Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Բերձորում ադրբեջանական հսկիչ-անցագրակետի ոդիսականը

Բերձորում ադրբեջանական հսկիչ-անցագրակետի ոդիսականը
02.05.2023 | 22:37

Լաչինում ադրբեջանական անցակետի բեմադրությունն անխոս ստացվեց:

Բռավո՛, կազմակերպիչներին:

Սցենարը լավն էր, մտահաղացումը՝ հաջող, շոուն՝ դիտարժան:

Շատ հուզիչ-համոզիչ տեսարան էր:

Անցագրակետի աշխատակիցները «պուպուշ» ու քաղաքակիրթ տղաներ էին:

Հսկում և ստուգում իրականացնում էին այնպես, ինչպես մերոնք անգամ չեն ստուգում անցկացնում, օրինակ, Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետում, երբ Վրաստանից հայրենիք հայկական մեքենայով, հայեր են վերադառնում:

Ադրբեջանի հսկիչ-անցագրային կետի ծառայողներն այնքան սիրալիր էին, որ հայկական մեքենայի անգամ բեռնախցիկը կարիք չէին համարում ստուգել, օվիրի կնիքով ադրբեջանական անձնագիր չէին պահանջում, մեքենայի պետհամարանիշը փոխել չէին տալիս, անգամ հայկական անձնագրի մեջ կնիք չեն խփում:

Դե իսկ միջանցքն էլ բաց է ու անվտանգ:

Ա՜յ նման հումանիստական դրսևորում:

Իսկ մենք խոսում ենք էթնիկ զտման կամ գենոցիդի մասին:

Ի՞նչ ճգնաժամ, ի՞նչ հումանիտար աղետ ու բլոկադա, ի՞նչ 120 000 հազար պատանդ:

Ինչի՞ մասին է խոսքը:

Դուք ինքներդ տեսաձայնագրություններով տեսե՛ք ու համոզվեք, թե ինչ բարի են ադրբեջանցիները, ինչքան հանդուրժողական ու դրական են տրամադրված մեր՝ հայերիս հանդեպ:

Չէ՞, որ վատ բաներն անցյալում են, լավ բաները՝ առջևում:

Չէ՞, որ պետք է համակեցության հասնենք, ապրենք միասին մի հողի վրա, մի արևի տակ:

Այնպես, ինչպես սովետմիության ժամանակ՝ շուրջ 70 տարի:

Ինևէ:

Այս ամենն իրոք ծիծաղելի կլիներ, եթե դառը իրականություն չլիներ:

Հիմա պետք է հասկանալ՝ Ադրբեջանն իր հսկիչ անցագրային կետով հանդերձ Լաչինի միջանցքում է ՌԴ-ի թույլտվությա՞ն, անգործությա՞ն, թե՞ համաձայնության արդյունքում:

Տարակուսելին այստեղ այն է, որ ռուս խաղաղապահները մի քանի հայի հավաստիացնում են, որ իրենց ուղեկցությամբ, անխոչընդոտ կհասցնեն Շուշիի շրջանի գյուղեր ու նույնիսկ Ստեփանակերտ ու տանում «բրախում» են Հակարիի կամրջի վրա՝ «դեմ տալով» ադրբեջանական անցակետին:

Իսկ որ Տեղ գյուղի անցակետի մոտ, հայ ոստիկանները թույլ են տվել, որ արցախցի վարորդներն անցնեն և հասնեն Հակաարիի կամուրջ՝ հարցեր են առաջանում:

Թեկուզ, որ ճանապարհի մի հատվածը նրանց ուղեկցել է ռուսական կոնտինգենտի շարքային անձնակազմը:

Ինչու՞ և ու՞ մ հրահանգով է թուլատրվել նրանց երթևեկությունը դեպի Արցախ:

Ո՞վ է ապահովել հայ վարորդների տեղաշարժն ու անվտանգությունը, եթե նրանք, այդուհանդերձ, մենակ են հասել ադրբեջանցիների մոտ։

Բնական է, ռուսական զորախմբի նոր հրամանատարի հավաստիացումները, որ դա միտումնավոր չի եղել, որ իրենք էլ են դեմ անցակետին, ու որ բանակցությունները շարունակվում են՝ թե՛ այդ անցագրային կետի վերացման և թե՛ միջանցքի անխոչընդոտ անցանելիությունն ապահովելու համար:

Ինչ էլ նա ասի, փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետն իր տեղում է և այն ապամոնտաժելու փոխարեն՝ համալրված համապատասխան գործիքակազմով ու անձնակազմով, ամբողջական հագեցվածությամբ նորմալ շահագործվում է:

Ստացվում է՝ փաստացի սկսվել ու ակտիվ շարունակվում է Արցախի ինտեգրացիան Ադրբեջանի մեջ, ինչի մասին վերջերս հայտարարել էր նաև Լավրովը:

Միգուցե, Մոսկվան այսկերպ իր վրա է վերցնում ինտեգրման երկարատև գործընթացում տեղի հայ բնակչության անվտանգությունը, ինչը կապահովի իր շարունակական ներկայությունը Արցախում։

Նույնիսկ, եթե դա այդպես է, հիմա դա լա՞վ է, թե՞ վատ:

Շատ խրթին է հարցը, պատասխանը՝ ոչ միանշանակ:

Ըստ այդմ, կստացվի, որ արցախահայության հանդեպ էթնիկ զտում ու գենոցիդ թույլ չտալու, հայաթափումը կանխելու ժամանակավոր նախադրյալներ են ստեղծվում, նրանց երաշխիքներ տրվում, որը սակայն մշտական բնույթ չի կրելու, բայց այն կլինի այս պահին միակ իրատեսական տարբերակը, քանի որ նույն բանն անող մեկ ուրիշը չկա:

Բայց այդ ամենը մի պայմանով.

Ադրբեջանին վերաինտեգրման վերջնարդյունքով:

Գուցե հիմա սա՞ է առաջարկվում, իսկ արցախահայությունն էլ, կամա թե ակամա, երկընտրանքի առաջ է կանգնած:

Գուցե այս րոպեի «ռասկլադն» է այդպիսին:

Ենթադրում եմ՝ ՌԴ-ն պարզապես ակնկալում է, որ այսօր և վաղը Արցախում իրականացվող պաշտպանական գործառույթների ու առաջիկայում անվտանգության խնդիրները լուծելու դեպքում, մենք պետք է իրենից գոհ ու շնորհակալ, այլ ոչ թե երախտամոռ լինենք:

Եվ որ նա կբավարարվի այդքանով:

Միգուցե, պատմությունն ըստ ռուսական սցենարի պետք է ընթանա ու Աբխազիայի օրինակն Արցախում կիրառվի:

Երբ 90-ականներին ռուսները փակեցին Աբխազիայի հետ սահմանը, տեղի բնակչությանը մատնեցին սովի, իսկ տարիներ անց ոչ միայն ջարդեցին վրացիներին, այլ նաև Աբխազիան ճանաչեցին:

էլ չեմ խոսում՝ «Кольцо» օպերացիայից:

Ոչինչ չի բացառվում:

Ինչևէ, հազար ու մի հորդորով էլ, օրենքի ուժով էլ Ադրբեջանն այդ անցակետը ինքնակամ հանողը չէ:

Եթե ՌԴ-ն, ի դեմս իր զորակազմի և այդ զորակազմի նորանշանակ հրամանատարի ի զորու չլինի կամ պարզապես չուզենա իր պարտավորությունների շրջանակներում իրականացնել նոյեմբերի 9-ով նախատեսված դրույթների կյանքի կոչումը, ապա այլ բան չի մնում, քան այն դիտարկել որպես հանցավոր անգործություն ու թերացում:

Հետևաբար, պետք է վերջնականապես հստակեցվեն կողմերի իրավահարաբերությունները, անելիքներն ու չանելիքները:

Ի հավելումն սրա, եթե վերը նշված ստրատեգիան ռուսական պլանն է, ապա առավել ևս հնարավորինս շուտ պետք է կողմնորշվել մեր հետագա քայլերում ու գործողություններում:

Հակված եմ կարծելու, որ այնուամենայնիվ, օրինական պահանջը չի բավարարվելու, հետևաբար, անցակետը չի ապամոնտաժվելու:

Մնում է բացառապես ուժի կիրառմամբ այն լիկվիդացվի:

Դրան գնալու համար անհրաժեշտ են նախադրյալներ:

Իսկ որ հարց-հարցոցն է՝ արդյո՞ք այս իշխանությունները կգնան նման քայլի:

Կարծում եմ, որ չեն գնա:

Երբ Ադրբեջանը տեղադրում էր հսկիչ- անցագրակետ, այդ ժամանակ մեր կողմը պարապ չէր:

Հակաարիի կամրջի դիմաց Հայաստանը տեղադրեց մի քանի մոդուլային տնակ և այնտեղ նստեցրեց ԱԱԾ մի քանի սահմանապահ։

Արդյունքում ստացվում է, որ դե ֆակտո ադրբեջանական կողմը միայնակ չի դրել անցակետ.

անցակետ դրել է նաև հայկական կողմը, ինչն արդեն իսկ լեգետիմացնում է ադրբեջանական կողմի գործողությունները:

Ստեղծված իրավիճակում արցախահայությանը մնում է կա՛մ ընդունել իրողությունները և մտնել Ադրբեջանի դրոշի տակ, կա՛մ ընդվզել, դիմանալ շրջափակմանը և գնալ պայքարի ավելի կոշտ միջոցների:

Հերթական ծանր փորձության մեջ հայտնվելով, կարծում եմ, առաջիկա օրերին լուրջ կոնսոլիդացիայի կարիք ունենք:

Ինչքանո՞վ կստացվի՝ պարզ կլինի առաջիկա օրերին և ժամերին։

Մի բան ակնհայտ է ու անքննելի.

ռուսները հայերից ավելի պրոհայկական չեն կարող լինել:

Ոչ մեկը մեր փոխարեն, մեր ուզածով հարցերը չի լուծի, մեր փոխարեն չի կռվի, մեր սահմանները չի պահի, մեզ համար անվտանգություն չի ապահովի:

Հույսը ուրիշի վրա դնելով ու քո անելիքը չանելով՝ դիմացինին մեղադրելն ամենահեշտ և միաժամանակ ամենաստոր ինքարդարացումն է:

Սեփական անվտանգությունդ քեզանից լավ ապահովող չի կարող լինել:

Մեր տունը մենք պետք է պաշտպանենք:

Դաշնակիցը դաշնակից, բայց մեզանից լավ մեզ դաշնակից չի գտնվի:

Ո՛չ ռուսից, ո՛չ էլ հավաքական Արևմուտքից մի դժգոհեք:

Նրանք պարտավոր չեն մեզ անվերապահորեն օգնելու:

Մեզ փրկողն էլ, հայրենազրկողն էլ միայն մենք ենք:

Հայրենատեր եղիր ո՛վ հայ մարդ, մեզ էլ անհայրենիք մի դարձրու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏ ՅԱՆ

Դիտվել է՝ 5945

Մեկնաբանություններ