«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Կրթությու՞ն, թե՞...

Կրթությու՞ն, թե՞...
20.09.2016 | 00:41

Կրթությունը գիտության դուռն է, որ պետք է բախել համբերատար և հետևողականորեն:
Ի՞նչ է գիտությունը. մարդկության կուտակած փորձարարական գիտելիքները իր միջավայրի մասին, իր կեցությունը և կենսափորձը: Ի՞նչ է կրթությունը. գիտելիքների և կենսափորձի փոխանցումը սերունդներին: Ինչո՞վ է տարբերվում մերօրյա գիտությունը դարեր առաջ եղածից:


«Արդյունաբերական հեղաշրջում». այսպես է կոչվում ժամանակակից գիտության և նախորդած գիտության միջև պատմական սահմանագիծը, որը կախարդական փայտիկի պես իրականության վերածեց մինչ այդ եղած մտածողների կողմից թղթին հանձնված գծագրերը և ծրագրերը: Իկարոսից և Դեդալոսից մինչև Դա Վինչի մարդկությունը երազում էր թռչել , բայց միայն 19-րդ դարի երկրորդ կեսից իրականացավ այդ երազանքը: Ձիուն փոխարինելու եկավ ձիաուժը, մարդուն` սեղմակոճակը: Այդ սահմանագծից այս կողմ այն, ինչ մի ժամանակ հավատ էր, դարձավ կասկած, իսկ անհավատալին, անհավանականը և սուտը` ապացուցելի իրականություն: Սուրբ գիրքը դադարեց ճշմարտության աղբյուր լինելուց, փոխարենը վերածվեց տեղեկատվության լրացուցիչ հատորի, որին մերօրյա վայ-գիտնականները դիմում են հազվադեպ և կասկածամտորեն: Այսօր գիտությունը համարում է, որ արդեն հասել է իր առջև դրված գերնպատակին՝ մարդուն ազատել իր վախերից և Աստծո «մտացածին» գաղափարին անհարկի կապվածությունից:

Այսօր այլ են և՛ դաստիարակությունը, և՛ կրթությունը: Չարը շատ լավ հասկանում է, որ բարու և չարի ընտրության կարողությունը ևս փոխանցվում է սերնդեսերունդ: Ի՞նչ պետք է անել բարու առաջընթացին խոչընդոտելու համար. կանգնել սերունդների միջև, անցյալի ու ներկայի միջև, արմատի ու պտղի միջև, թշնամացնել սերունդներին, խեղաթյուրել անցյալը, թունավորել արմատից պտղին անցնող կենսահյութը: «Հայրեր և որդիներ» հավերժական հակադրության միջև ճշմարտությունը խաչվեց ու հառնեց, բայց արդեն հարություն չեն առնի անաստվածության ոգով կրթված ու «լուսավորված մեռած հոգիները», որոնք համոզված են, որ Աստծո հանդեպ հավատը զգալիորեն կհեշտացներ իրենց կյանքը, բայց և խոստովանում են, որ, չնայած Աստծուն հավատալու իրենց մեծ ցանկությանը, չեն կարողանում հավատալ, որովհետև այդ կերպ են դաստիարակվել: Մի՞թե սոսկալի չէ: Տխրահռչակ Չառլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատության անհեթեթ գաղափարները այսօր ամբողջովին հերքվում են գիտության նորանոր նվաճումների շնորհիվ: Անկարող լինելով իր տեսության շրջանակներում տեղավորել տեսողական համակարգի բարդ և կատարյալ կառուցվածքը` Դարվինը խոստովանել է, որ արդեն ինքն իսկ վստահ չէ իր գաղափարների ճշմարտացիությանը, իսկ արդեն մահվան մահճում խորապես զղջացել է, բայց դա չափազանց ուշացած զղջում էր:

Յուրաքանչյուր հավատավոր մարդ կարող է վստահաբար փաստել՝ Աստված կա: Այսօր արդեն գիտությունը` ոչ վարկածային, այլ փորձարարական, հենվելով ֆիզիկայի օրենքների վրա, ևս փաստում է Աստծո գոյությունը: Սակայն դպրոցական սեղաններից չեն շտապում առմիշտ հավաքել կապկից մարդու առաջացման մասին պատմող հոգեցունց շարադրանքը, գոնե դրա կողքին չեն ներկայացնում այլ վարկածներ: Տարեցտարի կրթական համակարգում կատարվում են ինչ-ինչ «բարեփոխություններ», որոնք ավելի շուտ փորձանքի դուռ բացելու փորձեր են հիշեցնում, քան առաջադիմելու ջանքեր: Այդ ամենի հետևանքով արդեն տարիներ շարունակ հայ աշակերտը չգիտի, թե ինքն ինչ է սովորում, ում համար և ինչ նպատակով: Շատանում են ուսման հետ կապված անհաջողություններից հոգեկան ցնցումներ ապրող դեռահասները, որոնք, ըստ էության, սովորում են ոչ թե գիտելիքի, այլ մեդալի կամ դիպլոմի համար: Ճշմարիտ և կեղծ գիտության սահմանում ու սահմանազատում չկա:

Փոխարենը կա խղճի, խոսքի, դավանանքի, համոզմունքների, սիրո մի «ազատություն», որը կարծես բավարարում ու գոհացնում է բոլորին: Ի՞նչ պետք է անել, որպեսզի ներկայի ամեն մի պահը անցյալ ու պատմություն դառնա արժևորված: Այսօր հասարակությունը զուրկ է արժևորվելու արժանի արժեքներից: Իսկ ինչո՞ւ: Որովհետև այսօր մարդուն մտահոգում է պահը, ոչ թե հավիտենությունը, կյանքի հետ նրան կապում է այն կորցնելու վախը, ոչ թե նրա հանդեպ սերը, որովհետև մարդը չգիտի, թե ինչ է կյանքը: Այս աշխարհում երջանիկ կյանքի հնարավորության կեղծ գաղափարախոսությունը բերեց կեղծ արժեքներ, կեղծ գիտություն, կեղծ կյանք, որով իրականում մարդու մեջ սպանեց ապրելու իղձը: Կա գիտություն Արարչի` Աստծո մասին, և կա գիտություն արարչության մասին: Եվ եթե մարդը չգիտի, որ կա իրեն սիրող, ներող, կանչող ու ընդունող Աստված, նա սխալ կհասկանա նաև արարչությունը, սխալ կկազմակերպի իր կենցաղը, սխալ կապրի իր կյանքը:

ՈՒ թեև գիտությունն այսօր արդեն փաստում է Աստծո գոյությունը, սակայն ուրանում է Նրա զորությունը. գիտության համար Աստված ոչ թե նպատակ է, այլ գիտական եզրահանգում, «որովհետև հոգևոր բաները հոգևոր կերպով են ընկալվում», խոսքը, իհարկե, առանձին հավատացյալ գիտնականների մասին չէ: Մերօրյա գիտության ու կրթության միասնական խորհրդանիշը արտահայտվում է մեկ բառով` համակարգիչ, որպես գիտության կարևորագույն նվաճում և ժամանակակից կրթության անփոխարինելի աղբյուր: Եվ ինչպես այս աշխարհը լի է շինարարական ու կենցաղային աղբով, իսկ մարդու հոգին` մեղքի աղտով, այնպես էլ համակարգիչը, ի դեմս վիրտուալ աշխարհի` համացանցի, որը մարդու ներաշխարհի և արտաքին աշխարհի ընդհանուր վիճակի հայելանման արտացոլումն է, իր մեջ համակարգում է ամենաբազմազան տեղեկատվական թափոններ, որոնք ոչ մի կապ չունեն կրթություն գաղափարի հետ և վնասակար են մարդու ներաշխարհի համար: Մարդը վաղուց արդեն հոգևոր էակ չէ և սկսում է դադարել նաև մտածող էակ լինելուց, որովհետև սովորել է, որ իր փոխարեն մտածում է ուրիշը, պատրաստ է իբրև սեփական ընդունելու օտարի պատրաստի գաղափարները, որ չհոգնի:


Արդյունաբերական, տեխնիկական, ինֆորմացիոն հեղաշրջումները մարդուն ուղղակի և անուղղակի կերպով շրջապատեցին մահով և կտրեցին կյանքից, բայց գիտատեխնիկական «առաջընթացից» ևս կարելի է գոնե փոքր օգուտ քաղել՝ «չկա չարիք առանց բարիքի» տարբերակով:


Այս տարի, կրթությունը բարեփոխելու բազմաթիվ փորձերից հետո, համապատասխան մարմինները կարծես հասկացել են, թե ինչ պետք է անել նախքան կրթությունը բարեփոխելը. նախ պետք է պարզել, թե հատկապես ինչը պետք է բարեփոխել: Այժմ կփորձեն ստեղծել կրթության մակարդակի ու որակի վիճակագրությամբ զբաղվող կենտրոն, որպեսզի հնարավորինս ճշգրիտ ու հստակ տվյալներ ունենան կրթօջախներում ուսման մակարդակի, կրթական ծրագրերի նպատակայնության և կրթության ընդհանուր վիճակի մասին: Եթե այս փորձը հաջողվի, եթե այս նախաձեռնությունը իսկապես կրթության հանդեպ սրտացավության արտահայտություն է և ոչ թե ներդրումներ ներգրավելու և փողեր փոշիացնելու մոլի տենչ, ուրեմն կարելի է հուսալ, որ արդեն մոտ ապագայում մենք կարող ենք խոսել կրթության որակի իրական փոփոխությունների մասին:


Կրթությունը այն է, ինչ մնում է ուսումից հետո, գիտությունը ուժ է: ՈՒսանել նշանակում է ոչ թե պարզապես տեղեկանալ, այլ ճանաչել սեփական եսը, ծագումը, նպատակները, գիտենալ այդ եսի տեղն ու դերը այլոց կողքին` ի նպաստ հասարակության հոգեմտավոր առաջընթացի և իրական կատարելագործման։


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2978

Մեկնաբանություններ