Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:
Ցավոք, տարիներ շարունակ, մեր ժողովրդի ընտրական իրավունքը յուրացվել է ՀՀ իշխանությունների կողմից՝ բերելով համակարգի այլասերմանը և ընտրական ինստիտուտների ձևախեղմանը: 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունները յուրօրինակ ռեֆերենդում էին գործող իշխանության համար, և նույնիսկ այդ պայմաններում իշխանությունները ձախողվեցին, իսկ ժողովուրդը հերթական անգամ ոչ ասաց նրանց վարած քաղաքականությանը:
Մենք վստահ ենք, որ դարավոր իմաստությունը և քաղաքական այդ դժվար ճանապարհը, որ բոլորս անցել ենք համատեղ, հնարավորություն կտա ամփոփել ժողովրդի հաղթարշավը դեպի ազատ ու մրցունակ պետության հաստատում:
Մեր ողջ համոզմունքով և գործունեությամբ փաստում ենք մեր նվիրվածությունը և հետևողական պայքարը հանուն ազատության, արդարության և ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում: