Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Հնձեցին այն, ինչ ցանել էին մեկ տարի առաջ

Հնձեցին այն, ինչ ցանել էին մեկ տարի առաջ
24.06.2013 | 18:22

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ irates.am-ը հետաքրքրվեց, թե քաղաքական դաշտում այսօրվա անդորրը ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել, ի՞նչ խմորումներ են սպասվում:
«Իմ կարծիքով՝ Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի: Ուղղակի իշխանության ճամբարում տեղի են ունենում որոշակի գործընթացներ տարբեր խմբավորումների միջև: Եվ բնականաբար այն, ինչ որ պետք է կիսեն, դա իշխանության լծակներն են և վերահսկողությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա», -մեր հարցին այսպես արձագանքեց Ստեփան Դանիելյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ կան տարբեր կառուցվածք ունեցող քաղաքական խմբավորումներ, որոնք համարվում են ընդդիմադիր, քանի որ չունեն իշխանական լծակներ: Դրանք, ըստ Ստեփան Դանիելյանի, ունեն տարբեր գաղափարներ, և շատ դժվար է ասելը, թե այսօր ինչով են զբաղվում:
Ստեփան Դանիելյանին հիշեցրինք, որ մի քանի տարի առաջ շատ ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը, որն այսօր նահանջ է ապրել:
«Բնականաբար, դրանում մեղավոր են քաղաքական ուժերը: Քաղաքացիական նախաձեռնություններն այսօր պասիվ են: Պետք է հիշել, թե անցյալ տարի Մաշտոցի պուրակի համար պայքարի ժամանակ ինչպես էին ընդդիմադիր ուժերը վարկաբեկում այդ նախաձեռնությունը: Պարզվեց, որ իշխանություններն ավելի լոյալ են, քան՝ ընդդիմադիրները: Եվ դրա պատճառն այն էր, որ այդ կուսակցություններն այնտեղ նախաձեռնություն չէին ցուցաբերել: Արդյունքում՝ նրանք այսօր ստացել են այն, ինչ ստացել են. և՛ քաղաքացիական նախաձեռնություններն են հայտնվել պասիվ վիճակում, և՛ իրենք որևէ նախաձեռնությամբ չեն կարողանում հանդես գալ»:
Ստեփան Դանիելյանը կարծում է, որ քաղաքացիական նախաձեռնություններին վարկաբեկում էին մի շատ պարզ պատճառով. նրանք ցույց էին տալիս, որ քաղաքական կուսակցություններն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և նրանց ֆոնին իրենք մղվում են հետին պլան: Միաժամանակ, ըստ մեր զրուցակցի, կուսակցությունները վախ ունեն, որ այդ նախաձեռնությունները կարող են վերածվել քաղաքական շարժման: Նա հիշեցրեց, որ քաղաքացիական նախաձեռնությունները չունեն իշխանության գալու նպատակ, այդ մարդկանց չես կարող մեղադրել, որ ուզում են գալ իշխանության, որպեսզի զբաղվեն կոռուպցիայով և այլն:
Ստեփան Դանիելյանն ասաց, որ քաղաքացիական նախաձեռնություններին ընդդիմադիր ուժերը փորձեցին վարկաբեկել՝ նրանց կապելով իշխանությունների հետ: Իսկ այսօր,մեր զրուցակցի դիտարկմամբ, երբ չկան քաղաքացիական ակտիվ նախաձեռնություններ, այդ նույն ընդդիմադիր ուժերը անելիք չունեն:
Ստեփան Դանիելյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, թե Թուրքիայում մեկ այգու համար պայքարը ինչի վերածվեց:
«Նույնը կարող էր լինել Մաշտոցի պուրակի դեպքում, եթե ընդդիմադիր կուսակցություններն իրենց այդպես չպահեին: Եվ դրանում մեղավոր են հենց այդ՝ ընդդիմադիր կոչվող կուսակցությունները»,- կարծում է մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ