Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Ոմանք, չցանկանալով ներկայանալ, նշում էին, որ այն, ինչ զետեղված է հոդվածում, իրականություն է

Ոմանք, չցանկանալով ներկայանալ, նշում էին, որ այն, ինչ զետեղված է հոդվածում, իրականություն է
03.07.2015 | 10:51

Օրեր առաջ լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին ուղարկվեց «Ի՞նչ է կատարվում ԵՊՀ ժուռֆակում» վերտառությամբ անանուն հոդվածը։ Հեղինակը, ինչպես նշված է նյութում, ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ է։ Հոդվածագիրը նշում է ֆակուլտետի «գաղջ մթնոլորտի» մասին։ Ըստ նրա՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանն առաջնորդվում է բոլորին կռվեցնելու, բայց իրավիճակին տիրապետելու սկզբունքով։ Այստեղ առաջ են գնում քավոր-սանիկական կապերով, լաբորանտներն ամեն ամիս տոկոս են տալիս դեկանին, որ շարունակեն իրենց տեղում աշխատել և այլն, և այլն:
Հոդվածի վերջում հեղինակը կոչ է անում ԵՊՀ ռեկտորին, ԿԳ նախարարին՝ ստեղծել բարենպաստ միջավայր, որտեղ կսովորեն սկզբունքային մարդիկ:
Թեև հոդվածն անանուն էր, այնուամենայնիվ, «Իրատեսը» փորձեց անդրադառնալ թեմային՝ հասկանալու համար՝ որքանով այն աղերսներ ունի իրականության հետ։
Դասախոսների հետ զրուցելու փորձերը հետաքրքիր եզրահանգումների առիթ դարձան։ Մի մասը, չցանկանալով ներկայանալ, նշում էր, որ այն, ինչ զետեղված է հոդվածում, իրականություն է՝ իրենց կողմից էլ որոշ մանրամասներ ավելացնելով արդեն գրվածին։ Որոշ դասախոսներ հրաժարվեցին խոսելուց՝ պատճառաբանելով, թե ինչ էլ ասեն, կկասկածվեն հոդվածը հեղինակելու մեջ, ուստի շառից-փորձանքից հեռու սկզբունքով նախընտրում էին լռել։
Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հոդվածն անվանեց մատնագիր, զրպարտագիր։ «Երբ 30-ական թվականների ոգով ու ոճով անստորագիր զրպարտագիր են գրում, կամ որևէ լրատվամիջոց դա տպագրում է, դրա մասին որևէ պրոֆեսիոնալ լրագրող իրավունք ունի՞ խոսելու»,- ասաց պարոն Մարտիրոսյանը։ Պետք է նկատենք, որ լրագրողը ցանկացած թեմայի մասին էլ իրավունք ունի խոսելու, անկախ այն բանից` դա պարոն Մարտիրոսյանի սրտով է, թե ոչ։
Պարոն Մարտիրոսյանը նշեց, թե ենթադրություններ կան, որ հոդվածագիրը ոչ թե ուսանող է, այլ անհասկանալիորեն վրդովված, նեղացած կամ չբավարարված դասախոս. «Նման մարդիկ ցանկացած միջավայրում լինում են, կային նաև 30-ական թվականներին գրողների, նկարիչների միություններում, տարբեր կառույցներում, կուսակցության կենտկոմում։ Բոլոր կառույցներում և՛ այսօր, և՛ վաղը լինելու են մարդիկ, ովքեր ինչ-որ բանից բավարարված չեն, որոնք ամեն տեղ սևն են որոնելու, որովհետև իրենք հանգամանքների բերումով ճիշտ տեղում չեն հայտնվել։ Ոչ թե միջավայրն է վատը, այլ որովհետև գործով զբաղվելու փոխարեն զբաղվում են բանսարկությամբ, սևացնելով, մրոտելով»։
Ֆակուլտետի դեկանը նշեց նաև, որ ԵՊՀ-ում ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ անանուն սոցհարցումներ է անցկացնում ռեկտորատը՝ ճշտելու ուսանողների կարծիքը դասախոսների, դեկանի, տեղակալի, աշխատակիցների մասին։ Տվյալները պահվում են համալսարանի համապատասխան բազայում։ Բոլոր այդ հարցումներում և՛ դեկանը, և՛ տեղակալը, և՛ դեկանատի աշխատակիցները, և՛ ամբիոնները 5-բալանոց համակարգում ստացել են գնահատականներ 4,5-ի սահմանագծում։
Պարոն Մարտիրոսյանը հրավիրեց հուլիսի 3-ին ներկա լինել ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը և երիտասարդներից ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ