Թուրքիայի մարդու իրավունքների հարցերով կազմակերպության՝ ոլորտում խախտումների վերաբերյալ զեկույցում ասվում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մինչև նոյեմբերի 9-ը ուժայինների և քաղաքացիների բախումներում 602 մարդ է զոհվել, այդ թվում` զինծառայողներ, ոստիկաններ և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներ՝ փոխանցում է թուրքական Demokrat Haber կայքը:
Զեկույցը ներկայացրած կազմակերպության նախագահ Օզթուրք Թյուրքդողանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններն անցկացվել են ոչ սովորական պայմաններում, իսկ բնակչությունն ընդվզել է ընտրությունների արդյունքների դեմ:
Նշելով PKK-ի հետ զինված բախումների վերսկսման մասին՝ Թյուրքդողանն ասել է, որ բռնության մթնոլորտում են անցել նաև նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նրա խոսքով` 2015 թվականի հունիսի 7-ից նոյեմբերի 9-ը՝ պետության ուժային կառույցների կողմից սպանվել է 128 քաղաքացիական անձ, 195 քաղաքացի էլ վիրավորվել է: Զինված բախումներում սպանվել է 150 զինծառայող, ոստիկան, 421 մարդ վիրավորվել է: PKK-ականների շարքում նշվում է 181 զոհի մասին։