Նախագահական ընտրությունների էջը քաղաքական ուժերը բարով-խերով շրջեցին: Առջևում նոր ընտրություններ են. վերարժևորվելու, նոր փիլիսոփայություն մշակելու ժամանակ չկար: Ստախանովյան տեմպերով նրանք գնում են նվաճելու երևանյան գիշերները:
«Նոն-ստոպ» տարբերակով ընտրությունները կարող են «օգտակար» լինել բացառապես իշխող կուսակցությանը` վարչական լծակների, քաղաքական բարենպաստ դիրքի, գործող քաղաքապետի, ընտրական տեխնոլոգիաներին «նա բիս» տիրապետելու, մանիպուլյացիաները գերազանց կիրառելու, նույնիսկ փիլիսոփայության առումով:
Զի իշխող կուսակցությունը «բյուրեղանում» է: Նախագահական ընտրությունների անսպասելի (ոչ դրական առումով) արդյունքները ՀՀԿ-ի համար «սարքեցին» բազիս, ինչը հնարավորություն տվեց այս ընտրություններում աչալուրջ ու զգոն լինելու, ձգելու գոտիները «մի ուրիշ ձև», «գույքագրելու» սեփական շտաբներն ու ռեսուրսները, այդ թվում` սեփական անդամների չպատճառաբանված մեծախոսությունը: ՀՀԿ-ում այսօր չեն թաքցնում, որ «իրենց վիճակն էն չի Նոր Նորքում, Արաբկիրում, Մեծ կենտրոնում», ինչն ահագին հետաքրքիր է:
Եվ ապա` բյուրեղացում է «իրականացվում» նաև կուսակցական էլիտայում: Երբեմն-երբեմն մտածում ես, որ նախագահական ընտրություններում Րաֆֆիի «շենշող» տոկոսները ոչ թե իշխողների, «կոնկուրենտ ֆիրմայի» և աշխարհաքաղաքական խաղացողների մոդուլյացիաների արդյունքում «ստացվեցին», հիմքում ունենալով ժողովրդի անչափ մեծ դժգոհությունը, այլ, շախմատ խաղացող, «խաղատախտակից» լավագույնս հասկացող «իշխողի» հերթական էնդշպիլի, որպեսզի կարողանա` 1. փոխել ընդդիմադիր բևեռը` այն դարձնելով Արևմուտքի և Ռուսաստանի համար հավասարաչափ ընդունելի, 2. մաքրել ՀՀԿ-ն ծերացող, «գաղափարներ ծնելու անընդունակ» ծերակույտից` կատարելով սահուն սերնդափոխություն:
Ընդ որում, պետք չէ բացառել երրորդ` չերևացող շերտը ևս. եթե ՀՀԿ երիտթևը (շա՜տ հարաբերական է «երիտ» կոչելը նրանց, զի նրանք արդեն միջահասակից էլ մի բան դենն են) չկարողանա գլուխ հանել գործընթացից, չի բացառվում, որ ՀՀԿ-ում ընդհանրապես նոր փուլ սկսվի: Պայմանական ասած` ապահանրապետականացման, ժամանակակից լեզվով` քաղաքացիական հասարակության գործընթաց, երբ երևացող ու չերևացող պաշտոնների և գործերի համար կզորակոչվեն ոչ թե ՀՀԿ-ականները, այլ հասկանալի, ընդունելի «չփչացածները»` չվարկաբեկված «արհեստավարժները»: Միևնույն ժամանակ դարմանելով Օսկանյանի անդարման ցավը, թե «իշխանությունը խիստ մոնոպոլիզացված է մեկ կուսակցության ձեռքում»:
Չնայած, ոնց երևում է, Օսկանյանի «հայրիկները», որոնք թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում հզոր ֆիասկո գրանցեցին, ճիշտ է, չկարողացան հարամել ընտրություններն իրենց ուզածի չափ, բայց որ Սերժ Սարգսյանն անչափ սահուն չընտրվեց, շատ սահուն չերդվեց` «անհնազանդների» ճվճվոցի ներքո էր երդումը, էլի բան էր։ Այո, «կոնկուրենտը» մաքսիմում ծրագրում պարտվեց, սակայն դա նրան չի ընկճում, որովհետև հինգ տարի դեռ ունի «պլան բ»-ն իրականացնելու համար, ուստի անցնում է երկարատև ու համառ պայքարի:
Մայիսի 9-ին, իբրև Շուշիի ու Հայրենական մեծ պատերազմի օրը, «հրավիրել» է մեծ հանրահավաք:
Մայիսի 9-ը հաջորդում է մայիսի 5-ին, այն է` հետընտրական է: Մայիսի 9-ին կառավարությունն արդեն ձևավորված կլինի:
Ինչո՞ւ միտինգ չանել, որ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ