03.11.2013|
14:13
Այն բանից հետո, երբ ընդդիմությունը դադարեցրեց հրապարակային, հանրահավաքային պայքարը և այն տեղափոխեց Ազգային ժողով, օրախնդիր դարձավ սոցիալական ցանցերում ու տարբեր կայքերում ամեն օր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը: Եվ մինչ Հայ ազգային կոնգրեսը ԱԺ-ում շարունակում է պայքար մղել օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց հետաքրքրության տիրույթից դուրս գտնվող օլիգարխների դեմ, նրա համակիրներն այս ընթացքում օրը քսանչորս ժամ սոցցանցերը հեղեղում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Ավելին՝ թեստ էին ներկայացնում, որ այն քաղաքական ուժերը, որոնք չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն կեղծ ընդդիմադիր են, որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան ԱԺ-ում և դրանից դուրս: Իսկ ահա իրենք պահանջում են: Ամեն օր ու ամեն ժամ: Փույթ չէ, որ ԱԺ-ում Գլխավոր դատախազ ընտրելիս էլ չկարողացան ազատ, արդար ընտրություն ապահովել, որպեսզի հանրությանն այդպես էլ պարզ լիներ, թե ովքեր էին այն երեք (կամ՝ գուցե ավելի-Թ.Հ.) խիզախները, որոնք հանդգնել էին դեմ քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: