ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Իշխանության և ընդդիմության տարբերությունը նրանց նմանության մեջ է

Իշխանության և ընդդիմության  տարբերությունը նրանց նմանության մեջ է
30.09.2013 | 23:22

Աշնան մեկ ամիսն արդեն գլորեցինք, իսկ Ազատության հրապարակում միջինից ցածր ջերմություն է: Գլխավոր «դերակատարները» ազատամարտիկներն են: Պետք է նկատել, որ նրանց հանրահավաքին ավելի շատ մարդ է ներկա լինում, քան, ասենք, «Ժառանգության» կամ «Նախախորհրդարանականների»: ՈՒ թե քաղաքական հետաքրքրասերների սակավությունը ամռանը կարելի էր բացատրել շոգ եղանակով, այժմ, երբ արդեն ամռան «կրակը» հետևում է, կիսադատարկ հրապարակի համար ավելի բնորոշ ձևակերպում, քան «Ժողովուրդը չի տեսնում իր շահերը ներկայացնող ուժ», անհնար է գտնել:
Քաղաքական դաշտն այս օրերին ազատամարտիկներով չի սահմանափակվում: Խաղում են գրեթե բոլորը և միաժամանակ ոչ մեկը: «Հանրապետություն» կուսակցությունը հանդիպումներ է ունենում այլ ուժերի հետ` մոբիլիզացնելու համար ընդդիմադիրներին, ՀՅԴ-ն իշխանության հետ բանակցությունների մեջ է դիվանագիտական աթոռների կոնտեքստում, «Ժառանգությունը» հեղափոխություն է խոստացել, որի ոչ «իզն» է երևում, ոչ «թոզը», ԲՀԿ-ի մասին լավ է չխոսել. Ծառուկյանը վաղուց Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները հարթելու հոգսերով է զբաղված, դե իսկ ՀԱԿ-ը ավելի շատ լռում է, եթե չհաշվենք յուր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում ունեցած ելույթը: Հայաստանի գլխին գրեթե շեքսպիրյան հայտնի դիլեման է կախված. լինել ԵՄ-ի՞ հետ, թե՞ ՄՄ-ի: Կուսակցություններից միայն երկուսն են հրապարակային հայտարարություն արել ԵՄ-ի օգտին: Իսկ իրեն թիվ մեկ ընդդիմադիր համարող ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն ավելի շատ ռուսամետ տարրեր էր պարունակում: Մի առիթով Տեր-Պետրոսյանն ասել էր. «Հայաստանը պետք է ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ լինի, այլ չպետք է լինի հակաամերիկյան կամ հակառուսական»: Առաջին նախագահի վերջին ելույթում, սակայն, նահանջ կար սեփական մտքերից: Նա ակնհայտ սևեռվածությամբ քննադատում էր Եվրոպային, նույնքան ակնհայտ սևեռվածությամբ խնայելով Ռուսաստանն ու նրա առաջնորդին: Եվ սա պատճառաբանում էր նրանով, որ ՀԱԿ-ը «ոչ թե մարգինալ, անպատասխանատու տարր» է, «այլ իշխանության այլընտրանք հանդիսացող լուրջ ինստիտուցիոնալ քաղաքական ուժ» և արտաքին քաղաքական հարցերում պետք է «պետական պատասխանատվություն» ցուցաբերի:
Պետական պատասխանատվություն ասվածը հույժ անհրաժեշտ գործոն է ընդդիմության համար, բայց կան նաև այլ գործոններ, որոնք ընդդիմությանն առանձնացնում են իշխանությունից: Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն: ՈՒրեմն ո՞րն է իշխանության և ընդդիմության տարբերությունը, երբ ընդդիմադիրների մեծ մասը հակված է դեպի Ռուսաստան: Պարզ է մի բան. քանի դեռ իշխանության և ընդդիմության դիրքորոշումները համընկնում են, թեժ աշունները Հայաստանում բացառվում են:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ