ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ալիևների կլանի առասպելներն ու լեգենդները չեն փրկի անժառանգ հանրապետությունը

Ալիևների կլանի առասպելներն ու լեգենդները  չեն փրկի անժառանգ հանրապետությունը
07.02.2014 | 11:44

2014 թ. հունվարի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվեց Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերի միաժամանակյա թափանցման փորձ։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցան կազմակերպված պաշտպանության։ Հյուսիսարևելյան ուղղությունում ծավալված մարտի ընթացքում ստացած հրազենային կրակոցից զոհվեց ԼՂՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։
Ահա այսպիսի ստանդարտ (մեր թշնամիների համար) ձևով Իլհամ Ալիևը որոշեց հասկացնել Հայաստանին ու Արցախին, որ «տոներն ավարտվել են», և Ադրբեջանը մտադիր է այսուհետ ևս ձախողել հաշտության բանակցությունների բոլոր փորձերը։ Ես հասկանում եմ թերմիտ նախագահին. 2013 թ. ամռանը Ֆրանսիան համառորեն ասում էր, որ ժամանակն է ԼՂՀ-ն վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Նոր տարուց առաջ ֆրանսիացի դիվանագետներին ձայնակցեցին ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Ապշերոնցիները հասկանում են (այնքան էլ ինքնասիրահարված ու հիմար չեն, որ չհասկանան), որ վաղ թե ուշ այդ «փոխզիջումների կոչերը» կարող են վերաճել Արցախի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի համակարգված ու համաձայնեցված քաղաքականության իսկական «իններորդ ալիքի»։ Թե ինչո՞ւ է «հանկարծ» նրանց բոլորի մեջ ձևավորվում հերթական միասնական մոտեցումը, սա, իհարկե, առանձին խոսակցություն է, և հակամարտության մասնակից երեք կողմերի հանրության թեման չէ... Մեծ տերությունների խոսքն այլ է, և այստեղ հազիվ թե որևէ բան ավելացնելու կամ հնարելու կարիք կա։
Ադրբեջանական կողմի քայլը պատահական չէ։ Չէ՞ որ մոտավորապես մի 9-10 օր առաջ հայտարարվել էր, որ հունվարի 24-ին տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպում, իսկ փետրվարին էլ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Հայաստանի ու ԼՂՀ-ի արտգործնախարարությունները արդեն իրենց գնահատականները տվել են իրավիճակին։ «Նախարարները ադրբեջանական կողմի հարձակումը գնահատել են որպես պրովոկացիոն և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների այս շաբաթ նախատեսված բանակցությունները ձախողելու փորձ»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հունվարի 20-ի հաղորդագրությունում, որը տարածվել է արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի Երևանում տեղի ունեցած հանդիպումից ու բանակցություններից հետո։ ՈՒշադրություն դարձնենք. դիվերսիոն ճեղքումների փորձերը ձեռնարկվել են այն բանից հետո, երբ հունվարի 15-ին ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ռազմադաշտային առաքելությանը թույլ չտվեց դիտարկել իր առաջավոր դիրքերը` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հյուսիս (հարավային ուղղություն)։ Իսկ հունվարի 17-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել Արցախի պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին, նշեց, որ Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը, սպառնալիքներ տեղալ Արցախի ու Հայաստանի հասցեին, ոտնահարել միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները. «Հակառակորդի նման վարքագծի պայմաններում մենք պետք է ավելի զգոն լինենք, նախաձեռնությունը մեր ձեռքին պահենք, միաժամանակ սադրանքների չենթարկվենք»։ Այդ նույն օրը, ինչպես հաղորդել էին լրատվամիջոցները, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ-ում էր և այցելել էր սահմանային զորամասեր՝ տեղերում հանդիպումներ անցկացնելով սպաների հետ։
Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը սովորաբար «լռություն է պահպանում», երբ Բաքվին մեղադրում են զինադադարի խախտման մեջ, այս անգամ, առանց վայրկյան կորցնելու, հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդակցության հերքմամբ։ Թե բանն ինչ է, կարելի է հասկանալ հաջորդ փաստից. Բաքուն 99,99 %-ով անտեսում է Ստեփանակերտից հնչող հայտարարությունները` ձևացնելով, թե Ադրբեջանի համար «ԼՂՀ առհասարակ գոյություն չունի»։ ՈՒստի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հիմնականում արձագանքում է միայն Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններին։ Ապշերոնցիներին թվում է, թե այդ կերպ իրենք ավելորդ անգամ «ապացուցում» են, թե Ադրբեջանը «հակամարտության մեջ է Հայաստանի հետ», իսկ Արցախի գործոն «առհասարակ չկա» տարածաշրջանում, և այսպես շարունակ։ Բայց այս անգամ ադրբեջանցիների կորուստները շատ շոշափելի են եղել, ինչպես հաղորդել էր ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ահա և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ ջայլամի նման գլուխը հանել ավազից ու «արդարանալ»։ Ի դեպ, բաքվեցիներն այս մասին չէին մտածել. հերքելով ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ էության, ընդունում է Արցախի անկախության փաստը։ Ինչպես ասում է մի հայտնի սատիրիկ՝ ախր շատ բութ են այս ապշերոնցիք։
Խնդիրն այն է, որ Իլհամ Ալիևը, անկախ այն բանից, թե երբ և որտեղ է սովորել, և սովորե՞լ է արդյոք, ընդունակ չէ հեռանկարային քաղաքական դատողություններ անելու։ Այս կապակցությամբ նա հարկադրված է շարունակելու առասպելաբանության և երազանքների կուրսը, որ ժամանակին սկսել էր նրա հանգուցյալ հայր Հեյդարը։ Բայց վերջինս ձեռքի տակ ուներ ֆանտաստ գիտնականներ, ինչպես, օրինակ, Զիա Բունիաթովը, Պյուստա Ազիզբեկովան և այլք։ Հայր Ալիևի, իսկ հիմա նաև որդու առասպելաբանությունը հենվում է մի իրողության վրա, որը դեռևս խորհրդային տարիներին, ընդ որում, հենց Ռուսաստանում, «բունիաթովականություն» անունն էր ստացել։ Դա նշանակում է հարևան բոլոր ժողովուրդների պատմության յուրացում, սեփական պատմության արհեստական, ոչնչով չհիմնավորված «վաղեմացում», համապատասխանաբար, ուրիշների հողերի, ուրիշների սեփականության, ուրիշների նյութական և հոգևոր մշակույթի սեփականաշնորհում։ Արդեն ամբողջ աշխարհին են հայտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հասցեագրված Իրանի պաշտոնական բողոքներն ընդդեմ Բաքվի (իսկ ինչո՞ւ է լռում մեր երկիրը), թեկուզև իրանական միջնադարյան մեծ պոետ Նիզամի Գյանջևիի յուրացման և ադրբեջանցի թուրքերի կողմից նրա շիրմի պղծման առնչությամբ։ Հիշեցնեմ, որ դեռ 2013 թ. հոկտեմբերին Իրանի փոխնախագահ և մշակութային ժառանգության, տնայնագործական արդյունաբերության ու զբոսաշրջության գերատեսչության նախագահ Մուհամմադ Ալի Նաջաֆին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային հասցեագրված նամակում իր բողոքն էր հայտնել, ընդգծելով, որ Ադրբեջանը Նիզամու շիրմաքարին փորագրված պարսկերեն բանաստեղծական տապանագիրը փոխարինել է թուրքերենով։ Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել` կասեցնելու Ադրբեջանի նման գործողությունները և նախնական տեսքի բերելու պոետի շիրմի նախշազարդ տապանագիրը։
Եվ այս պայմաններում 2014 թ. հունվարի 1-ին Բաքվի լրատվամիջոցները աշխարհով մեկ տարփողեցին Ի. Ալիևի ցնդաբանության հերթական ժեխը, որն այսօր` հունվարի 20-ին, Արցախում դիվերսիոն ճեղքման փորձերի ֆոնին, ադրբեջանական խանաժառանգի մտավոր և բարոյական խեղվածության օրինաչափ հետևանքն է։ Հիշեցնեմ. «Աշխարհի ադրբեջանցիների միաբանության օրվա» և Նոր տարվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում Ի. Ալիևը հետևյալն էր հայտարարել. «Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ մեր հողերում ստեղծվի երկրորդ արհեստական հայկական պետությունը։ Համոզված եմ, որ մեր երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, և գրավված բոլոր հողերում կապրեն Ադրբեջանի քաղաքացիները։ Իսկ ապագայում ադրբեջանցիները կվերադառնան իրենց բոլոր պատմական հողերը։ Ես վստահ եմ, ու ամենևին չեմ կասկածում։ Դրան հասնելու համար մենք պետք է ավելի ուժեղանանք, ունենանք է՛լ ավելի զորեղ բանակ և ապահովենք տնտեսական զարգացումը»։
Եվ ահա «զորեղ բանակը» նետվեց գործով ապացուցելու իր գլխավոր հրամանատար խանի խոսքերը։ Անկեղծ եմ ասում, ափսոսում եմ ոչ միայն մեր զինծառայողի համար, այլև ադրբեջանցիների, որոնց, ի հաճույս Ալիևի նկրտումների, ոչխարի պես քշել էին արցախցիների վրա։ Նրանք էլ երիտասարդ տղաներ են, որպես կանոն, շատ աղքատ ընտանիքներից, որոնց ծնողները չեն կարողացել բանակից ազատել իրենց որդիներին, նրանք էլ հայր ու մայր ունեն։ Հունվարի 4-ին էլ նույն Բաքուն հաղորդեց, թե կախվել է ադրբեջանցի մի տղա, որը զորակոչված է եղել մի երեք ամիս առաջ։ Բայց հունվարի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստում, որը նվիրված էր 2013 թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և 2014 թ. անելիքներին, Ադրբեջանի նախագահը նորից հայտնվեց «բունիաթովականության» գերության մեջ և սպառնալիքներ տեղաց Հայաստանի ու Արցախի հասցեին. «Մեր ռազմական հզորությունը վճռորոշ դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորման գործում»։
«Արդարացի», ադրբեջանցիների մեկնաբանությամբ, նշանակում է կրակե մսաղացի մեջ գցել տասնյակ հազարավոր ադրբեջանցի երիտասարդների։ ՈՒզում եմ բացեիբաց հարցնել Ի. Ալիևին. ինչո՞ւ «հանկարծ» վճռեց 2014 թ. հունվարի 13-ին առաջին անգամ հրապարակել 1991-94 թթ. զոհված ադրբեջանցի զինծառայողների մասին պաշտոնական տվյալները։ Բաքվի ԱՊԱ գործակալության տվյալների համաձայն, Ադրբեջանի զորահավաքի ու զինակոչի պետական ծառայության կայքում զետեղված են պատերազմական գործողություններից զոհված մասնակիցների անունները ու նշվում է, որ զոհվել է 11557 զինծառայող։ Թեև որոշ շրջանների ցուցակները ամբողջական չեն, դրանք կարելի է համարել առաջին պաշտոնական տվյալները։ «Շեհիդների» ցուցակում նշվում են անհետ կորած զինծառայողների անունները՝ նշում է ԱՊԱ-ն։ Ցուցակում ներառված չեն զոհված քաղաքացիական անձանց և, ամենայն հավանականությամբ, օտարերկրյա վարձկանների անունները, որոնց Բաքուն ակտիվորեն ներգրավում էր Պակիստանից, Աֆղանստանից և արաբական երկրներից։ Ի. Ալիև, սա Ձեզ համար առասպելաբանություն չէ, թեև դուք այստեղ էլ եք մի լավ «տաշել»։ Կանադացի զինվորական փորձագետների գնահատմամբ (արդյունքներն առաջին անգամ հրապարակվել են 1995 թ.), միայն 1993 թ. դեկտեմբեր-1994 թ. մարտ ընկած ժամանակամիջոցում ռազմական արկածախնդրության զոհ է դարձել 10-15 հազար ադբեջանցի։ Կանադացիներն այն ժամանակ փաստել էին, որ կողմերի ունեցած կորուստների զոհերի տոկոսային հարաբերակցությունը կազմել էր ոչ թե սովորական 1։5 (պաշտպանվող-հարձակվող), այլ առնվազն 1։10։ Բայց չէ՞ որ պատերազմ էր և՛ 1991-ին, և՛ 1992-ին, և՛ մինչև 1993-ի դեկտեմբեր։ ՈՒր է «պարտակել» Ի. Ալիևն այն սպանվածներին, ովքեր ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել էին մինչև 1993-ի դեկտեմբերը։ Պահել է Աստծո ահեղ դատաստանի օրվա համա՞ր։ Իզո՜ւր։ Այն Ադրբեջանի՝ որպես պետական կազմավորման համար արդեն անհնարինության աստիճանի մոտ է։
Բայց «սառույցը շարժվել է». Ի. Ալիևն արդեն ընդունում է, որ Ադրբեջանը կորուստներ է ունեցել։ Նախընթաց տարիներին ո՛չ նրա հայրը, ո՛չ ինքն անձամբ այդ պաշտոնական «11557 սպանվածների» մասին չեն խոսել։ Հնարավոր է, որ Իլհամ Ալիևը համարում է, որ ժամանակն անցել է, և Ադրբեջանի քաղաքացիներն արդեն չեն հիշում բոլոր զոհվածներին։ Սակայն զոհվածների ծնողներն ու հարազատները, հո՞ հիշում են։ Ինչպես կհիշեն այն ծնողները, որոնց զավակներին ոչնչացրին ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկներն իրենց հայրենիքի անվտանգությունը պաշտպանելիս՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը։ Այդուամենայնիվ, Ի. Ալիևն ու Ալիևների կլանը դարձյալ չեն հանդարտվում, և էլի իրենց «ռազմական հզորության» մասին են բարբաջում։ Այստեղ իբր հայ ժողովրդի սրտացավ բարեկամները տարբեր կողմերից կիսաձայն կրկնում են Ի. Ալիևին։ Այսպես, ոմն ռուս փորձագետ Խրամշիխին մոսկովյան «Նեզավիսիմայա գազետայում» գրում է. «Նոր պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է», ամերիկացի հայտնի լրագրող, Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերի փորձագետ Ջոշուա Կուչերա. «Կոնֆլիկտի վերսկսումը ժամանակի հարց է միայն թվում»։ Էլ ավելի զարմանալի է, որ նման «բարեկամները» շատ հետևորդներ ունեն Երևանում։ Հասկացանք, հիշատակված և այլ փորձագետներին (հատկապես տխրահռչակ «Stratfor» կենտրոնից, և այսպես կոչված, «միջազգային ճգնաժամային խմբից») գրեթե բացահայտորեն վճարում են ամերիկացիները, որպեսզի սրանք լայնորեն շրջանառեն Իլհամ Ալիևի մյութոսային «հաթաթաները»։ Բա այն հայերը, ովքեր ձայնակցում են դրանց, ինչո՞վ են մտածում։
Հիշեցնեմ. 1990-94 թթ. տնտեսական վիճակը Հայաստանում ու Արցախում, ինչպես և մեր զինծառայողների ու կամավորականների զինվածության ու ռազմահանդերձանքի մակարդակը նույնպես շատ ցածր էին։ Մենք եղածը «կաթիլ-կաթիլ» ձեռք էինք բերում արդեն պատերազմի ընթացքում։ Ասենք, նաև պետք է նշել, որ ռեսուրսների աստիճանով և ֆինանսական միջոցների առկայությամբ էլ նախկին Հայկական ԽՍՀ-ի ու ԼՂԻՄ-ը համեմատության եզրեր չունեին նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի հետ։ Բայց պատերազմը մենք շահեցինք։ Շահեցինք, որովհետև մարտի դաշտում կռվում են ոչ թե տեխնիկան, դոլարն ու ռուբլին, այլ մարդիկ։ Պարզապես մարդիկ։ Այսինքն, քիչ է, որ քո սպառազինության մեջ «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն է, եթե դու վախկոտի մեկն ես, եթե կռվում ես ոչ թե հավատով, այլ հանուն փողի, ապա տանուլ կտաս անգամ տիեզերքից եկած այլմոլորակայինների աջակցության պարագայում։ Ի. Ալիևն այս ամենը չի հասկանում սակայն, ի դեպ, նրա հայրը հասցրեց հասկանալ, հենց 1993-1994 թթ. ձմեռային անհաջող ռազմարշավից հետո, երբ Հեյդարը, այնուամենայնիվ, ԼՂՀ-ի ճանաչման քայլեր արեց, թեկուզ ոչ հրապարակայնորեն, ավելի ճիշտ առանց լայն հրապարակայնության։
Ինչո՞վ է էապես տարբերվում 2014 թվականը 1993-ից կամ 1994-ից։ Գաղափարախոսության ու տրամաբանության առումով՝ ոչնչով։ Գուցե նրանով միայն, որ հակամարտության բոլոր երեք մասնակիցների զինված ուժերը թե՛ զարգացման, թե՛ փորձի, թե՛ սպառազինվածության ավելի բարձր փուլում են գտնվում։ Մի՞թե ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալը չէր հասցրել որդու մեջ պրոֆեսիոնալ հիշողություն զարգացնել։ Եթե այդպես է, ապա զարմանալի է։ Իսկ Իլհամն իր հոր զավա՞կն է արդյոք։ Եթե այո, ապա պիտի հասկացող լինի, թեև պատերազմի ժամանակ կատարյալ դասալիք էր և միլիոններ էր շաղ տալիս թուրքական խաղատներում, կասկածելի գործարքների էր մասնակցում թմրավաճառների ու «Գորշ գայլեր» կազմակերպության ավազակների հետ, որը նույնիսկ թուրքական իշխանություններին էր օրենքից դուրս հայտարարել։ Օրինակ, նա պետք է հիշի, որ իրականում Ադրբեջանը 1990-94 թթ. պատերազմում ունեցել է ոչ թե 11557 սպանված զինվոր, այլ առնվազն կրկնապատիկ ավելի։ Պետք է հիշի, որ ադրբեջանական բանակի կազմում սպանվածների թվին պետք է դասել նաև ուկրաինացիների, թուրքերի, լիտվուհիների, պակիստանցիների, աֆղանների և օտարերկրյա այլ վարձկանների հազարավոր դիակները։
Թող մի պահ պատկերացնի Իլհամ Ալիևը, թե ինչ կլիներ, եթե հայկական զորքերը միանային Թալիշ-Մուղանի Հանրապետության զորքերին, ինչպես սպառնում էր նախկին գնդապետ, ԹՄՀ նախագահ Ալիքրամ Գումատովը։ Պատկերացրեք, Իլհամ Ալիև, այդ դեպքում Ադրբեջանը գոյություն չէր ունենա արդեն 1993-ի վերջերին։ Եվ ոչ այն պատճառով, որ անկախ կլինեին ոչ միայն Արցախի հայերը, այլև ԹՄՀ-ի թալիշները։ Այլ որ «Սադվալի» ու «Ազադվալի» լեզգիներն էլ էին սկսել պատրաստվել։
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հիանալի է հիշում այդ օրերը։ Եվ զուր չէ, որ նա, մեկնաբանելով Ի. Ալիևի հունվարի 9-ի հայտարարությունը, ասաց հետևյալը. «Նա կարող էր հրապարակել նաև ավելի տպավորիչ թվեր, համեմատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել, որ Ադրբեջանն իր սկսած ագրեսիայի հետևանքով պարտություն կրեց հենց Լեռնային Ղարաբաղից, և լավ է գիտակցում, որ նոր արկածախնդրությունը նոր պարտություններ կբերի»։ Մեր փոխնախարարի խոսքերն իրականություն դարձան. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվա միջադեպն ավարտվեց ադրբեջանցիների ևս մեկ, թող որ տեղային, պարտությամբ։ Ահա այսպես էլ փուլ են գալիս ապշերոնցիների երևակայություններն իրենց գերազանցության, իրենց «ռազմական հզորության» մասին։ Մնացել է հասնել այն բանին, որ փուլ գա նաև Անդրկովկասում բնիկ լինելու մասին նրանց հյուսած առասպելը։
Համոզված եմ՝ քիչ է մնացել սպասելու։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ