Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստով:
Չնայած հայկական կողմի համեմատ թշնամու ունեցած ռազմական գերազանցությանը` թե՛ զենքերի ու ռազմական տեխնիկայի, թե՛ զինվորների ու սպաների քանակի առումով, չեն կիրառվել մեր զինանոցում առկա ամենահզոր միջոցները` աշխարհի ամենաարդիական, ճշգրիտ, հեռահար և Ադրբեջանի ունեցած ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի համար անխոցելի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք կարող էին փոխել իրավիճակը և թույլ չտալ այն հանրահայտ, այդ թվում նաև անդառնալի կորուստները, որոնք ունեցանք:
Ավելին, պետական դավաճանության և այլ հանցանքների համար ցայսօր, ի անարգանք ՀՀ իրավապահ գրեթե ողջ համակարգի, դեռ չձերբակալված, չկալանավորված ու ՀՀ վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնող, մասնագետներին, պրոֆեսիոնալներին իբր թե լսող, նրանց խորհուրդներին հետևող Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացարձակապես անտեսել են 2020 թ. հունիսին ՀՀ անվտանգության խորհրդում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի առաջարկությունը, որ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, «մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից»: Դա չի արվել, մինչդեռ «Իսկանդեր»-ի կիրառումը և Ադրբեջանի տարածքում մի շարք կարևոր թիրախների ոչնչացումը թույլ կտար իրականացնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հիշյալ առաջարկությունը:
Օնիկ Գասպարյանն իր այս առաջարկության մասին նշել է ս. թ. նոյեմբերի 17-ի հայտնի ուղերձում և հավելել. «Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»:
Հայկական ռազմական պորտալը` Razm.info-ն, նոյեմբերի 19-ից սկսել է «Չկրակված հրթիռներ…» վերտառությամբ հրապարակումների շարք, որոնց համաձայն, Հայաստանի զինված ուժերը, տիրապետելով «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, դրանցով այդպես էլ չեն խոցել Ադրբեջանի տարածքում գտնվող մի շարք կարևոր, ռազմավարական նշանակության թիրախներ` Սանղաչալի տերմինալը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, Եվլախի ենթակառուցվածքները, Գյանջայի իրականում հօդս չցնդած օդանավակայանը, Հաջիղաբուլի զինապահեստը:
Ավելին. վերոնշյալներից բացի, չեն ոչնչացվել նաև ռազմավարական նշանակության այնպիսի ենթակառուցվածքներ, օբյեկտներ, ինչպիսիք են սննդամթերքի և ոչ ռազմական նյութական այլ միջոցների պահեստը, Քյուրդամիրի ավիաբազան, ռազմական տեխնիկայի վերանորոգման բազաները, Լոքբաթանի ավիաբազան, «Արազ» ռազմարդյունաբերական համալիրը:
Նշված հոդվածաշարի յուրաքանչյուր հրապարակման սկզբում Razm.info-ն մեջբերել է 2017 թ. մարտի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասած խոսքը.
«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ ՈՒ դա հարևան երկրում շատ լավ գիտեն»:
Անդրադառնալով Սանղաչալի տերմինալին, Razm.info-ն տեղեկացրել է.
«Այս տերմինալն Ադրբեջանի խոշորագույն ու կարևորագույն նավթագազային օբյեկտն է։ Գտնվում է Բաքվից մոտ 30-35 կմ հարավ-արևմուտք, Սանղաչալ ավանի հարևանությամբ։ Այն զբաղեցնում է շուրջ 500 հա տարածք։ Այս տերմինալում են գտնվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառավարման կենտրոնն ու գլխամասային պոմպակայանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի գլխամասային պոմպակայանը, նավթի ու գազի պահեստավորման ու վերամշակման ենթակառուցվածքներ։
Ընդհանուր թվով տերմինալն ունի նավթի 7 պահեստարան, որոնցից 3-ի տարողությունը 880000, իսկ 4-ինը՝ 25500 բարել է (ընդհանուր՝ 2742000 բարել)։ Սանղաչալի թողունակությունը կազմում է օրական 1200000 բարել նավթ և 29500000 խորանարդ մետր գազ։ Բացի ադրբեջանական նավթից ու գազից, Սանղաչալն օգտագործվում է նաև Ղազախստանից ու Թուրքմենստանից նավթամթերք արտահանելու համար»։
Չնայած «Իսկանդեր» ունենալուն, չեն խոցվել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, մինչդեռ…
«Պատերազմում բեկում մտցնելու համար անհրաժեշտ (բայց ոչ բավարար) քայլերից մեկը կլիներ հակառակորդի կառավարման բարձրագույն օղակների աշխատանքը խաթարելը,- գրել է Razm.info-ն:- Ադրբեջանական զինուժի ղեկավարման բարձրագույն օղակները գտնվում են Բաքվի արևմուտքում։ Արբանյակային լուսանկարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համալիրներն են, ինչպես նաև արբանյակային կապի կայանը։ Հարևանությամբ պետական անվտանգության ծառայության շենքն է»։
Պատկերացնո՞ւմ եք, թե թշնամին ինչ ծանր հարված կստանար, եթե պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի համալիրների հետ միասին ոչնչացվեին նաև հարևանությամբ գտնվող արբանյակային կապի կայանը և պետական անվտանգության ծառայությունը: Արբանյակային կապի կայանի միջոցով է, որ Ադրբեջանը ստանում էր իր և այլ երկրների հետախուզական արբանյակներից փոխանցվող տվյալները, արբանյակային լուսանկարները, նաև այդ կերպ իմանում մեր ռազմական տեխնիկայի և համապատասխան օբյեկտների տեղերը, հաջողությամբ խոցում դրանք:
«Եվլախ քաղաքն Ադրբեջանի հիմնական կոմունիկացիոն հանգույցն է,- շարունակելով ներկայացնել Ադրբեջանի տարածքում գտնվող ու չխոցված ռազմավարական նշանակության թիրախների շարքը, գրել է Razm.info-ն:- Նախ՝ այստեղով է անցնում Ադրբեջանն աշխարհի հետ կապող երկաթուղին, քաղաքում կան երկաթուղային կայարան ու ռազմավարական նշանակության երկաթուղային կամուրջներ։ Բացի այդ Եվլախ քաղաքով են անցնում մի քանի միջպետական ճանապարհներ, որոնք իրար են կապում Ադրբեջանի արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև Ադրբեջանը Վրաստանի հետ, իսկ քաղաքի հյուսիսում ու հարավում կա ռազմավարական նշանակության երկու ավտոմոբիլային կամուրջ։
Եվլախը որպես կոմունիկացիոն խոշոր հանգույց կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի 3-րդ ու 1-ին բանակային կորպուսների մատակարարման հարցում։
Քաղաքը ոչ միայն ցամաքային, այլև օդային կարևոր հանգույց է։ Եվլախի օդանավակայանը վերջին տարիներին վերանորոգվել էր ու սկսել էր ակտիվորեն կիրառվել ռազմական նպատակներով, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ։ Այստեղ տեղակայված էին բազմաթիվ ԱԹՍ-ներ. Աերոսթար, Հերմես 450, Հերմես 900, Բայրաքթար, ավելի փոքր հետախուզական ԱԹՍ-ներ, ինչպես նաև ԱԹՍ-ի ձևափոխված Ան-2-ներ։ Այս օդանավակայանն առանցքային դեր ունի նաև ադրբեջանական ստորաբաժանումների օդով տեղաշարժերի կազմակերպման համար։
Ընդ որում՝ Եվլախի օդանավակայանը ԼՂՀ նախկին սահմաններից գտնվում էր ընդամենը 35 կմ հեռավորության վրա, այսինքն՝ սկզբունքորեն այն հասանելի էր ոչ միայն «Իսկանդերի», այլև «Տոչկայի» ու «Սմերչի» հրթիռների համար»։
Փաստորեն ունենալով ոչ միայն «Իսկանդերով», այլև «Տոչկա ՈՒ» հրթիռային համալիրով կամ «Սմերչով» Եվլախի օդանավակայանը և ռազմավարական նշանակության մյուս ենթակառուցվածքները շարքից հանելու, ոչնչացնելու հնարավորություն, ԱՀ պաշտպանության բանակն ու ՀՀ զինված ուժերը չեն օգտագործել իրենց այդ հնարավորությունը և թույլ են տվել, որ թշնամին օդանավակայանը, այնտեղ տեղակայված բազմաթիվ ԱԹՍ-ները, երկաթուղային կայարանը, ռազմավարական նշանակության երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներն օգտագործելով, պատերազմում էական առավելություն ձեռք բերի հայկական կողմի նկատմամբ ու մեզ մարդկային ու տեխնիկական մեծաթիվ կորուստներ պատճառի:
Ավելորդ չենք համարում հիշեցնել Azatutyun.am-ի հետ զրույցում ս. թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումն «Իսկանդեր»-ի չօգտագործման առնչությամբ. «Իսկանդերը» հրթիռ է, Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես («Իսկանդեր»-ի.- հեղ.) հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»:
Նախ, Արծրուն Հովհաննիսյանի վերոնշյալ պատասխանն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Իսկանդեր»-ին հայկական կողմի ունեցած համապատասխան բոլոր մյուս զինատեսակների նմանությունը շատ հեռավոր կամ մոտավոր է: «Իսկանդեր»-ից բացի, մենք օպերատիվ-մարտավարական միայն մի հրթիռային համալիր ունենք` 1962 թվականից ԽՍՀՄ սպառազինության կազմում ներառված, 80-ական թվականների արտադրության 9Խ72 «Эльбрус»-ը` Р-17 (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ` «Скад Би») հրթիռով, որը մի շարք առումներով (այդ թվում նաև` թիրախից չշեղվելու, ճշտորեն խոցելու) էապես զիջում է «Իսկանդեր»-ին ու նրա հրթիռներին:
Եվ երկրորդ. ունենալով հանդերձ այլ հրթիռային համալիրներ, դրանց հրթիռներով ինչո՞ւ չի խոցվել, օրինակ, Եվլախի օդանավակայանը, որտեղ տեղակայված և որտեղից թռչող բազմաթիվ ԱԹՍ-ներ հայկական կողմին մեծ վնասներ էին պատճառում: Պատճառը մեկն է` պետական դավաճանությունը: Արծրուն Հովհաննիսյանի ասած` «Իսկանդեր»-ի նման» մեր մյուս հրթիռային համալիրներն այդ ինչպե՞ս են իրենց գործն արել, երբ Եվլախի օդանավակայանին և Ադրբեջանի ռազմավարական նշանակության բազմաթիվ այլ ենթակառուցվածքներին, օբյեկտներին հարվածներ չեն հասցվել: Դավիթ Տոնոյանը և Արծրուն Հովհաննիսյանը նախաքննության մարմնին պետք է տան այս հարցերի պատասխանները: Եվ ոչ միայն այս հարցերի…
2020 թ. հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»: Ընդգծենք, որ խոսքն այն օդանավակայանի մասին է, որտեղ գտնվում էին Թուրքիայի մի քանի F-16 կործանիչներ: Այդ և հաջորդած օրերին համացանցում հայտնված տեսանյութերից Razm.info-ն եզրակացրել է, որ Գյանջայի օդանավակայանին հարվածները հասցվել են «Սկադ» հրթիռներով։
«Ընդ որում՝ ակնհայտ դարձավ, որ օդանավակայանին նշանակալի վնաս չի հասցվել»,- գրել է Razm.info-ն ու կարևոր տեղեկություններ հայտնել Գյանջայի` հօդս չցնդած ռազմական օդանավակայանի մասին.
«Օդանավակայանը գտնվում է քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Ի սկզբանե, խորհրդային տարիներին, այն երկակի նշանակության էր։ Ադրբեջանում տևական ժամանակ այն օգտագործվում էր բացառապես քաղաքացիական նպատակներով, սակայն վերջին շրջանում այն սկսեց նորից օգտագործվել և՛ քաղաքացիական, և՛ ռազմական նպատակներով։ Մասնավորապես թուրք-ադրբեջանական զորավարժությունների սկզբից հենց այստեղ տեղակայվեցին թուրքական F-16 կործանիչները։ Արցախից հրթիռային հարվածից հետո այդ կործանիչները տեղափոխվեցին այլ օդանավակայան։
Եթե «Սկադի» հրթիռները կպչեին իրենց թիրախին, ապա օդանավակայանը թեև հօդս չէր ցնդի, սակայն F-16-ների ոչնչացումն էապես կթեթևացներ մեր հակաօդային պաշտպանության խնդիրը։ Հիշեցնենք, որ այդ F-16-ները հենց ՀՕՊ ճնշելու համար մասնագիտացած թուրքական 151-րդ ու 152-րդ էսկադրիլիաներից էին։
Սակայն հարցն այն է, որ «Սկադի» հրթիռների գործարանային հավանականային շեղումը 450 մետր է։ Այս պայմաններում մի քանի հրթիռներով ակնկալել օդանավակայանի երաշխավորված խոցում՝ անհնար է։ Մինչդեռ «Իսկանդերի» դեպքում հավանականային շեղումը չի գերազանցում մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքում՝ անգամ մի քանի մետրը»։
Այն, որ Գյանջայի ռազմական օդանավակայանն իրականում հօդս չի ցնդել կամ նույնիսկ շարքից չի հանվել, այսինքն` Արցախի նախագահի մամուլի քարտուղարը ստել է, կեղծ կամ ծայրահեղ չափազանցված, մոլորեցնող տեղեկատվություն հայտնել հանրությանը, հոկտեմբերի 3-ից մոտ երկու շաբաթ հետո անուղղակիորեն խոստովանեց Արցախի պաշտպանության նախարարությունը: Հոկտեմբերի 17-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկում նշված են նաև Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ռազմաօդային բազան, ուղղաթիռային ավիաէսկադրիլիան:
Ավելին. Պաշտպանության բանակը վերոնշյալ հրապարակումից էլ դարձյալ մոտ 2 շաբաթ հետո, հոկտեմբերի 29-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած մեկ այլ, ընդլայնված ցանկում Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի թվում վերստին նշեց` «ՊՆ ՌՕՈՒ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա», դրանով իսկ վկայելով, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հոկտեմբերի 29-ի դրությամբ էլ դեռ շարքից հանված չէր: Նշված օդանավակայանը դրանից հետո էլ շարքից չհանվեց:
Բնականաբար, հարց է առաջանում` ինչի՞ համար էր այս «թատրոնը», Պաշտպանության բանակն ինչո՞ւ էր Ադրբեջանում գտնվող լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկ, ավելին` ցանկը ցանկի հետևից հրապարակում, եթե շարքից չէր հանելու դրանում նշված թիրախները: Այսպիսով վերոնշյալ ցանկերի հրապարակումն ունեցել է ձևական բնույթ և մեր հասարակությանը մոլորեցնելու նպատակ, իսկ իրականում չի արվել խիստ անհրաժեշտը, կամ էլ Արցախի ՊԲ-ում իսկապես եղել է նշված թիրախները շարքից հանելու նպատակ, սակայն դա ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը թույլ չեն տվել: Թե թույլ չտվողը որոշակի ով կամ ովքեր են եղել, պետք է պարզի նախաքննությունը:
Ավելին. չնայած հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժի արդեն նախահարձակ լինելուն և ՀՀ տարածքում, Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորմանը, ՀՀ արտգործնախարարության արձանագրմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ ագրեսիային, ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ եղած միջոցներով ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները համարժեք պատասխանի արժանացնելու վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի և ԱԳՆ-ի նախազգուշացումները գործի չվերածվեցին, այդպես էլ մնացին դատարկ սպառնալիք, սին հոխորտանք:
Նշեմ նաև, որ «Իսկանդեր»-ից բացի, մեր մյուս հրթիռային համալիրներով վերը նշված մի շարք այլ թիրախներ հնարավոր չէր խոցել, քանի որ այդ համալիրների հրթիռների հեռահարությունը բավարար չէր տվյալ ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասնելու համար: Մենք կարող էինք պատերազմը ոչ թե մեր, այլ թշնամու կապիտուլյացիայով ավարտել, եթե «Իսկանդեր» և այլ հրթիռային համալիրներով ոչնչացվեին Razm.info-ի նշած թիրախները կամ նույնիսկ դրանց մի մասը:
ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ