Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Եթե մեզ հուզող հարցերի պատասխանները սկսենք փնտրել մեր մեջ, ամեն ինչ այլ հունով կընթանա»

«Եթե մեզ հուզող հարցերի պատասխանները սկսենք  փնտրել մեր մեջ, ամեն ինչ այլ հունով կընթանա»
28.07.2017 | 10:01

Թրեյնինգներին, հոգեբանական խորհրդատվությանը գալիս է լրացնելու արևմտյան երկրներում լայն տարածում գտած քոուչինգը: Քոուչի` անձնական աճի փորձագետի ծառայությունները նախատեսված են սպորտի, գիտության, արվեստի, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են առավելագույնս իրացնել իրենց ներուժը: Ի՞նչ տարածում ունի քոուչինգը Հայաստանում: Ի՞նչ է ստեղծարարության քոուչինգը: Ինչպե՞ս են արվեստագետները հաղթահարում ստեղծագործական ճգնաժամը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Kaizen Mastery» մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր, քոուչ և անձնային աճի փորձագետ ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

-«Մեծապես սիրելով կյանքը, աշխարհը և մարդկանց` ես հավատում եմ, որ մեծագույն փոփոխություններն աշխարհում սկսվում են յուրաքանչյուր անհատից». այս տողերը նշված էին Ձեր ինքնակենսագրականում: Չե՞ք կարծում, որ մարդիկ ավելի շատ փորձում են փոխել աշխարհը, շրջապատի մարդկանց, քան իրենք իրենց:
-Ճիշտ եք նկատել, իսկապես այդպես է, և պատճառներից մեկն այն է, որ «ես»-ի ձևավորումը մեր կրթական համակարգում գրեթե անտեսված է: Մինչդեռ կյանքում հաջողությունների հասնելու ամենակարևոր բաղկացուցիչներից մեկը ինքնազարգացումն ու ինքնակատարելագործումն է: Մարդիկ հաճախ դա անտեսում են` իրենց խնդիրների պատճառը փնտրելով արտաքին աշխարհում: Ես իմ թրեյնինգների ժամանակ այսպիսի օրինակ եմ բերում. եթե մարդ գլխացավի դեպքում գնում է բժշկի, բնական է, որ բժիշկը դեղահաբը նշանակում է այդ մարդուն, ոչ թե նրա շրջապատի մարդկանց: Եթե մեզ հուզող հարցերի պատասխանները սկսենք փնտրել մեր մեջ, ամեն ինչ այլ հունով կընթանա:
-Մեր երկրում ի՞նչ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր պարբերաբար հաճախում են թրեյնինգների կամ օգտվում քոուչի ծառայությունից:
-Ինձ էլ է հետաքրքրում վիճակագրությունը, որի վրա կարող ենք հիմնվել և ասել` մարդիկ այս չափով հետաքրքրված են: Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց մեզ մոտ շատ են անցկացվում թրեյնինգներ, և կան թրեյներներ, որոնք հսկայական լսարան են հավաքում: Մարդկանց մեջ աճում է հետաքրքրությունը քոուչինգի նկատմամբ ևս։
-Ովքե՞ր են դիմում ձեր ինստիտուտի օգնությանը:
-Նախ ասեմ, որ ինստիտուտ բառն օգտագործում ենք՝ բնորոշելու մեր գործունեության գիտահետազոտական բնույթը: Մարդու ներուժի զարգացման հնարավորությունների վերաբերյալ մեր ներկայացրած պնդումները ոչ թե ժամանակակից բեսթսելլերներից են, այլ ունեն գիտական հիմնավորում: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձում նեյրոգիտությանը, որը վերջին տասնամյակում շատ մեծ զարգացում է ապրում առավելապես զարգացած երկրներում և ցույց է տալիս, թե ինչքան անհիմն են պնդումներն առ այն, որ եթե մարդը բարենպաստ միջավայրում չի ծնվել, ուրեմն նրա հնարավորությունները սահմանափակ են: Մեզ դիմում են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ես աշխատում եմ բիզնես ղեկավարների, մարզիկների, ստեղծարար անհատների և պարզապես սեփական կյանքը բարելավել ձգտող անհատների հետ:
Քոուչինգը ձևավորվել է անցած դարի 70-ականներին` ԱՄՆ-ում: Հիմնադիրներից մեկը թենիսի մարզիչ է եղել` Թիմոթի Գոլվեյը։ Նրա համոզմամբ՝ այն նույն խնդիրներին, որոնց մրցասպարեզում բախվում են թենիսիստը, ֆուտբոլիստը, ըմբիշը, բախվում են նաև նրանք, ովքեր ոչ մի կապ չունեն սպորտի հետ: Գոլվեյը հավատացած էր, որ այն գործընթացները, որոնք օգնում են մարզիկին լավագույնս դրսևորելու իրեն սպորտում, կարող են օգնել յուրաքանչյուրին` կյանքը բարելավելու, մասնագիտական հաջողություններ գրանցելու ճանապարհին:
-Արվեստի, մշակույթի ոլորտի մարդիկ հետաքրքրվո՞ւմ են քոուչինգով: Մենք ունե՞նք նման մշակույթ:
-Կոնկրետ Հայաստանում` դեռ ոչ, բայց ես ապրել եմ Հունաստանում, և իմ փորձառությունը արվեստագետների հետ ցույց է տվել, որ նրանք կարևորում են քոուչի մասնագիտական օգնությունը` իրենց սեփական ներուժը բացահայտելու գործընթացում: Շատ ստեղծարար մարդկանց համար մեծ խնդիր է սեփական ստեղծարարությունը լավագույնս արտահայտելը: Արվեստագետները շատ մարտահրավերների առաջ են կանգնում` ստեղծարար գործընթացը հաղթահարելու առումով: Շատ դեպքերում նրանք սկզբնապես լինում են մոտիվացված, հետո մի խոշոր անկում են ապրում: Այդ անկումից կամ կարողանում են արժանապատվորեն դուրս գալ ու իրենց ստեղծագործությունը լույս աշխարհ բերել, կամ ուղղակի կորչում են: Շատ կուզեի հայ արվեստագետների հետ աշխատել: Դա մի ուրիշ աշխարհ է, ու անելիքներ շատ կան: ՈՒնենք թրեյնինգների մասնակցող արվեստագետներ, բայց անհատական քոուչ ունենալու գաղափարը մեզանում դեռևս ձևավորված չէ:
-Ինչպե՞ս զանազանել քոուչինգը և թրեյնինգը:
-Թրեյնինգին սովորաբար մասնակցում են մի խումբ մարդիկ, ովքեր գալիս են ինչ-որ թեմայի մասին տվյալ թրեյների գաղափարները լսելու: Մասնակիցները լսում են, հարցեր տալիս, բայց գլխավոր դերակատարն այդ դասընթացի ժամանակ դասընթացավարն է: Մինչդեռ քոուչինգը անհատական մակարդակում է տեղի ունենում: Կենտրոնում անհատն է, ում կյանքը, ներաշխարհը որևէ կերպ չեն կարող բացահայտվել թրեյնինգի ժամանակ: Այսինքն` թրեյնինգը շատ ավելի ընդհանուր գաղափարներ է տրամադրում տվյալ թեմայի վերաբերյալ, մինչդեռ քոուչինգի ժամանակ ուշադրության կենտրոնում հաճախորդն է, կարևորվում են տվյալ անհատի փորձառությունը, նրա երազանքներն ու ձգտումները կյանքում, նրա գաղափարներն ու մտքերը։ Քոուչը տվյալ անհատին բացահայտում է հարցերի միջոցով: Քոուչինգը երկխոսություն է` միտված գտնելու այն պատասխանները, որ արդեն իսկ կան հաճախորդի մեջ, բայց հաճախ աղավաղվում են այլ մարդկանց առաջարկած բազմապիսի գաղափարներով: Այս համատեքստում կարող ենք հիշել Սոկրատեսին: Ես հարում եմ այն գաղափարին, որ Սոկրատեսը եղել է մարդկության պատմության առաջին քոուչը: Նա ասել է. «Յուրաքանչյուր մարդ գիտի ճշմարտությունը: Ես մանկաբարձի դեր եմ կատարում՝ օգնելով այդ ճշմարտության լույս աշխարհ գալուն»: Սոկրատեսի մեծությունն այն էր, որ նա խոր հարցեր էր տալիս, ոչ թե պատասխաններ։ Այս տեսանկյունից քոուչինգը երբեք խորհրդատվություն չի տրամադրում, որոշակիորեն ուղղորդում է, բայց հրահանգներ չի տալիս: Քոուչը իրավունք չունի նման բան անելու, նա պիտի ձգտի օգնել անհատին` գտնելու իր ճշմարտութունը:
-Ո՞վ կարող է դառնալ քոուչ:
-Աշխարհում քոուչինգով զբաղվում են տարբեր մասնագիտությունների և փորձառությունների տեր մարդիկ, մասնավորապես՝ բիզնեսի, սպորտի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հոգեբաններ:
-Ամփոփելով կարո՞ղ եք առանձնացնել մեր հայրենակիցներին բնորոշ երկու հատկանիշ` դրական և բացասական:
-Ընդհանրացումներ անել չեմ սիրում, որովհետև կան մարդիկ, որ միշտ դուրս են մնում ընդհանրացումների սահմանից: Այնուամենայնիվ, իմ սուբյեկտիվ կարծիքով, մենք շատ ենք կառչում անցյալից` անցյալի ողբերգական իրողությունները դարձնելով ներկա իրականության մաս: Այնքան ռեսուրս, էներգիա ենք վատնում անցյալի իրողությունների դեմ պայքարելու վրա, որ ժամանակ չի մնում ներկա մարտահրավերների, էլ չասեմ` ապագան կերտելու մասին մտածելու համար, ինչը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, նաև պետության զարգացման համար: Զոհի մտածողության դրսևորումներ ունենք, որ մեզ խանգարում են:
Դրական հատկանիշը, որով աչքի ենք ընկնում, հաստատակամությունն է: Դա նույնպես կապված է մեր պատմության, անցյալում մեր ապրած դժվարությունների հետ: Երբ սովորում էի Հունաստանում, ինձ համար հաճելի էր տեսնել, որ հայ ուսանողներն առանձնանում են աշխատասիրությամբ, նվիրվածությամբ: Հույները, օրինակ, առավելապես հանգստի սիրահար են, աշխատասիրությունն իրենց առօրյայի կարևոր մաս դարձնելու կարիքը չունեն: Աշխատասիրությունը, ընտրած գործին նվիրվածությունը, հաստատակամությունն այն հատկանիշներն են, որ պետք է պահպանենք ու օգտագործենք մեր երազանքներին հասնելու ճանապարհին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ