտ ուղեկից լինեն ձեզ և ձեր ընտանիքներին: Որքան հաշտ լինենք ինքներս մեզ հետ, հավատացեք, այնքան բարձր է լինելու մեր աշխատանքի օգտակար գործողության գործակիցը»