ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սուրեն Խաչատրյանին բացառված չէ, որ պաշտոնազրկեն

Սուրեն Խաչատրյանին բացառված չէ, որ պաշտոնազրկեն
03.06.2013 | 13:13

Ֆեյսբուք սոցիալական ցանցում չեն դադարում մեղադրանքները Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հասցեին` երեկ, Գորիսում նրա տան մոտ տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի համար: Սա մարզպետի անվան հետ կապված առաջին սկանդալային դեպքը չէ, չնայած, եթե նույնիսկ առաջինը լիներ, արդեն իսկ առկա տեղեկատվությունը` դեպքի առնչությամբ, մարզպետի տանը և նրան պատկանող օբյեկտներում հայտնաբերված մեծաքանակ զենքի առկայությունը և դեպքի հետ կապված նրա մեկնաբանությունը` «Լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին», բավական են հանրության զայրույթը բորբոքելու համար:
Տարբեր կայքերում տեղեկություններ կան այն մասին, որ գորիսցիները զայրացած են և ստորագրահավաք են սկսել մարզպետին պաշտոնազրկելու և նրա դեմ գործ հարուցելու պահանջով: Այսօր «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով Սերժ Սարգսյանից պահանջում է` «Առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց , որ նա իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը (հիշենք Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրամադրելու հարցը), այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում, ինչպես միշտ, պարզվում է, որ «մեղավորը թիկնապահ Զարզանդն է»,-ասվում է «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Նախաձեռնությունը դատապարտում է տեղի ունեցածը, որի հետևանքով հրազենային վնասվածքներից մահացել է Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, և Նիկոլայ Աբրահամյանը` մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն ու թիկնապահը ծանր վնասվածքներով տեղափոխվել են Երևան: Ավելին, Ֆեյսբուքում արդեն հատուկ էջ է բացվել Սուրեն Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով, որին այս պահի դրությամբ միացել են 700-ից ավելի օգտատերեր: Միջադեպը կարող է լայն արձագանք ստանալ հասարակական տարբեր շերտերի մոտ, ինչպիսին եղավ 2012թ. հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որի արդյունքում մահացավ երիտասարդ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Ռուբեն Հայրապետյանը հասարակական ճնշման տակ ԱԺ մանդատը վայր դրեց, իսկ դատական գործը դեռևս ընթացքի մեջ է:
Նորություն չէ, որ մեզանում շատերը, ովքեր Հրանտ Մաթևոսյանի ասած` «մի թեթև պաշտոնի» են, հարցերը սեփական հասկացողության տրամաբանության մեջ լուծելու սովորություն ունեն: Մեր հասարակությունը հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: Սա իրականում հիվանդ հասարակություն է, որին նույնիսկ կոնկրետ օրինակները դաս չեն դառնում, հակառակ պարագայում Վահե Ավետյանի սպանությունից հետո նման բան չպիտի կրկնվեր, իսկ Արտակ Նազարյանի սպանությունից հետո բանակում զինծառայողների մահվան դեպքերը առնվազն պիտի կրճատվեին: Սուրեն Խաչատրյանին, բացառված չէ, որ պաշտոնազրկեն, բայց ի՞նչ է լինելու դրանից հետո: Արդյո՞ք մի նոր Վահե Ավետյան կամ Ավետիք Բուդաղյան չենք ունենալու: Հիվանդությունը բուժելու լավագույն միջոցը պատճառները վերացնելն է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ