Այսօր՝ փետրվարի 25-ին, լրանում է հայ պետական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը: Զորավար Անդրանիկը առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։
Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանում՝ Շապին Գարահիսարում։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից վաղ 18-րդ դարում և բնակություն հաստատել Շապին Գարահիսարում թուրքերի հետապնդումներից խուսափելու համար, նախնիները Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրից։
Համիդյան ջարդերի ընթացքում Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից: 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Անդրանիկը վիթխարի դեր է խաղացել նաև Զանգեզուրի պաշտպանության ժամանակ։
Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Նրանք ծաղիկներ են դրել հայ ֆիդայապետի շիրիմին և մասնակցել Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից կատարված հոգեհանգստի կարգին` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: Անդրանիկ Օզանյանը «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվեց «Վազգեն Սարգսյան մեդալով»: