ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Մաքսային միությունն այնքան սարսափելի չէ, որքան ներկայացնում են»

«Մաքսային միությունն այնքան սարսափելի չէ,  որքան ներկայացնում են»
21.06.2013 | 00:55

Ռուսական լրատվամիջոցները վերջերս հաճախ են պնդում, թե նախկին խորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացները ոչ միայն հաջողությամբ զարգանում են, այլև մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։
Իրոք, վերջին շրջանում մի ամբողջ շարք միջոցառումներ են տեղի ունեցել այդ թեմայով, որոնք շատ հաջող են անցել։ Խոսքը Բիշքեկում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի, Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների Աստանայի հանդիպման, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի Մինսկում կայացած նիստի մասին է։ Վերստին «Ժողովուրդների բարեկամության ընտանիք» մտնելու որոշում կայացնողների թվի ընդլայնման հարցն էլ է, կարծես, սկսել շարժվել մեռյալ կետից. Կիևի հետ տարված երկար բացատրական աշխատանքից հետո հայտարարվեց, որ ՈՒկրաինան դիմել է իրեն Մաքսային միությունում դիտորդական կարգավիճակ տրամադրելու առաջարկությամբ, իսկ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի կառավարությունները հուշագիր են նախատեսում ստորագրել ՈՒկրաինային, սկսած 2015 թ. հունվարի 1-ից (այսինքն` ստեղծման պահից), Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին։ Նոր միությունների ջատագովների համար շատ հաճելի անակնկալ եղավ այն, որ ՈՒզբեկստանը «վերջին պահին», համենայն դեպս, վճռել է մտնել ԱՊՀ ազատ առևտրի գոտի։ Մի խոսքով, ռուսական լրատվամիջոցներն ու, իհարկե, նրանց հովանավորողներն այս օրերին «մեծ հաղթանակ» տոնելու առիթ ունեն։
Սակայն նրանք, կարծես, ամենևին չեն նկատում մի շարք պերճախոս փաստեր։ Այն, որ Բիշքեկի գագաթնաժողովն այս անգամ անցավ առանց Հայաստանի ու Բելառուսի, որոնք այնքան էլ չեն ուզում մասնակցել «ընդհանուր սահմանների պաշտպանությանը», նաև այն, որ ՈՒկրաինայի վարչապետ Ազարովը շտապեց հավաստիացնել, թե իրենց ստորագրած հուշագիրը սոսկ շրջանակային փաստաթուղթ է և «ամենևին չի հակասում միջազգային պարտավորություններին», այդ թվում` Եվրամիության հանդեպ ունեցած, իսկ հինգ կետից բաղկացած տեքստը ՈՒկրաինային հնարավորություն է ընձեռում «մասնակցելու բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ու հանձնաժողովի նիստերին» և իր առաջարկություններն անելու, բայց միաժամանակ հինգերորդ կետը հատուկ նշում է, որ «հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և միջազգային իրավունքով կանոնակարգվող իրավունքներ ու պարտավորություններ չի նախատեսում»։ Լռության է մատնվում նաև այն, որ քմահաճ Քարիմովը շարունակ ընդլայնում է համագործակցությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ և մտադիր չէ նահանջելու «ամեն մեկից մի մազ պոկելու» սկզբունքից։ Սակայն նկատենք, այս բոլոր «անհամաձայնությունները» ռուս «հող հավաքողների» տոնական տրամադրությունը, առայժմ, որքան էլ տարօրինակ լինի, չեն փչացնում, ու դրանք, հնարավոր է զուտ գովազդային առումով, փաստորեն, մնացել են քննադատության ու անհանգստության շրջանակներից դուրս։
Սակայն լրատվամիջոցները, Կրեմլի գաղափարների հիացական տարփողումներն ու հաջողությունների մասին զեկույցները մի բան են, և միանգամայն այլ բան, թե այդ ինտեգրման գործընթացներն ինչպես են գնահատում անկախ փորձագետները, այդ թվում` ռուս։ Իսկ այդ գնահատականներն այնքան էլ լավատեսական չեն։ Ընդ որում, ամենևին ավելորդ չի թվում վերհիշել, օրինակ, նախագահ Լուկաշենկոյի շատ հատկանշական հայտարարությունը։ Նա, ինչպես հայտնի է, աչքի է ընկնում ոչ միայն հիանալիորեն սակարկելու, այլև շահ պոկելու ունակությամբ և, հեռավորության վրա խաղալով իր ռուս պաշտոնակցի երազանքների հետ, այստեղ էլ հերթական անգամ չշեղվեց ավանդույթից։ Բելառուսի նախագահը ինտեգրման նոր հաջողությունների մասին հուզական խոսքերից հետո չհապաղեց հիշեցնել, որ մինչև Եվրասիական միության աշխատանքի սկիզբը պետք է չեղարկվեն բոլոր սակագնային սահմանափակումները, այդ թվում` նավթի-գազի ոլորտում, որ Ռուսաստանը «բոլորին ընդառաջող շատ լուրջ քայլ է արել» և հայտարարել է, որ բառացիորեն «մեկ-մեկուկես տարի հետո դրանք կվերացվեն»։ Լավ հայտնի է, որ հենց այդ հարցն էր երկար ժամանակ մնում ամենացավագինը ռուս-բելառուսական հարաբերություններում ու երկար տարիներ լուրջ «պատերազմ» էր ընթանում նավթամթերքների վերաարտահանման խնդրի առնչությամբ։ Բացի այդ, Մոսկվան արդեն երկար ժամանակ, իր արտադրողների շահերից ելնելով, նաև խոչընդոտներ է հարուցում ռուսական շուկա բելառուսական գյուղմթերքների թափանցման ճանապարհին։ ՈՒ թվում էր, թե այդպես էլ չի հաջողվի լիովին շրջանցել «գայթաքարը»։ Այնպես որ, եթե Լուկաշենկոյի խոսքերը ճիշտ դուրս գան, ապա հենց նա էլ պետք է հաղթանակ տոնի։ ԱՊՀ երկրների ղեկավարների Մինսկի գագաթնաժողովում Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է ֆինանսական կորուստներ կրելու այդ կապակցությամբ։ «Մեր ինտեգրացիոն կառույցը կպահանջի հրաժարվել տնտեսական արգելքներից... Դա շատ դժվար է, բայց եթե մենք ինտեգրում ենք ուզում, ապա հարկադրված ենք դա անելու` չնայած այն բոլոր կորուստներին, որ կրելու են մեր երկրների տնտեսությունները։ Ռուսաստանում դա հասկանում են և պատրաստ են վնասներ կրելու, գիտակցելով, որ վերջնական արդյունքն ավելի լավը կլինի»,- ասաց Ռուսաստանի վարչապետը, թեև ինչ վնասների ու կորուստների մասին է հատկապես խոսքը, չճշտեց։ Պաշտոնական Մինսկն անմիջապես այդ հայտարարությունն ընդունեց որպես ռուսական նավթամթերքների վերամշակման արտադրանքի վաճառքի իրավունք` առանց Ռուսաստանի բյուջե տուրք մուծելու, և դա այն դեպքում, որ նավթի ու նավթամթերքների վաճառքի արդյունքում Բելառուսի բյուջեից Ռուսաստանի բյուջե փոխանցված արտահանական տուրքերի չափը 2012 թ. կազմել է 3,8, 2011 թ.` 3,1 մլրդ դոլար։ Համաձայնեք, այն պայմաններում, երբ Ռուսաստանում խոսում են սոցիալական ծրագրերի ու բնակչությանը տրվող լրավճարների կրճատման մասին, որի պատճառը բյուջեի լարվածությունն է, այդ գումարները պատկառելի են։ Բայց դե, ինչպես նշում է «gazeta.ru»-ն. «Եթե մինչև 2015 թ. բելառուսական մեկ կամ երկու նավթավերամշակման գործարան դառնա Իգոր Սեչինի (խոսքը «Ռուսնեֆտ» պետական ընկերության նախագահի մասին է) և նրա հետ կապված կառույցների սեփականությունը, ապա բացառված չէ, որ ձևականորեն բելառուսական մնացող բիզնեսը, այդուամենայնիվ, շահույթ կբերի Կրեմլի լիազորած նավթաբարոններին»։ Թե դրանից ինչ կշահի աչքի առաջ «սմքող» ռուսական պետբյուջեն, մեկ այլ ու հետաքրքիր հարց է։
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք։ Մի շարք փորձագետներ նշում են, որ Աստանայի ու Մինսկի հանդիպումների ժամանակ առաջին անգամ Ղազախստանն ու Բելառուսը կարողացան Ռուսաստանին հակել ՈՒկրաինայի` որպես Եվրասիական միության կազմավորման գծով արժեքավոր գործընկերոջ նկատմամբ ավելի ճկուն քաղաքականության։ «Մենք այսօր բաց կարգով քննարկեցինք բոլոր խնդիրները,- հայտարարեց նախագահ Նազարբաևը,- ուստի հաստատ գիտենք, որ դա շահավետ է բոլոր անդամ պետությունների համար։ Ոչ միայն ապրանքաշրջանառության, այլև գլոբալ զարգացող աշխարհում մեր տեղը զբաղեցնելու առումով և այն բարդ տնտեսական իրավիճակի, որում գտնվում ենք»։ Երևի, իրոք, հենց դա էլ դեր է խաղացել Մաքսային միության մարտավարության, ինչպես նաև Մոսկվայի դիրքորոշման փոփոխման գործում։ Եվ նա դա արել է, իհարկե, ոչ սոսկ այլասիրությունից ելնելով։ Չէ՞ որ հիմա Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին կարող է հայտնվել նաև երրորդ բարեկամն ու դաշնակիցը` ի դեմս Վ. Յանուկովիչի, որի հետ նրանք վատ անձնական հարաբերություններ չունեն։ Հետևաբար, փորձագետների կարծիքով, այդ «եռյակը» լիովին կարող է դիմակայել Ռուսաստանի միահեծան ազդեցությանը։ Այսօր Մաքսային միության ձայների բաշխման սկզբունքը խարսխվում է երեք երկրների ՀՆԱ-ի հարաբերակցության վրա։ Արդյունքում, առավել խոշոր Ռուսաստանն ունի 57 %, համեմատաբար փոքրերը` Բելառուսն ու Ղազախստանը` 21,5-ական։ ՈՒկրաինայի մասնակցությունը մի հարվածով Ռուսաստանի ձեռքից կխլի հսկիչ ծրարը. այն 50 %-ից պակաս կդառնա։ Իսկ դա, համաձայնեք, միանգամայն այլ դասավորություն է ինչպես Մոսկվայի, այնպես էլ անձամբ նախագահ Վ. Պուտինի համար։ Եվ, իհարկե, պատահական չէ, որ Աստանայի գագաթնաժողովից անմիջապես հետո ՈՒկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն հայտարարեց. «Մաքսային միության ղեկավարությունը որոշումներն ընդունում է դժվարին խնդիրների մանրամասն քննարկման և բաց բանավեճի արդյունքում, ոչ թե Ռուսաստանի թելադրանքով»։ Այնպես որ, ինչպես շտապում են հավաստիացնել թե՛ Մինսկում, թե՛ Կիևում, «Մաքսային միությունն այնքան սարսափելի չէ, որքան ներկայացնում են»։ Պատշաճ հմտության ու համառության պարագայում, նրա շրջանակներում էլ կարելի է սեփական շահը քաղել և տեղը դնել «ահասարսուռ Մոսկվային»։ Իսկ ինչ վերաբերում է Նազարբաևին, ապա ավելորդ չի թվում վերհիշել նրա նշանավոր բառերը. «Եվրասիայի հոգևոր մայրաքաղաքը, սիրտը կարող է դառնալ Աստանան, իսկ նրա սրտի կենտրոնը` մեր Աստանայի Եվրասիական համալսարանը»։
Ինտեգրման գաղափարի ռուս կողմնակիցները, ինքնըստինքյան հասկանալի է, այս ամենն աշխատում են չնկատել։ Նրանք ոչ միայն խիստ լավատեսորեն են տրամադրված, այլև չեն թաքցնում իրենց վստահությունը, որ ծնունդ առնող միությունում Ռուսաստանը «ամենահավասարը» կլինի, որ միայն Ռուսաստանը «կարող է հանդես գալ զարգացման գլոբալ աշխարհաքաղաքական նախագծով», միայն նա պետք է լինի Եվրասիայի ինտեգրման միջուկն ու «պահապանը»։ Ինչպես դժվար չէ հասկանալ, հավակնությունների բախումը (առայժմ այդ մասին նախընտրում են չխոսել), ինչպես նաև տնտեսական շահերի ու հակասությունների բախումը, ամենայն հավանականությամբ, սարերի հետևում չեն։ Եվ այս ամենը կարող է դառնալ լրջագույն և անգամ անհաղթահարելի խոչընդոտ Վ. Պուտինի մտահղացումների ու խոստումների իրականացման ճանապարհին։ Իսկ Կրեմլի ներգործության հին եղանակները, ինչպես վկայում է վերջին փորձը, նոր աշխարհում և նոր պայմաններում լիովին կարելի է շրջանցել։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ