«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Դու միշտ մեզ հետ կլինես

Դու միշտ մեզ հետ կլինես
08.12.2015 | 01:50

Վերջերս Նոր Նորք համայնքի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում պատրաստվում էին հերթական միջոցառման՝ դպրոցի դասարաններից մեկը պետք է կոչեին դպրոցի շրջանավարտ, ավագ լեյտենանտ ՍԱՐԳԻՍ ՆԱԶԱՐՅԱՆԻ անունով։
Հուզված էին բոլորը. միջոցառման նախաձեռնողները, տնօրեն Կլարա Ջհանգիրյանը, ուսմասվար Գայանե Շահինյանը, կազմակերպիչ Սուսաննա Սարգսյանը, դասղեկ Սիլվա Ղազարյանը, ուսուցիչները, աշակերտները։
2014-ի նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներն էին մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Երիտասարդների կորուստը (ինչպես նաև բոլոր նրանց կորուստը, ովքեր ընկնում են թշնամու դավադիր գնդակից) ցավով ու կսկիծով էր համակել բոլորին։
Այս բոթը ցնցեց դպրոցը, որտեղ լավ էին հիշում Սարգսին։
Անցկացվեցին մի շարք միջոցառումներ, կազմվեց ալբոմ, որտեղ ուսուցիչներն իրենց խոսքն էին ուղղել Սարգսին։ Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ այդ տողերը։
Եվ հիմա էլ որոշեցին դասարաններից մեկը կոչել նրա անունով։
Շուտով եկան նաև հյուրերը՝ Երկրապահ կամավորականների միության, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի, թաղապետարանի ներկայացուցիչներ, դասընկերներ, ընկերներ, մոտ ու հարազատ մարդիկ։ Մեծ հարգանքով ու սիրով դիմավորեցին Սարգսի մայրիկին` տիկին Հեղինեին։
Զսպված հուզմունքով ու երկյուղածությամբ բոլորը մտան դասարան։
Հանդիսավոր բացման խոսքը տրվեց տեր Նշան քահանային։ Նա նշեց, որ հիմա մեզ շատ են պետք Սարգսի նման հավատին ու հայրենիքին հավատարիմ, նվիրված երիտասարդները, բոլորիս պարտքն է այդպիսի սերունդ դաստիարակելը։
Դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանը շեշտեց, որ իրենց հիմնական նպատակը ոչ միայն գրագետ, բանիմաց, այլև հայրենասեր սերունդ կրթելն է։
Գեներալ-մայոր Սաֆարյանը փոխանցեց Երկրապահ կամավորականների միության վարչության պետ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, հանձնեց հետմահու հուշամեդալն ու պատվոգիրը։ Տիկին Հեղինեն սրտի մեծ ցավով, բայց և հպարտությամբ ընդունեց որդու հուշամեդալն ու պատվոգիրը և դրանք սիրով նվիրեց դպրոցին, որոնք տեղ գտան Սարգսին նվիրված անկյան հավաքածուներում։
Իր սրտի խոսքն ասաց նաև օդային արծիվ Միքայել Անդրեասյանը, շեշտելով, թե հպարտ է, որ մեր սահմանները պաշտպանում են Սարգսի նման երիտասարդները, բայց և ցավ է զգում նրանց կորստի համար, որովհետև շատերն ընդամենը 18 տարեկան էին։
Սարգսին մեծ ապագա էր սպասում. նրան առաջարկել էին դասախոսել նույն ինստիտուտում, քանի որ ոսկե մեդալով էր ավարտել մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը։ Սակայն Սարգիսը գերադասեց գիտելիքները գործնականորեն ամրապնդել։ Ներկաների վրա մեծ տպավորություն թողեցին Սարգսի դասընկերոջ՝ Վարդան Մարությանի հուշերը։ Սարգիսն ուներ ըմբոստ ոգի, ըմբոստանում էր ցանկացած անարդարութան դեմ, պայքարում։ ՈՒներ միաբանելու, կուռ կոլեկտիվ ստեղծելու բացառիկ ձիրք։ Ճիշտ է, կոլեկտիվի համար շնորհակալ են նաև դասղեկ տիկին Մանասյանին, բայց կոլեկտիվի ոգին Սարգիսն էր։ Նա կարողանում էր հարթել ամեն մի խոչընդոտ, էլ չենք խոսում հայրենասիրության մասին։ Հայրենասիրությունը նրա արյան մեջ էր։ Վարդանն ասաց, որ այն ժամանակ այնքան էլ լավ չէին հասկանում Սարգսին, բայց սիրում էին։ Նա բոլորից տարբերվում էր իր խոհեմությամբ, իրերն ու իրավիճակները ճանաչելու, ճիշտ գնահատելու մեծ կարողությամբ։ Հետո նրան հասկացան։
Մի խոսքով, Սարգսին հաջողվել էր ստեղծել այնպիսի մի փոքրիկ երկիր, ինչպիսին կուզենայինք տեսնել մեր բազմաչարչար Հայաստանը։
Ես այդ պահին մտածում էի, որ հայրենիքի համար օրհասական պահերին մենք կորցնում ենք լավագույններին, բայց գոնե մխիթարվում ենք նրանով, որ նրանց մահն ապրեցնում է երկիրը։ Վկան՝ այս միջոցառումը։


Նայում էի ներկաներին, բոլորը հուզված էին, բոլորն զգում էին այդ մեծ կորուստը, և ամենակարևորն այն էր, որ այդ զգացումներն անկեղծ էին։ Երևի հենց այստեղ, հենց այս պահին էլ ծնվում են նոր հերոսներ, նոր Սարգիսներ։ Օրինակ, պատվո պահակ կանգնած, ազատագրական, հայրենասիրական երգեր հնչեցնող այս աշակերտները, որ մեծ նվիրումով էին անում դա։
Մի շատ կարևոր բան էլ. բոլորն այնպես էին խոսում, որ ասես Սարգիսը կենդանի է, մեզ հետ է։
Իրոք, նա մեզ հետ էր։ Նրա հոգին սավառնում էր մեր գլխավերևում և ասում.
-Ի՞նչ է, չե՞ք տեսնում, ես այստեղ եմ, ձեզ հետ ու միշտ կլինեմ։
-Այո՛, սիրելի՛ Սարգիս, դու միշտ մեզ հետ կլինես, որովհետև քեզ նմաններին մենք ուղղակի իրավունք չունենք մոռանալու, դու անմահ ես։
ՈՒզում եմ մտքերս երկրորդել տիկին Հեղինեի խոսքերով, որոնք շատ հուզիչ էին.
-Իմ որդին երբ գնաց, ասաց՝ մայրիկ, ես կվերադառնամ։ Ես հիմա ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ սպասում եմ որդուս վերադարձին։


Ժասմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ