ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Տիեզերական ծառայությունների միջազգային շուկա է մտել նպատակասլաց մի դերակատար

Տիեզերական ծառայությունների միջազգային շուկա է մտել նպատակասլաց մի դերակատար
06.02.2015 | 00:08

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության նախաամանորյան վերջին հաղորդումներից մեկն այն մասին էր, որ դեկտեմբերի 31-ին երկրի հարավարևմտյան Սիչուանի նահանգում գտնվող «Սիչան» տիեզերադաշտից հաջողությամբ «Ֆենյուն» շարքի նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակվել։ Արձակումն իրականացվել է «Չանչժեն» կարգի տանող հրթիռով։ Հաղորդագրության համաձայն, «Ֆենյուն-2»-ը կհավաքի և կհաղորդի օդերևութաբանական այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու կանխատեսումների որակը։ «Ֆենյուն-2» տիեզերական ապարատները պատկանում են չինական բևեռաուղեծրային օդերևութաբանական արբանյակների երկրորդ սերնդին, որոնք օգտագործվում են տարերային աղետների և շրջակա միջավայրի վիճակի ուսումնասիրության համար։ Եվ այս կապակցությամբ, ինչը, ի դեպ, արդեն շարքային իրադարձություն է ՉԺՀ-ի համար, կցանկանայի պատմել ՉԺՀ-ում տիեզերքի յուրացման աշխատանքների մասին, որտեղ նվաճումները քիչ չեն։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, «ՉԺՀ-ի տիեզերական ծրագիրը լուծում է արդիականացման առաջնահերթ խնդիրները՝ գիտության և 21-րդ դարում զարգացման հեռանկարային ռազմավարության իրականացման հիման վրա»։ Ընդ որում, նրա նպատակներն են՝ ազգային միագումար հզորության մեծացումը, ինչը լավագույնս է զուգորդվում ազգի գիտակցության մեջ արդեն ամրապնդված «անցնել բոլորից» մոտեցման հետ։ Ի դեպ, տիեզերքի յուրացումը, որ լիովին հիմնավորված է արդի համաշխարհային տնտեսությունում տիրող իրադրության համատեքստում, Չինաստանում դիտարկվում է իբրև երկրի առաջատար դիրքի կարգավիճակի ամրակայում։ Սակայն, միաժամանակ, տիեզերքը Չինաստանի ղեկավարության համար շատ ավելի մեծ արդյունավետություն ունի, քան սոսկ պատկառազդու խաղալիք, և այս ճյուղից չինացիներն ակնկալում են ամենևին էլ ոչ պակաս, քան տնտեսության ու գիտության մյուս բոլոր ուղղություններից։
Բայց մի քանի խոսք չինական տիեզերագնացության անցած ուղու մասին: Եթե հիշելու լինենք անցյալը, ապա վաղո՜ւց հենց Չինաստանում են երևան եկել աշխարհի առաջին «հրթիռները». կառուցվածքով՝ պարզագույն, բնույթով՝ զվարճական, բայց, այնուամենայնիվ, դրանք հրթիռներ են եղել։ Վավերագիր աղբյուրները պնդում են, որ արդեն 9-10-րդ դարերում Չինաստանում կիրառվել են, այսպես կոչված, «հրաշիթերը», ժամանակակից հրավառության նախատիպերը։ Այնուհետև դրանք սկսել են օգտագործել ռազմական նպատակներով՝ ամրացնելով իսկական նետերին և դրանով իսկ մեծացնելով դրանց թռիչքի հեռավորությունը։ 13-րդ դարում նման փոքր հրթիռներ սկսել են օգտագործել նաև Եվրոպայում։ Բայց արդի իմաստով հրթիռային թեմայով աշխատանքները Չինաստանում շարունակվեցին 20-րդ դարում, երբ ամբողջ մարդկությունը «ձգտում էր դեպի տիեզերք»։ Ընդ որում, մեզանում տարածված կարծիքով, չինացիները ճիշտ և ճիշտ կրկնում են Խորհրդային Միությունում տիեզերագնացության զարգացման ուղին, բացի այդ, հրթիռներ կառուցել, ինչպես նաև ատոմային ռումբեր ստեղծել նրանց սովորեցրել են Կրեմլի օրհնությամբ։ Թե ինչո՞ւ և ինչի՞ համար էր դա պետք Մոսկվային, որը շարունակ բարդ հարաբերությունների մեջ էր Պեկինի հետ, անհասկանալի է, բայց նախադեպն ապրում է մինչև օրս։ Սակայն Չինաստանում իրենց տիեզերական ծրագրի հիմնադիր համարում են Ցյան Սյուեսենին, որը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, մասնակցել ամերիկյան օդատիեզերական շատ նախագծերի մշակման։ 1955 թ. «կոմունիստներին աջակցություն ցուցաբերելու» մեջ մեղադրվելուց հետո այդ մասնագետը, այդուհանդերձ, մեկնեց Չինաստան, որտեղ սկսեց գլխավորել միջուկային և հրթիռատիեզերական ծրագրերի իրականացման աշխատանքները։ Իսկ արդեն մեկ տարի հետո ստեղծվեց պաշտպանության նախարարության 5-րդ ակադեմիան, որն զբաղվում էր հրթիռային թեմաների հետազոտմամբ։ 1966 թ. արձակվեց հրթիռ՝ երկու մկներով, նույն թվականին՝ երկու հրթիռ՝ շներով։ Սկզբում տիեզերքի հետ կապված չինական բոլոր մշակումները բացառապես ռազմական էին, բայց սկսած 1968 թվականից ՉԺՀ-ն սկսեց ընդհուպ զբաղվել խաղաղ տիեզերքի յուրացմամբ։ Ստեղծվեց տիեզերական բժշկագիտական և ինժեներական ինստիտուտ, սկսվեց չին տիեզերագնացների ակտիվ ընտրությունը։ 1970 թ. Չինաստանը հաջողությամբ արձակեց իր առաջին՝ «Դունֆեան Հուն» արբանյակը և դարձավ սեփական արբանյակ ունեցող 11-րդ երկիրն աշխարհում։ Ճիշտ է, արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը ՉԺՀ-ին վաճառեց, ընդ որում՝ բավական էժան, իր որոշ բավական հին, դեռ 20-րդ դարի կեսերին մշակված, բայց հուսալի տիեզերական տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվել էին «Սոյուզ» տիեզերանավերի համար։ Եվ հինգ տարի անց չինացիներն արձակեցին իրենց առաջին տիեզերանավը՝ «Շենչժոու-1»-ը՝ «Երկնային նավակը», առայժմ առանց մարդկանց։ Եվ, վերջապես, 2003 թ. «Շենչժոու-5» տիեզերանավով տիեզերք մեկնեց չին առաջին թայկոնավորդ Յան Լիվեյը, իսկ Չինաստանը մտավ այն երկրների ընտրյալ ակումբ, որոնք ընդունակ են մարդ արձակելու տիեզերք։
Ի դեպ, օդաչուավոր թռիչքները չինական վիթխարի տիեզերական ծրագրի մի ոչ մեծ մասն են միայն, որով նախատեսվում է ստեղծել ուղեծրակայան, մարդ ուղարկել Լուսին, յուրացնել Մարսը։ Չինաստանն արդեն բավական նկատելի արդյունքների է հասել այդ բոլոր ուղղություններում, բայց առավել շոշափելի հաջողությունների է հասել արբանյակների արձակման գործում, և ՉԺՀ-ում մտադիր են «ամենաակտիվ ջանքերը գործադրել տիեզերաարբանյակային ինդուստրիայի զարգացման ասպարեզում»։ Ներկայումս երկրաշուրջ ուղեծրում գործում է 200-ից ավելի չինական տիեզերական ապարատ. դա աշխարհում եղած քանակի մոտ մեկ հինգերորդ մասն է, և մոտ ժամանակներս այդ թվին կավելանա ևս 20-ը, իսկ հետագայում արձակվելիք արբանյակների քանակը տարեկան կավելանա վեցով։ Հրապարակվել է կիրառական արբանյակային արդյունաբերության զարգացման մի հատուկ ծրագիր, որով նախատեսվում է ստեղծել 30 խոշոր ճյուղային ձեռնարկություն, որոնց համախառն արտադրանքը հասնելու է 16 մլրդ դոլարի։ Մոտ ժամանակներս կստեղծվի Երկրի մակերևույթի տևական դիտարկման համակարգ, կստեղծվեն տիեզերական նավագնացության և օբյեկտների տեղորոշման ինքնավար համակարգեր։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ չինական արբանյակները բավական հուսալի են. արձակումների 90 %-ից ավելին հուսալի է, դրանց «կյանքի տևողությունը» մինչև հինգ տարի է (ռուսական արբանյակներինը՝ 2-3 տարի, հնդկականներինը՝ 5-6, իսկ եվրոպականներինն ու ամերիկյաններինը՝ մինչև 10 տարի)։ Նախագծերի իրականացումը կապվում է տանող հրթիռների տեխնիկական մակարդակի և հզորության մեծացման և դրանց արձակման պայմանների հետ։ ՉԺՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, հաջողությամբ է ընթանում Հայնան կղզու տիեզերադաշտի (չորրորդը երկրում) շինարարությունը։ Այն աչքի է ընկնում նրանով, որ մոտ է լինելու հասարակածին, իսկ դա առավելություն է ապահովում տիեզերական հրթիռներ արձակելիս, և գտնվում է ծովի ափին, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում տանող հրթիռների տեղափոխման համար։ Ակնկալվում է, որ շինարարության ավարտից հետո հենց այդտեղից է կատարվելու «Չանչժեն-5» («Մեծ արշավ») նոր տիպի տանող հրթիռի առաջին արձակումը։ Այդ նոր տիպի հրթիռի արձակման համար օգտագործվելու է էկոլոգիապես մաքուր վառելիք՝ հեղուկ ջրածին, հեղուկ թթվածին և կերոսին։ Այն ունակ է ուղեծիր դուրս բերելու մինչև 25 տոննա զանգված ունեցող օբյեկտներ, որոնք կօգտագործվեն չինական տիեզերական ուղեծրակայանների կառուցման համար։ «Տյանգունի» շինարարությունը վերջնականորեն կավարտվի 2020 թվականին։ «Երկնային պալատը» բաղկացած կլինի երեք հատվածից, և նրան միաժամանակ կարող է կցվել երեք տիեզերանավ՝ մեկ բեռնատար և երկու օդաչուավոր։ Կայանը կկշռի ավելի քան 90 տոննա, այնտեղ մշտապես կաշխատի երեք տիեզերագնաց, որոնց կհերթափոխեն ամեն վեց ամիսը մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ մոդուլներ կկցվեն։ ՈՒ թեև ՉԺՀ-ն Միջազգային տիեզերակայանի ծրագրի մասնակից չէ, օդաչուավոր տիեզերական թռիչքների չինական ծրագրի գլխավոր կոնստրուկտոր Չժոու Ցզյանպինը հայտարարել է, որ իրենք մտադիր են օտարերկրյա հետազոտողներին հնարավորություն տալ աշխատելու ապագա ուղեծրակայանում։ Բնականաբար, ՉԺՀ-ում շարունակվում են նաև ռազմական գերատեսչության կարիքների համար կատարվող հետազոտությունները, մասնավորապես՝ տիեզերական այն ծրագրերը, որոնք նախատեսում են ստեղծել տիեզերական օբյեկտներ խոցելու ունակ լազերային զենք։
Հատկանշական է, որ ՉԺՀ-ի կառավարությունը չի հրապարակում տիեզերքի յուրացման վրա իր կատարած ծախսերի տվյալները, սակայն որոշ փորձագետներ ենթադրում են, որ միայն Լուսնի ուսումնասիրման նախագիծը կնստի 3-5 մլրդ դոլար։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ որոշ ծախսեր չեն անցնում «տիեզերք» հոդվածով, այլ ներառված են չինական բանակի բյուջեում։ Արդյունքում, ՉԺՀ-ի տիեզերական հավակնություններն արտացոլող ընդհանուր ծախսերն այսօրվա դրությամբ աշխարհում ամենամեծերից են։ Եվ այստեղ հարկ է առանձնակիորեն նկատել, որ չինացիները, այդքան շատ ծախսելով տիեզերքի վրա, ոչ միայն բարոյական, այլև ռազմական հաշվարկներ են անում։ Աշխարհում հաջողությամբ գործում է «առևտրային տիեզերագնացություն», ու, բնականաբար, ՉԺՀ-ի տիեզերական ծրագրի զարգացման կապակցությամբ հնչած խնդիրներից մեկն էլ այլ երկրների համար «տիեզերական ծառայությունների» լայն առևտրայնացումն է։ Միջազգային շուկայում դրանք առաջ է տանում չինական «Մեծ պարիսպ» կորպորացիան։ Իհարկե, դրա նկատմամբ առաջին արձագանքը, մեղմ ասած, սառն էր մյուս տիեզերական օպերատորների կողմից։
Սակայն Չինաստանը հայտարարեց, որ տիեզերական ճյուղի զարգացումը պետության գերակա ուղղությունն է, և որ այդ ճյուղն առավելագույն արդյունավետությամբ սկսել է կիրառել իր ունեցած միջոցների ամբողջ զինանոցը, իսկ տիեզերական հետազոտությունների ու տեխնոլոգիաների լայն շուկայականացման ժամկետ սահմանեց 2020 թվականը։ Այսինքն, ըստ էության, մտավ տիեզերական մրցավազքի մեջ՝ որպես միանգամայն լիիրավ մասնակից։ Տիեզերական ծառայությունների այսօրվա շուկան աշխարհում գնահատվում է մոտավորապես 350 մլրդ դոլար։ ԱՄՆ-ը բացարձակ առաջատարն է՝ մոտ 39 % մասնաբաժնով, Ռուսաստանին, փորձագետների գնահատմամբ, բաժին է ընկնում ծավալի 2 %-ը, իսկ Չինաստանը մտադիր է տիեզերքի շուկայում իր բաժինն առաջիկա տարիներին հասցնել 15 %-ի։ Չինացիներն արդեն տիեզերական ապարատներ են արձակում օտարերկրյա տասը պետության համար։ Բայց, բացի այդ, շեշտը դրվում է նաև անմիջականորեն ուղեծրում գտնվող արբանյակները վարձակալության տալու վրա։ Այս կերպ ավելացել են Չինաստանի հաճախորդները՝ ի հաշիվ ամերիկյան խոշոր ընկերությունների և մասնավոր ներդրողների, և անգամ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն է չինական արբանյակ վարձակալում Միացյալ Նահանգների զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության համար։
Այսինքն, ոմանց դուր գա, թե ոչ, բայց արդեն պետք է արձանագրել՝ տիեզերական ծառայությունների միջազգային շուկա է մտել նպատակասլաց մի դերակատար՝ ի դեմս Չինաստանի։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ