ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Մուսսաֆայում հայտնաբերված կետի կմախքը շուտով կներկայացվի հանրային ցուցադրության

Մուսսաֆայում հայտնաբերված կետի կմախքը շուտով կներկայացվի հանրային ցուցադրության
19.11.2013 | 11:03

Միայն կարելի է հիացմունքով հետևել, թե ինչպես է ԱՄԷ-ն փայփայում երկրի տարածքում կատարված յուրաքանչյուր հնագիտական, մշակութային, պատմական, բնագիտական բացահայտում և ինչպես է դա ներկայացնում հանրությանը: Սա իսկապես օրինակելի է: Այսօր կպատմեմ հերթական բացահայտումներից մեկի մասին, որն արվել է տարիներ առաջ, սակայն դեռ նոր պետք է ներկայացվի հանրությանը:
Աբու Դաբիի հարևանությամբ կա Մուսսաֆա արդյունաբերական շրջան: 2006 թ. այս շրջանում հնագետները հայտնաբերել էին հսկայական չափերի հասնող կետի կմախք: Ենթադրվում է, որ այն մոտավորապես 6000 տարեկան է: Կմախքը բավական մեծ խորությամբ խրված է եղել գետնի տակ, ինչն էլ անվնաս հանելու համար դժվարություններ է ստեղծել: Ստիպված այն պատվել է գիպսով, իսկ հետո դուրս բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ: Կմախքը հայտնաբերելիս հնագետներին զարմացրել են 1,5x2,5 մ չափսերով գանգի ոսկորները: Գիտնականների խմբից դոկտոր Ջոն Ստյուարտի խոսքով՝ դժվարությունների են հանդիպել հատկապես գանգը դուրս բերելիս: Այնուհետև կմախքը ենթարկվել է երկարատև ու մանրամասն ուսումնասիրության, գիտնականների խումբն այժմ պատրաստվում է այն ներկայացնելու հանրային դիտման: Դեռևս 2011-ին Ջ. Ստյուարտը և տասնչորս գիտնականններ հանդես էին եկել իրենց կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ նախնական հոդվածով: Իսկ որոշ ժամանակ անց կտպագրվի կետի կմախքի ուսումնասիրության վերաբերյալ ամբողջական հոդվածը, որը կետի անատոմիական կառուցվածքի՝ գանգի, ծնոտի երկու ոսկրերի, ականջի ոսկրերի, լողակների, ողնաշարի, կողոսկրերի ամբողջական ուսումնասիրության մասին է: Պետք է ասել, որ աշխատանքն առանց խոչընդոտների չի ընթացել. կիզիչ տաքությունը հազարամյակների ընթացքում քայքայել է կետի ԴՆԹ-ի կառուցվածքը, ինչի պատճառով անհնար է դարձել գենետիկ քննությունը: Սակայն կան մեթոդներ, որոնցով հնարավոր է գոնե պատկերացում կազմել ուսումնասիրվող ժամանակաշրջանի բնական միջավայրի մասին: Օրինակ, տարիներ առաջ այս տարածաշրջանում հայտնաբերել էին մամոնտի կմախք: Դարձյալ գենետիկ ուսումնասիրություն հնարավոր չէր, բայց դեմքի, ծնոտի, թաթերի շուրջ բեղերի նմանություն ունեցող ոտքերով հոդվածոտանիների հետքեր էին կարողացել հայտնաբերել: Գիտնականները ենթադրում են, որ այդ հոդվածոտանիները կպել են սատկած կենդանուն այն ժամանակ, երբ այն ստամոքսում հավաքված գազերի պատճառով «պայթել» և մնացել է ծովածոցում: Հոդվածոտանիները սովորաբար ապրում են քաղցրահամ ջրում, ըստ այդմ, ենթադրվում է, որ այդտեղ այն ժամանակ ջուրը քաղցրահամ է եղել: Նույն միտքը շարունակելով՝ գիտնականները պնդում են, որ «տարածաշրջանի բնական միջավայրը հազարամյակների ընթացքում շատ է փոխվել, գնալով աղը մեծ քանակի է հասել, ինչն էլ աղքատ ֆաունայի մասին է վկայում»: Հետաքրքիր ենթադրություններ կան նաև Աբու Դաբիի էմիրության բնական միջավայրի վերաբերյալ, որտեղ հայտնաբերվել էր հսկայական կետի կմախքը: Կետի կմախքի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների խմբից դոկտոր Մարկ Բիչի պնդմամբ՝ Աբու Դաբին ծովի մակարդակից 1,3-1,4 մետր ավելի բարձր է եղել, քան հիմա: Հետագայում բևեռային սառույցների հալվելու հետևանքով ջուրը բարձրացել է: Այս փաստը, նրանց կարծիքով, կմախքի ուսումնասիրության ժամանակ կօգնի տալու բազմաթիվ հարցերի պատասխաններ, կկարողանան գոնե վերը նշված հոդվածոտանիների նման կենդանիների հետքեր հայտնաբերել: Այս հայտնագործության առնչությամբ ևս գիտնականները խոսում են միջավայրի բնական փոփոխությունների մասին, նաև հիշեցնում, թե մարդն ինչպես է նպաստում երկրագնդի գլոբալ տաքացմանը, և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Գիտնականների ահազանգին մարդը ոչ միշտ է ականջալուր: Նախորդ հրապարակումներում խոսել եմ այն մասին, որ Աբու Դաբիի բնակելի և այլ նպատակներով գործածվող տարածքը մեծացնելու համար հսկայական ջրային միջավայրեր են ցամաքեցվում, ինչը քաղաքաշինության տեսակետից օգտակար է, բայց, մյուս կողմից էլ, գուցե արժե ուշադրություն դարձնել գիտնականների կոչին. «Ըստ ծովի քաղաքները պլանավորելիս պետք չէ մոռանալ, որ ջուրը տարիների ընթացքում հնարավոր է բարձրանա»: Վերադառնալով Մուսսաֆա արդյունաբերական շրջանում հայտնաբերված կետի կմախքին, պետք է ավելացնել, որ դրանով հետաքրքրված է նաև Աբու Դաբիի մշակույթի և պատմական ժառանգության բաժանմունքը: Ի դեպ, ԱՄԷ-ն շատ տարիներ առաջ է սկսել մեծ ուշադրություն դարձնել երկրի երկրագիտական ուսումնասիրությունների, պատմական ժառանգության հայտնաբերման և պահպանման վրա: Սա արվում է նաև զբոսաշրջիկներին գրավելու համար: Վերջում տեղեկացնեմ, որ «Աբու Դաբիի կղզիների ուսումնասիրության» աշխատանքային խումբը 1991-2006 թթ. զբաղվել է ԱՄԷ-ի վաղ շրջանի պատմությանը վերաբերող հայտնագործություններով, գիտական ուսումնասիրություններով, հայտնաբերված նյութերի պահպանությամբ, դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների տպագրությամբ: Իսկ 2006-ից Աբու Դաբիի մշակույթի և պատմական ժառանգության բաժանմունքը համատեղում է ԱՄԷ-ի տարածքում բոլոր պատմական, մշակութային հնագիտական նախագծերը, համագործակցում միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրներից հրավիրված գիտնականների հետ: Այս բաժանմունքը նաև աջակցում է զբոսաշրջության և երկրագիտության ազգային վարչությանը:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ