Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը

Հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը
30.03.2013 | 15:12

26 տարի առաջ` 1987թ. մարտի 30-ին, Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը, իսկ մեկ տարի անց` ուղիղ 25 տարի առաջ, լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը: «Գլազարը» նախագծվել և կառուցվել էր «Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրոյում պրոֆ. Հրանտ Թովմասյանի գիտական և Յուրի Խոջայանցի վարչական ղեկավարությամբ: Այն աշխատեց խորհրդային «Միր» տիեզերակայանի «Քվանտ» մոդուլի վրա: «Գլազարը» 40սմ Ռիչի-Կրետյենի համակարգի 1.3 աստիճան տեսադաշտով դիտակ էր, որը լուսանկարչական ժապավենի վրա գրանցում էր տիեզերական մարմինների ճառագայթումը 1640 անգստրեմ ալիքի երկարության վրա 250 անգստրեմ լայնության շերտով:

Դիտումներն իրականացվեցին տիեզերագնացների տարբեր անձնակազմերով` Յու.Մ. Ռոմանենկո, Ա.Ի. Լավեյկին, Ա.Պ. Ալեքսանդրով, Վ.Գ. Տիտով, Մ.Խ. Մանարով, Ա.Ս. Վիկտորենկո, Ա.Ա. Սերեբրով, Ա.Ա. Վոլկով և Ս.Կ. Կրիկալյով: Գիտական ծրագրերին Բյուրականի աստղադիտարանից մասնակցեցին Հ.Մ. Թովմասյանը, Ռ.Խ. Հովհաննիսյանը և Ռ.Ա. Եփրեմյանը, հետագայում նաև մեքսիկացի աստղագետներ: Դիտումներն իրականացվեցին 1987-1989թթ.: Դիտվեցին 14 OB աստղասփյուռների և Մագելանի մեծ ամպի տիրույթները: Մասնավորապես հայտնաբերվեցին OB աստղերի նոր խմբավորումներ: «Գլազարի» շնորհիվ պարզվեց նաև, որ Մագելանի մեծ ամպի 1987A Գերնորի նախաստղը B դասի աստղ է: Որոշ վաղ դասի աստղերի շուրջ հայտնաբերվեցին նաև փոշային թաղանթներ: Գիտական արդյունքները հրապարակվել են 26 հոդվածներում և 5 գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

1990թ. «Գլազարի» բարելավված տարբերակը` «Գլազար-2»-ը, դուրս բերվեց «Միր» կայանի վրա, սակայն տեխնիկական պատճառներով այն գիտական արդյունք չտվեց:

Հայկական տիեզերական աստղագիտության պատմության մեջ «Գլազարը» երրորդ աստղադիտակն էր. մինչ այդ Երկրի ուղեծիր էին դուրս բերվել Գ.Ա. Գուրզադյանի կողմից նախագծված խորհրդային առաջին տիեզերական աստղադիտակները` «Օրիոն» և «Օրիոն-2»:

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ