Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Զարմանալի է, բայց խորք, գիտական հենք ունեցող խաղերն անտեսվում են»

«Զարմանալի է, բայց խորք, գիտական հենք ունեցող խաղերն անտեսվում են»
19.06.2015 | 09:47

Գրող, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ հեղինակ է դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական, ուսումնաօժանդակ, գիտահանրամատչելի, թարգմանական գրքերի: Բոլորովին վերջերս հանրությանը ներկայացվեց Վաչագան Սարգսյանի «Կախարդական մասնիկներ» խաղ-գլուխկոտրուկը, որը բաղկացած է չորս խաղագրքից. հայերենի, ռուսերենի, անգլերենի այբուբեններ, պատկերներ և թվանշաններ: Տրված 12 մասնիկով պետք է կառուցել 39 հայերեն, 33 ռուսերեն, 26 անգլերեն տառեր, 10 թվանշան և 90 ուրվապատկեր, ընդհանուր առմամբ` 198 պատկեր:

-Դասագրքից մինչև խաղ-գլուխկոտրուկ: Կարելի՞ է ասել, որ գրական այս հանրագումարը, փորձը հանգեցրին խաղ-գլուխկոտրուկների ստեղծմանը:

-Նախապատմությունն ավելի հին է։ Դեռևս անցյալ դարի 80-ականների վերջին որոշել էի ստեղծել թերթ, որում կլինեն խաղեր, տրամաբանական առաջադրանքներ, հանելուկներ, գլուխկոտրուկներ, խնդուկներ, լեզվին, մշակույթին, պատմությանը նվիրված այնպիսի հարցեր, որ կհետաքրքրեն երեխաներին (և ոչ միայն): Փոքր հասակից ես նախանձով էի նայում երեխաների համար նախատեսված ռուսական հետաքրքրաշարժ ամսագրերին: Հայերենը շատ քիչ էր, եղածն էլ չէր բավարարում: Նախ ստեղծեցի երկու խաղագիրք: Բավականին ստվարածավալ գրքեր էին, ու տպագրելը, մանավանդ այդ տարիներին, բարդ էր: Որպեսզի կարողանամ հասցնել ընթերցողին` խաղագիրքը վերածեցի թերթի: Չորս-հինգ տարի այդպես տպագրվեց «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը, որը մեծ պահանջարկ ուներ հանրապետությունում: Ես տեսա՝ մարդիկ ինչքան սիրով ընդունեցին թերթը, որովհետև դրա պահանջը կար: Թերթում տպագրվում էր իմ ստեղծած ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉԲԱՌԸ: Այն յուրօրինակ է իր տեսակի մեջ. ամեն հարցի պատասխանը գտնելու համար պետք է լուծել լեզվատրամաբանական մի առաջադրանք, մի խնդուկ, մի առակ, մի ասացվածք, մի հանելուկ և այլն: Ավելի ուշ հրատարակվեցին նաև խաղագրքերը: Նույն ընթացքում` 1979-ից աշխատում էի «Լույս» հրատարակչությունում, որը դասագրքեր էր տպագրում: Ես հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալն էի և առնչվում էի բոլոր դասագրքերին, խմբագրական աշխատանք էի անում ու գիտեի ուսումնական ձեռնարկների, պաստառների, զննական նյութերի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը:


-Հավանաբար նաև` պակասը:
-Այո, նաև պակասը: 1994-ին հայտարարվեց նոր դասագրքերի մրցույթ: Հանրության արձագանքն ինձ ոգևորել էր, ես վճռեցի մասնակցել «Այբբենարանի» համար մրցույթին և կյանքի կոչեցի այն: Որոշեցի այնտեղ փորձարկել «9-րդ հրաշալիք» թերթի, համանուն հեռուստախաղի, խաղագրքերի միջոցով լայն տարածում ստացած լեզվատրամաբանական առաջադրանքները, ժողովրդական բանահյուսության նմուշները, հետաքրքրաշարժ հարցեր ու խնդիրներ, խաչբառեր ու բազմաթիվ այլ հետաքրքրաշարժ նյութեր: Անհրաժեշտ էր ուսումնասիրել նախորդների հարուստ փորձը, խորանալ մեթոդաբանության մեջ և այլն: Դա բավական ծանր աշխատանք էր: 1998-ին, ի վերջո, ստեղծեցի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ, որը մեծ ջանքերի գնով մտավ դպրոց, ի զարմանս ընդդիմադիրների և հուրախություն ինձ, բավական դրական արձագանք գտավ: Դիմադրությունը մեծ էր, շատ քննադատություններ եղան: Գիրքը քննադատվում էր ու քննարկվում, գրում էին ուսուցիչները, մեթոդիստները, մի մասը բացասական էր գրում, մի մասը` խիստ դրական: Յուրաքանչյուր քննադատությունից ես դրական բաներ էի քաղում ու կատարելագործում «Այբբենարանը»: Դրան գումարվեցին հանդիպումներն ուսուցիչների, մեթոդիստների, երեխաների հետ, և այսօր ես կարող եմ վստահորեն ասել, որ ստեղծվել է շատ լավ «Այբբենարան», որը գոհացնում է բոլոր շերտերին` ուսուցիչներին, մեթոդիստներին, ծնողներին, երեխաներին: Եթե նախկինում վերապահորեն էին ասում` լավն է, այսօր արդեն հրճվանքով են խոսում այդ մասին:

-Ասացիք, որ խաղերը կիրառել եք նաև «Այբբենարանում»: Խաղը, որ երեխաներին կտրում է գրքից, պիտի մոտեցներ գրքի՞ն: Սա ինչպե՞ս ընկալվեց:
-Կրտսեր տարիքի երեխայի համար սովորելը բավական բարդ աշխատանք է: Որևէ բանի հասնելու համար պետք է շարժես նրա բնական հետաքրքրասիրությունը, որովհետև չես կարող ստիպել, կամային հատկանիշները թույլ են, որ ինքն իրեն ստիպի սովորել: Նույն սկզբունքով հետագայում գրվեցին մյուս դասագրքերը և դարձյալ արդարացրին իրենց: Ինձ առաջարկեցին գրել նաև մաթեմատիկայի դասագրքերը (ես կրթությամբ նաև մաթեմատիկոս եմ): Դրանք նույնպես լավ ընդունելություն գտան: Գրվեցին ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ, պաստառներ և այլն:

-Ինչպե՞ս ծնվեց Ձեր առաջին խաղը:

-Քրիստոնեության 1700-ամյակի առիթով ես մի խաղ ստեղծեցի, 40 խորանարդիկները պատկերում էին տառերի ստեղծման պատմությունը՝ թե ինչպես է Մեսրոպ Մաշտոցը ստեղծում տառերն ու դրանք հանձնում Վռամշապուհ արքային: Այդպիսի համայնապատկեր էր ստեղծվում, որի հակառակ կողմում հայոց այբուբենն էր` մեծատառ, փոքրատառ, ձեռագիր և այլն: Երկրորդ անգամ դա տպագրվեց պետական պատվերով և բաժանվեց դպրոցներին: Հայոց այբուբենի տառերի վերաբերյալ բազմաթիվ հետաքրքրաշարժ գրքեր ու ձեռնարկներ եմ գրել: Օրինակ, 2010-ին լույս տեսավ իմ «Պատկերագիր այբուբեն» գրքույկը: Յուրաքանչյուր տառին նվիրված բանաստեղծություն էի գրել, որի բոլոր բառերն սկսվում էին տվյալ տառով: Դա բավական բարդ աշխատանք էր, 5-6 հրատարակություն է ունեցել՝ աննախադեպ մի բան մեր օրերում գեղարվեստական գրքի համար:


-Ինչպե՞ս ծնվեց «Կախարդական մասնիկներ» խաղ-գլուխկոտրուկը:
-Ինչպես ասացի, տառերի հետ, ընդհանրապես, շատ եմ աշխատել, բազմաթիվ գրքեր եմ գրել, որոնք մեկը մյուսին չեն կրկնում, յուրօրինակ են, նախադեպը չունեցող: Այս ամենին զուգահեռ ես փորձեցի ստեղծել մի բան, որ կհետաքրքրի երեխաներին ու նրանց կկտրի համակարգչից: Երեխաները կսովորեն աշխատել նյութով: Չորս-հինգ տարի աշխատել եմ այս խաղի վրա: Տառերն ինձ համար միշտ եղել են մտածմունքի առարկա: Մանավանդ այսօր, երբ լատինատառը մտել է մեծերի ու փոքրերի մտածողության մեջ: Մեծ արշավ է սկսվել գրական լեզվի դեմ: Մարտահրավերները շատ են: Ես էլ կաթիլ-կաթիլ փորձում եմ պայքարել դրա դեմ` սկսած հոդվածներ, գրքեր, ուսումնական ձեռնարկներ գրելուց, հեռուստատեսությամբ, ռադիոյով ելույթ ունենալուց, դպրոցներում հանդիպումներից, վերջացրած զանազան խաղերով: Այս խաղը պայքարի ձևերից մեկն է: Դա փորձ է (չասեմ հուսահատ), որ մարդիկ արժևորեն իրենց ունեցածը` մեր երկրի հողը, ջուրը, մարդուն, գրական լեզուն, այբուբենը:
-Կա՞ն նմանօրինակ խաղեր, ինչո՞վ է աննախադեպ կամ ինչո՞վ է առանձնանում «Կախարդական մասնիկները»:
-«Կախարդական մասնիկները» որպես գյուտ արտոնագրվել է և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում: Ծնողները երբեմն գնում են խաղեր, որոնք մեկ շաբաթվա կյանք ունեն, երեխան մի քանի կոճակ սեղմում է, հետո ձանձրանում է ու դեն նետում: Զարմանալի է, բայց խորք, գիտական հենք ունեցող խաղերն անտեսում են: «Կախարդական մասնիկներ» այբուբեն-խաղը որպես այդպիսին իսկապես նախադեպը չունի. բավական խորություն ունի, խաղ է, որ շատ երկար կարող են խաղալ երեխաներն էլ, մեծերն էլ, սպառման եզր համարյա չկա: Քառակուսին բաժանելով մասնիկների, ստացա 7 տեսակի 12 մասնիկ, որոնցով կառուցվում են հայերենի, ռուսերենի, անգլերենի այբուբենների բոլոր տառերը, 0-9 թվանշանները, ինչպես նաև զանազան ուրվանկարներ: Զարմանալիորեն դարձյալ խորհրդանշական թվերն են՝ 7 և 12: Այդ 90 ուրվապատկերը կառուցելու համար ուժի մեջ է մնում մի շատ կարևոր պայման` տվյալ ուրվապատկերը կառուցելիս պետք է օգտագործվեն բոլոր 12 մասնիկները: Չի թույլատրվում մասնիկներն իրար վրա դնել. դրանք պետք է հպվեն միմյանց: Այդ ուրվապատկերները պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ խմբերի. փոխադրանի` 18, շինություններ` 18, կենդանիներ` 20, սարքեր` 7, իրեր` 11, բույսեր` 4, մարդ` 7, զենք` 5: Մասնիկներով պատկեր ստանալը բավական բարդ է, բայց երեխայի մեջ զարգանում են երկարատև ջանք գործադրելու ունակություն, սկսած գործը մինչև վերջ հասցնելու համառություն, տարածական պատկերացումներ, տարածության մեջ կողմնորոշվելու հատկանիշներ, երկրաչափական գիտելիքներ, տրամաբանական մտածողություն, հնարամտություն, նկարչական ունակություն: Ի դեպ, կարող են անվերջ պատկերներ ստեղծել, բացի մեր ներկայացրած ուրվագծերից: Այն կարելի է օգտագործել նաև խմբակային խաղի դեպքում, ինչը երեխայի մեջ զարգացնում է մրցակցային ոգին: Ամեն ինչ արված է գիտական մակարդակով ու ճշգրտորեն: Ասեմ, որ տրվում է հայերեն և ռուսերեն տառերի հնչյունադարձությունը, այսինքն, եթե օտարերկրացին ուզում է կարդալ ճ տառը, դրա հնչողությունը շատ լավ ներկայացված է: Որևէ մեկը եթե ուզենա սովորել հայերեն տառերի հնչողությունն ու տեսքը, շատ հեշտությամբ կսովորի: Նույն սկզբունքը կիրառվել է ռուսերենի և անգլերենի համար:
-Խաղը դուրս գալո՞ւ է մեր երկրի սահմաններից:
-Հնարավորության դեպքում, իհարկե, դուրս էլ կհանվի, որովհետև երեք լեզուներից որևէ մեկը եթե գիտես, կարող ես ամբողջովին տիրապետել խաղին:
-Որտեղի՞ց կարելի է ձեռք բերել: Հնարավո՞ր է՝ դպրոց էլ մուտք գործի:
-Այն, որպես ուսումնական ձեռնարկ, հաստատված է կրթության և գիտության նախարարության կողմից: Հույս ունեմ, որ նախարարությունը կգնի ու կբաժանի դպրոցներին: Այն կարելի է օգտագործել ուսումնական գործընթացում` զանազան մրցույթներ, հանդեսներ կազմակերպելիս, դասերի ընթացքում, ազատ ժամերին, մանկավարժական նորագույն տեխնոլոգիաներով աշխատելիս: Իսկ առայժմ կարելի է ձեռք բերել գրախանութներից և հանրախանութներից: Ասեմ, որ բավականաչափ նյութ է օգտագործվել խաղը ստեղծելիս, և ինքնարժեքը մեծացել է:
-Ինչո՞վ կարող է հետաքրքրել նորաստեղծ խաղը նրանց, ովքեր տառերը սովորելու, տառերով բառեր կազմելու տարիքային շեմն անցել են:
-Ես շարունակ երեխաների մասին եմ խոսում, բայց այս խաղը կարող է հետաքրքրել նաև մեծահասակներին: ՈՒրվանկարով պատկեր ստանալը մեծահասակների համար նույնքան բարդ է ու հետաքրքիր: Ընդ որում, փորձարկել եմ. փոքրերն ավելի արագ են գլուխ բերում, որովհետև ունեն ավելի ազատ մտածողություն, անվախություն և փորձարկելու մտածողություն: Տառերը նույնպես հեշտ չէ ստանալը: Մեծերի համար էլ է հետաքրքիր, ասենք, ստանալ w տառը: Սա նաև ժամանցային խաղ է: Ամենակարևորը՝ չի հեռացնում ծնողին երեխայից: Կարող են միասին խաղալ:
-Պատասխանները գրված են գրքի վերջում: Կա՞ր անհրաժեշտություն դրանք նշելու:
-Դժվարանալու դեպքում կարող է կասկած առաջանալ, որ ինչ-որ բան սխալ է: Եթե պատասխանը նայելով կարողանան կառուցել մեկ-երկու պատկեր, երրորդին էլ չեն նայի: Եթե երեխաները, թեկուզ պատասխանները նայելով, անեն այն, ինչ հանձնարարվում է գրքում, էլի շատ մեծ օգուտ կլինի: Այստեղ խնդիրը ոչ միայն պատկեր կառուցելն է, այլև ձեռքի նրբաշարժումները, ինչն օգնում է ձեռագիրը լավացնելու, նկարչական հմտություններ ձեռք բերելու հարցում:
-Մտավախություն չունե՞ք, որ 21-րդ դարի մարդուն դժվար է գրավել խաղով, որը կապ չունի տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Գուցե այն ներկայացնեք նաև առցա՞նց տարբերակով:
-ՈՒնեմ մտավախություն, և մտավախությունն է ստիպել ինձ այս խաղը ստեղծել, որ, ինչպես արդեն նշեցի, երեխաները շփվեն նյութի հետ: Առցանց տարբերակը նույնպես պատրաստ է: Մնում է ծրագրավորման և դիզայներական աշխատանքը, ինչը բավականին թանկ է: Առհասարակ, ես մեծ ներդրում եմ արել այս խաղի ստեղծման համար, հիմա տեսնենք` կարդարանա՞, թե՞ չի արդարանա: Ես գիտեմ, որ լավ բանը չի մնում գետնին, կսպառվի, բայց չգիտեմ` երբ:
-Արդեն կա՞ն արձագանքներ:
-Կան և հիմնականում հրճվագին են: Մնում է` գնեն: Ինչպես որ հարցնում են` դասական երաժշտություն սիրո՞ւմ ես, ասում է` իհարկե, սիրում եմ, հարցնում են` լսո՞ւմ ես, ասում է` այդքան չեմ սիրում, որ լսեմ: Հուսամ, որ այս դեպքում սիրելն ու ձեռք բերելը համահունչ կլինեն:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ