Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Մեծ գուսանի տաղերի ռուս առաջին ուսումնասիրողն ու թարգմանիչը

Մեծ գուսանի տաղերի ռուս առաջին ուսումնասիրողն ու թարգմանիչը
24.05.2016 | 01:00

Այսօր երևի քչերը գիտեն, որ Սայաթ-Նովային նվիրված առաջին բանաստեղծությունը գրել է ՅԱԿՈՎ ՊՈԼՈՆՍԿԻՆ: Նրա այդ գազելը, որ ստեղծվել է հանճարեղ գուսանի տաղերի խոր ազդեցությամբ, տպագրվել է 1851 թ., այն ժամանակ, երբ Սայաթ-Նովայի անունն անգամ հայտնի չէր, երբ Գևորգ Ախվերդյանը դեռևս չէր հրատարակել նրա «Խաղերի դավթարը»: Այն լույս է տեսել դրանից մեկ տարի անց՝ 1852-ին, Մոսկվայում: Հարց է ծագում, ռյազանցի ռուս բանաստեղծը որտեղի՞ց գիտեր Սայաթ-Նովային և ինչպես էր ծանոթացել նրա ձեռագիր Դավթարին, որ մեծ ոգևորությամբ նրան է նվիրել իր այդ գազելը:

Եկեք, մինչ այդ մասին խոսելը, մի փոքր հետ գնանք և ծանոթանանք Յ. Պոլոնսկու կենսագրության որոշ մանրամասների: Նա ծնվել է 1819 թ. դեկտեմբերի 18-ին Ռյազանում, զինվորականի ընտանիքում: Հայրը՝ Պյոտր Պոլոնսկին, ռուսական բանակի սպա էր և 1830-ականներին ծառայում էր Երևանում, իշխան Բարսեղ Բեհբութովի ¥Բեհբության¤ ղեկավարության օրոք զբաղեցնում էր նորաստեղծ Հայկական մարզի կառավարչության հատուկ հանձնարարությունների գծով պետի պաշտոնը: Երևի այդ օրերին էլ նա իր որդուն պատմել էր Հայաստանի մասին, իր նամակներում նկարագրել աստվածաշնչյան լեռան՝ Արարատի վեհաշուք տեսքը և հաղորդել Նոյյան տապանի մասին լեգենդը, ըստ որի՝ համաշխարհային ջրհեղեղից հետո մարդկությունը կրկին կյանքի է կոչվել այդ սրբազան լեռան շուրջը: Եվ այդպես Յ. Պոլոնսկու սրտում հետաքրքրություն ու սեր է արթնանում դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը, դեպի նրա չքնաղ բնությունը:


Պատանի Յակովը Ռյազանի գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այնտեղ ուսանելու տարիներին ծանոթացել է հայ ուսանողների, ինչպես և մոսկվաբնակ անվանի գործիչների հետ, որոնց թվում՝ ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու, բանաստեղծ Ռ. Պատկանյանի, բժիշկ-սայաթնովագետ Գ. Ախվերդյանի և ուրիշների, նրանց հետ հաստատել սերտ կապեր: Նա ծանոթանում է նաև գրական-դրամատիկական ընկերության նախագահ Պ. Իսակովի, Ս. Աբամելիք-Լազարյանի հետ և ներկա գտնվում նրանց կազմակերպած մշակութային միջոցառումներին ու ասուլիսներին: Հռչակավոր ծովանկարչի հետ նրա մտերմությունը պատահական չէր. Պոլոնսկին դեռ մանկությունից խոր սեր էր տածել դեպի գեղարվեստը և տարբեր առիթներով զբաղվում էր նկարչությամբ: Նա իր հոր պատմածների, ինչպես և մոսկովյան սալոններում տեսած գեղանկարների հիման վրա, դեռ Հայաստանն ու Մասիսը չտեսած, երևակայությամբ 1841-ին գրել է «Արարատ» վերտառությամբ մի բանաստեղծություն, որի մեջ ճշգրտորեն ներկայացրել է Մասիս լեռան վեհապանծ պատկերը և բանաստեղծական պատկերներով տվել Նոյյան տապանի խտացված պատմությունը:


Սայաթ-Նովայի տաղերին ևս Պոլոնսկին ծանոթացել է Գևորգ Ախվերդյանի միջոցով Մոսկվայում: Վերջինս նրան ցույց է տվել հանճարեղ գուսանի ձեռագիր տետրը և նրա տաղերի տողացի թարգմանությունները ներկայացրել երիտասարդ բանաստեղծին: ՈՒսանողական տարիներին մամուլում տպագրված բանաստեղծությունների հիման վրա Պոլոնսկուն նկատել են ժամանակի շատ քննադատներ ու գրողներ, ինչպիսիք են Վ. Բելինսկին, Ն. Դոբրոլյուբովը, Ա. Գերցենը, Ն. Գոգոլը, Ի. Տուրգենևը, Ն. Նեկրասովը, Ա. Ֆետը և ուրիշներ: Նա սերտ կապեր է ունեցել նաև դեկաբրիստ Պ. Չաադաևի հետ:


Յ. Պոլոնսկին համալսարանական ուսումնառությունն ավարտել է 1844-ին: Նույն տարում էլ Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Գամմաներ» վերտառությամբ, իսկ երկրորդը տպագրվել է 1845-ին:
Նրան աշխատանքի են ուղարկել Օդեսա, որտեղ երկու տարի մնալուց հետո, 1846 թ. տեղափոխվել է Կովկաս՝ իր երազած եզերքը: Այստեղ նա սկզբում եղել է «Закавказский вестник» թերթի խմբագրի օգնական, ապա նշանակվել է «Կավկազսկի կալենդար»-ի խմբագիր: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1851 թվականը, որից հետո տեղափոխվել է Պետերբուրգ:


Թիֆլիսյան գործունեության հինգ տարիների ընթացքում Պոլոնսկին աշխատանքի բերումով շրջել է կովկասյան մի շարք քաղաքներում, ավելի մոտիկից ծանոթացել հայ և վրաց ժողովուրդների կյանքին ու կենցաղին, այցելել է Երևան և վեհապանծ Արարատը տեսել իր աչքով ու սքանչացել նրա անսահման գեղեցկությամբ: Կովկասում ևս Պոլոնսկին շրջապատված է եղել նշանավոր մարդկանցով: Նրան սիրով են ընդունել Գ. Ախվերդյանը, որն այդ ժամանակ Մոսկվայից վերադարձել էր Թիֆլիս, Ի. Շերբինան, Մ. Ֆ. Ախունդովը և ուրիշներ: Մեզ թվում է, որ նա այդ ժամանակ ճանաչել է նաև Խ. Աբովյանին, հետո լսել է նրա անհետացման լուրն ու ափսոսացել: Նրա վաղեմի բարեկամ Գ. Ախվերդյանն այստեղ ավելի խորությամբ է ներկայացրել Սայաթ-Նովայի տաղերը, որոնք մեծ ազդեցություն են գործել բանաստեղծի հոգեկան աշխարհի վրա: Նա Թիֆլիսում հանդիպել է նաև հայազգի մի գեղեցկուհու՝ Սոֆյա Գուլգազին, որին հետագայում նվիրել է մի քանի գողտրիկ բանաստեղծություն, «Թիֆլիսյան խրճիթներ» պատմվածքն ու այլ գործեր: Պատմական թեմայով գրված «Իմերեթիայի թագուհի Դարեջանը» դրամայի գլխավոր հերոսուհու նախատիպ է ընտրել հենց այդ Սոֆյա Գուլգազին: Բացի այդ, լինելով վարպետ նկարիչ, ստեղծել է Գուլգազի յուղաներկ դիմանկարը: Մինչև իր կյանքի վերջը Պոլոնսկին սիրել է Գուլգազին և նրա պատկերը պահել իր հոգու խորքում, իր նամակներում ու գրություններում բազմիցս հիշատակել նրա անունը:


Թիֆլիսում Պոլոնսկին Գ. Ախվերդյանի օգնությամբ մի ուսումնասիրություն է գրել՝ նվիրված Սայաթ-Նովային և առաջին անգամ արձակ ռուսերեն է թարգմանել մեծ աշուղի խաղերից մի քանիսը, որոնք տպագրվել են Կովկասի փոխարքայության «Կավկազ» ռուսալեզու պաշտոնաթերթում: Նա Կովկասի նշանավոր քաղաքների մասին նույնպես մի գիրք է գրել, որի էջերում հավաստի տեղեկություններ է հաղորդում այդ բնակավայրերում ապրող հայերի ու վրացիների տնտեսության ու մշակութային կյանքի մասին: Միաժամանակ Պոլոնսկին Թիֆլիսում հրատարակել է չափածո գործերի երկու ժողովածու՝ «Սազանդարը» (1849 թ.) և «Մի քանի բանաստեղծություն» (1851 թ.), որոնց մեջ զետեղել է այդ տարիներին գրած իր բանաստեղծությունները՝ նվիրված Հայաստանին ու Վրաստանին: Դրանք ազնիվ մղումով նրա հոգու խորքից բխած և վարպետությամբ գրված չափածո անկեղծ խոստովանություններ են՝ ուղղված հայերին ու վրացիներին, դրանք Կովկասին սիրահարված բանաստեղծի ստացած անմիջական տպավորություններ են, որ դարձել են սիրո ու կարոտի հուշեր ու սրտի անմար թրթիռներ:


Պոլոնսկին 1851-ին տեղափոխվել է Պետերբուրգ ու նվիրվել ստեղծագործական աշխատանքի, 1859-60 թթ. խմբագրել է «Ռուսկոյե սլովո» հանդեսը, այնուհետև գրեթե մինչև իր կյանքի վերջը եղել է պետական ծառայության մեջ, սկզբում արտասահմանյան գրաքննչական կոմիտեում, ապա մամուլի գործերի գլխավոր վարչության խորհրդում:
Վախճանվել է 1898 թ. հոկտեմբերի 30-ին, աճյունը տեղափոխվել և հուղարկավորվել է իր ծննդավայր Ռյազանում:


Պոլոնսկին անցյալի ռուս բանաստեղծների մեջ առաջինն է եղել, որ անհուն սիրով սիրել է Սայաթ-Նովային և հայ մշակույթի պատմության մեջ է մտել որպես մեծ գուսանի տաղերի ռուս առաջին ուսումնասիրողն ու թարգմանիչը: Հովհ. Թումանյանը այդ առթիվ գրել է. «Ռուսաց բանաստեղծներից, եթե չեմ սխալվում, առաջինը Պոլոնսկին է եղել, որ ուշք է դարձրել Սայաթ-Նովայի վրա ու հիացել: Պոլոնսկին հանգուցյալ Ախվերդյանի մոտիկ բարեկամը, թերևս ընկերն է եղել: Նրա մոտ է տեսել Սայաթ-Նովայի երգերի տետրակը և, ծանոթանալով, 1851 թ. «Կավկազ» թերթի թիվ 1-2-ում մի ոգևորված հոդված է գրել, բնորոշել, գնահատել ու երգերից էլ մի քանիսը թարգմանել»: Մեծ բանաստեղծը մի այլ առիթով, կրկին անդրադառնալով նույն թեմային, ավելացրել է. «Սայաթ-Նովան, այդ համակովկասյան երգիչը, որ հավասար ուժով երգել է հայերեն, վրացերեն և թուրքերեն, մեկն էր այն բանաստեղծներից, որ իր երգերով նպաստել է կովկասյան ազգերի եղբայրությանը: Նրա գրական ժառանգությունը սկսած 1850-ական թվականներից իր առաջին կենսագիր և հրատարակիչ Գ. Ախվերդյանից և ռուս բանաստեղծ Յակով Պոլոնսկուց բացի, շատերի ուշադրությունն է գրավել, շատերն են նրանով զբաղվել»:
Այսպիսով, ինչպես Թումանյանն է վկայում, սայաթնովագիտության ասպարեզում Գևորգ Ախվերդյանից հետո դափնին պատկանում է ռուս քնարերգակ Պոլոնսկուն: Նրան է պատկանում նաև Սայաթ-Նովային նվիրված առաջին բանաստեղծության հեղինակը լինելու պատիվը:


Արդ, ավելի քան մեկ դար առաջ, 1914 թ. մայիսի 15-ին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու գավթում հանճարեղ գուսանի մահարձանի բացմամբ իր սկիզբն առած ավանդական Վարդատոնը այս տարի ևս մայիսի նախավերջին կիրակի օրը նշվելու է Թբիլիսիում և Երևանում: Անցած հարյուրամյակը շատ բան է տվել սայաթնովագիտությանը: Այդ ընթացքում բնագրերի լեզուներով և ռուսերեն թարգմանությամբ բազմիցս լույս են տեսել Սայաթ-Նովայի խաղերի լիակատար ժողովածուներ, նրա մասին գրվել են մի շարք մեծարժեք ուսումնասիրություններ: Սակայն, չնայած դրան, այսօր էլ հետաքրքրությունը չեն կորցրել 165 տարի առաջ Պոլոնսկու կատարած պրպտումները: Եվ մենք պարտավոր ենք անցյալի սայաթնովագետներին հիշելիս երախտագիտությամբ հիշատակել նաև նրա անունը, ինչպես և Սայաթ-Նովային նվիրված նրա բանաստեղծությունը:

Վահան ՄԱՂԱԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ