Վերջին շրջանում Հայաստանում սկսել է ձևավորվել քաղաքացիական հասարակության սաղմը, որ կենդանության նշաններ ցույց տվեց լիցկազգիների դեմ սկսված պայքարով և բուռն զարգացում ապրեց տրանսպորտի գնի բարձրացումը վիժեցրած երիտասարդների ընդվզումով։
ՈՒղեվարձի բարձրացման դեմ ուղղված զանգվածային բողոքի տրամադրություններից փորձեց օգտվել ոչ անհայտ Լիցկան. վերջերս, վերադառնալով արտերկրից, նա հավաքել է իր ազգականներին և ասել բառացիորեն հետևյալը. «Էրևընցիք մեզ լիքը քոմագ ըրեցին էս մառշրուտկեքի բազարներով, էլ մեր մասին չեն խոսում, տա լավա, իմ սրտավսա, մհեկ պիտի անց կենանք մեր գործերին»։ Ասել է ու տվել հստակ հանձնարարականներ:
Տեղացիները խոսում են նաև, որ Լիցկան նախապատրաստվում է Գորիսի քաղաքապետի ընտրություններին և հիմա թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ է, թեև իր մերձավորներից չի թաքցրել, որ գրեթե շանս չունեն քաղաքապետի պաշտոնը վերցնելու, սակայն Գորիսը պարտավոր են պահել:
Ըստ Լիցկայի նոր պլանի` նրա հորեղբորորդի Սասուն Խաչատրյանը որդիների հետ պետք է կազմեր այն գորիսեցիների ցուցակը, որոնք այս կամ այն կերպ մասնակից են եղել նախկին մարզպետի դեմ ուղղված արշավներին և բացեիբաց դեմ են արտահայտվել Սյունիքի երբեմնի «ցար-բոգին»: Ցուցակը կազմելուց հետո Լիցկան «պատժիչ ջոկատի» հրամանատարներ է նշանակել իր եղբայրներ, թմրամոլ ու ինքն իրեն «նարկոբարոն» երևակայող Աղալարին և, այսպես կոչված, «ստրկատեր» Հոպոպին, որոնք իրենց որդիների հետ պետք է սկսեին պատժիչ «օպերացիան»:
Լիցկան որոշել էր նեղացնել իր մտերիմների շրջանակը, քանզի որևէ մեկին չի վստահում, նրա երբեմնի համախոհներն արդեն առիթը բաց չեն թողնում քննադատելու նախկին վայ-մարզպետին և, այսպես ասած, այլևս «պրիզնատ չեն գալիս» նրան, այդ պատճառով էլ պատժիչ գործողությունը նա վստահել է միայն իր եղբայրներին:
Սակայն Լիցկայի տխրահռչակ պլանը ձախողվել է հենց հաջորդ օրը. առաջին իսկ օպերացիան իրականացնելիս` «մոր աչքի սուրմա թռցնող» նրա ճիվաղները հանդիպել են գորիսեցիների դիմադրությանը. քաղաքացիներից մեկն ապտակել է Աղալարի որդուն, մեկ ուրիշն էլ, բառի բուն իմաստով, թքել է Աղալարի վրա:
Այս ձախողված «օպերացիան», սակայն, ոչ միայն համարժեք եզրահանգումների տեղիք չի տվել սյունիքցիների աչքի փուշ Լիցկային, այլև ավելի է գազազեցրել վերջինիս։ Նա իր կամակատարներին հրահանգել է լուրեր տարածել, թե իբր սեպտեմբեր ամսին իր որդին դուրս է գալու բանտից, ինչը, նրա կարճ խելքով, ժողովրդի մեջ դեռ տաք կպահի սեփական ամենակարողության և անպատժելիության միֆը (մինչ այդ էլ նրա պնակալեզները տարածում էին, թե Լիցկայի մարդասպան որդին ազատ կարձակվի օգոստոսի 4-ին):
Լիսկան հրահանգել է իր թափթփուկներին պատեհ-անպատեհ գորիսեցիների ականջը լցնել, թե հոկտեմբերին ինքը «գնալու» է ավելի բարձր պաշտոնի, իսկ թե ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից ում համար է «փոս փորում», մնում է միայն գուշակել:
Սակայն, ի պատիվ գորիսեցիների, որևէ մեկն այլևս լուրջ չի վերաբերվում լիցկայականների բարբաջանքներին, Լիցկային էլ որակում են որպես հոգեպես անհավասարակշիռ անձի, ով կորցրել է իրականության զգացողությունը:
Դժվար չէ հասկանալ, որ Լիցկայի նման գործելաոճը վկայում է մեկ բանի մասին. նրա երբեմնի «հզորությունից» տարտամ հուշ է մնացել միայն, նա չգիտի իր քայլերի հաջորդականությունը, ցայտնոտի մեջ է և չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ նախկինի պես ահ ու սարսափ չի սփռում շուրջբոլորը, որ իր որդին գտնվում է բանտում ու այնտեղ կմնա 10 տարուց ավելի:
Մինչդեռ իրականությունը սա է, որի հետ հաշվի չնստել նախկին մարզպետ կոչեցյալը չի կարող։ Չի կարող մի պարզ պատճառով. ինքնագիտակցության եկած սյունիքցիները թույլ չեն տա։
Արթուր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ