Թուրքիան, ինչպես արդեն նշել ենք «Հայաստանի դեմ սկսված ռազմական գործողությունները վերջնարդյունքում Ռուսաստանի դեմ են ուղղված» հրապարակման մեջ, Սիրիայում, մասնավորապես, իր բռնազավթած Աֆրինում ամսական 2500 ԱՄՆ դոլարով, 6 ամսվա պայմանագիր առաջարկելով, իրեն ենթակա զինյալներ է հավաքագրում` Ադրբեջան ուղարկելու և, Ադրբեջանի բանակի կողքին, Հայաստանի բանակի դեմ պատերազմելու համար: Նշված պայմանագրերը կնքելու համար նույնիսկ գրանցման կենտրոններ, գրասենյակներ է հիմնել:
Հայտնի է, որ վերջին շրջանում Նախիջևանում գտնվող ադրբեջանական զորքերի բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչները բանակցությունների նպատակով շտապ գործուղվել են Թուրքիա, ընդհանրապես, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն ինտենսիվորեն բանակցում են: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, Թուրքիան Ադրբեջանին օպերատիվ կերպով մատակարարել է հարվածային ԱԹՍ-ներ: ԱՄՆ-ի և Թուրքիայի գլոբալիստական ուժերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ են պահանջում, և Ադրբեջանը նախապատրաստվում է դրան: Միաժամանակ կարելի է ասել, որ նրան նախապատրաստում են այդ պատերազմին:
Ադրբեջանը նախապատրաստական աշխատանքներ է սկսել նաև դիվանագիտական ճակատում, մասնավորապես` Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ իրենք չափազանց դժգոհ են Մինսկի խմբի ԵԱՀԿ համանախագահներից և պահանջում են ընդլայնված Մինսկի խմբի անդամների ժողով (ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից է նաև Թուրքիան): Հաջիևը յուրօրինակ վերջնագիր է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունության կապակցությամբ պետք է հայտարարեմ, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իմիտացիոն բնույթի բանակցությունների»,- ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, մամուլի ասուլիսում ասել է Հաջիևը:
Ըստ Հաջիևի, Մինսկի խմբի համանախագահների մանդատի համաձայն, հիմք պետք է վերցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. «Անհրաժեշտ է վերջ տալ ստի միջոցով ու զանազան պատճառներով բանակցությունները խափանելու Հայաստանի փորձերին: Մինսկի գործընթացին անդամակցում են 11 երկրներ: Ընդլայնված կազմով Մինսկի խմբի նիստ անցկացնելու անհրաժեշտություն կա»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրաբ Մնացականյանը ֆրանսիական «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը կարո՞ղ է լինել այս լարվածության իրական պատճառը, պատասխանել է. «Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո:
Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանում արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և, իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաև ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա:
Հարցին, թե արդյոք ունի՞ մտահոգություն, որ Թուրքիան կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով, Զոհրաբ Մնացականյանը նախ փորձել է խուսափողական պատասխան տալ, ապա Ճշտող հարցին, թե արդյոք Երևանը մտահոգվա՞ծ է Թուրքիայի՝ հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությամբ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողն ասել է. «Ակնհայտորեն մենք անտարբեր չենք կարող լինել, քանի որ դա կարող է լինել միայն անկայունության դեր, և, իհարկե, մենք չենք կարող անտարբերությամբ վերաբերվել դրան. դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս»:
Թուրքիայից բացի, վերջին շրջանում մեր դեմ ուղղված աննախադեպ քայլեր են կատարել նաև ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերը: Խոսքը, մասնավորապես, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի հակահայկական բանաձևի մասին է: ԱՄՆ-ը տարիներ շարունակ Արցախյան հիմնախնդրի, Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ռազմական բախումների հարցում փորձել է ներկայանալ չեզոք, անաչառ միջնորդի և երկու կողմերին խաղաղության կոչողի կերպարով: Միաժամանակ, սկսած 1992 թվականից, Միացյալ Նահանգներն ավելի քան 1,5 մլրդ դոլարով ֆինանսավորել է Ադրբեջանի կառավարությանը, ընդ որում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը` Պենտագոնը, 2018 և 2019 թթ. Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է հատկացրել, որն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվել է ոչ նպատակային՝ հայերիս նկատմամբ ուժ կիրառելու, ներառյալ` Հայաստան ներխուժելու փորձերի համար։
Անդրադառնալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի հակահայկական բանաձևին, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այն գնահատել է որպես պատմության ամենահակահայկական բանաձևն ԱՄՆ-ի կոնգրեսում: Քաղաքագետը մասնավորապես, նշել է. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021 թ. Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, այսպիսի խայտառակ ձևակերպմամբ. «...պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, ՈՒկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.
(1) ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:
(2) ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր»:
Այսպիսի հաահայկական բանաձև երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաև Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաև այլ, այդ թվում նաև միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»:
Քաղաքագետի կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը ոչ միայն հակահայկական է, այլև հակառուսական: Այս մասին հուլիսի 22-ին նշելով իր ֆեյսբուքյան էջում կատարած մեկ այլ գրառման մեջ, Սուրեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ՝ տեքստը նույնպես նրանք են գրել:
ՈՒնեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրելու իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:
ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ, և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը»:
Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը լիովին հասկանալի են Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրանքով սկսված ռազմական գործողությունների պատճառներն ու նպատակները: Դրանք ուղղված են ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև գլոբալիստական ուժերի նախատեսած վերջնարդյունքում` Ռուսաստանի դեմ: Բուն թիրախը, թերևս, հենց Ռուսաստանն է: Պատահական չէ, որ պատերազմի վերաճելու սպառնալիք պարունակող ռազմական գործողությունները սկսվեցին համառուսաստանյան քվեարկության արդյունքներով Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների ընդունումից կարճ ժամանակ հետո: Ինչու՞…
Արևմուտքի գլոբալիստական ուժերի կողմից Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը, ինչպես և Հայաստանն ու ԽՍՀՄ մյուս հանրապետությունները, այդ նույն ուժերի տեղի գործակալների կամ կամակատարների (Բորիս Ելցին, Լևոն Տեր-Պետրոսյան և ուրիշներ) կողմից դրվեցին կիսագաղութային վիճակում: Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ միայն Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, տարբեր պետություններից այդ երկրներից շատերի ահռելի վարկային-պարտքային բեռին, ինչպես նաև բոլորի Սահմանադրություններին, որոնց համաձայն, այդ երկրների վավերացրած միջազգային պայմանագրերը գերակա են նրանց օրենքների նկատմամբ: Ահավասիկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի, «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Մինչև բոլորովին վերջերս կատարված սահմանադրական փոփոխությունները, Ռուսաստանում նույնպես, ՌԴ Սահմանադրության համաձայն, միջազգային պայմանագրերը գերակա էին այդ երկրների օրենքների նկատմամբ: Շատ այլ առումներով նույնպես Ռուսաստանն Արևմուտքի կիսագաղութն էր և էապես նրանից կախվածության մեջ գտնվող:
Գալով իշխանության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խելացի և աստիճանական քայլերով սկսեց Ռուսաստանը տարբեր ոլորտներում Արևմուտքի կիսագաղութային վիճակից դուրս բերելու գործընթաց: Արևմուտքի գլոբալիստական ուժերն իրենց հնարավորությունների սահմաններում, իհարկե, դիմադրեցին դրան, բայց ընդամենը կարողացան դանդաղեցնել նշված գործընթացը: Նրանց վերջին հույսն այն էր, որ Պուտինը, ՌԴ Սահմանադրության համաձայն, շուտով այլևս չի կարող առաջադրվել, ընտրվել Ռուսաստանի նախագահ, իսկ ով էլ ընտրվի, դժվար թե կարողանա Պուտին լինել, նրա կարողություններն ունենալ ու նրա քաղաքական գիծը շարունակել, քանի որ Վլադիմիր Պուտինի պես առաջնորդներ, ինչպես ասում են, 100 տարին մեկ են ծնվում: Բայց, ահա, ի հեճուկս ԱՄՆ-ի և ողջ աշխարհի գլոբալիստական ուժերի, ՌԴ նախագահը, նրա քաղաքական թիմը և հանրաքվեին մասնակցած Ռուսաստանի ընտրողների գերակշիռ մեծամասնությունը խառնեցին վերոնշյալ ուժերի խաղաքարտերը:
Ինչպես արդեն հայտնի է, համառուսաստանյան քվեարկության (հունիսի 25-ից հուլիսի 1-ը) արդյունքներով ընդունվեցին ՌԴ Սահմանադրության փոփոխությունները, Ռուսաստանի ԿԸՀ-ն հուլիսի 2-ին թե 3-ին հաստատել է սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան քվեարկության արդյունքները, ամփոփիչ արձանագրությունը ստորագրված է։ Փոփոխություններին կողմ է քվեարկել ՌԴ ընտրողների 77,92 %-ը (57,7 միլիոն մարդ), դեմ՝ 21,27 %-ը (մոտ 16 միլիոն մարդ)։
Համաձայն ՌԴ Սահմանադրության փոփոխությունների, ՌԴ վավերացրած միջազգային պայմանագրերն այլևս գերակա չեն Ռուսաստանի օրենքների նկատմամբ: Նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրած կամ այժմ զբաղեցնող անձը կարող է կրկին դառնալ ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածու և ընտրվել: Այսպիսով սահմանադրական փոփոխությունները զրոյացնում են Պուտինի պաշտոնավարման նախորդ բոլոր 4 ժամկետները և նրան թույլ են տալիս մասնակցել 2024 և 2030 թվականների նախագահական ընտրություններին։ Բացի այդ, նախագահ կարող է ընտրվել միայն 35 տարին լրացած ՌԴ քաղաքացին, որը մշտապես բնակվում է ՌԴ-ում առնվազն 25 տարի, օտարերկրյա քաղաքացիություն չունի և նախկինում չի ունեցել:
Ներկայիս ՌԴ Սահմանադրության համաձայն, նախագահն իրավունք է ստանում իրականացնելու ՌԴ կառավարության ընդհանուր ղեկավարումը, նաև իրավունք ունի նախագահելու կառավարության նիստերում, նրան, ինչպես նաև մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, արգելվում է Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող օտարերկրյա բանկերում հաշիվ (ավանդ) բացել և ունենալ, արտասահմանյան բանկերում կանխիկ դրամական միջոցներ և արժեքավոր իրեր պահել, այսինքն` օտարերկրյա պետություններից ու բանկերից կախման մեջ լինել:
ԱՄՆ-ի և ողջ աշխարհի գլոբալիստական ուժերը ՌԴ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո կատաղությունից իրենց ատամները կրճտացրին: Նրանք հասկանում են, որ տանուլ են տալու Ռուսաստանի հետ կապված ապագայի իրենց բոլոր պլանները, քանի որ առաջիկայում էլի Պուտինն է ընտրվելու և նախագահելու մինչ 2035 թվականը` այդ ընթացքում աննախադեպ հզորացնելով Ռուսաստանը տնտեսական և ռազմական առումներով, թերևս դարձնելով ողջ աշխարհում անմրցակից թիվ 1 գերտերությունը:
Այդ նույն ուժերը, սակայն, Ռուսաստանում ռևանշի հասնելու իրենց հույսը դեռ չեն կորցրել: Իրենց ներկայացուցիչներից մեկի` Ալեքսեյ Նավալնու միջոցով նրանք Ռուսաստանի ընդդիմությանը հորդորել են չընկճվել ու շարունակել պայքարը, նշելով պայքարի երեք հիմնական միջոց: Դրանցից առաջինը՝ վերջնականապես տապալել Պուտինի վարկանիշը:
«Այսօր բնակչության 50 տոկոսը դեռ աջակցում է Պուտինին, մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի այդ մարդկանց հետ՝ այդ 50 տոկոսը հնարավորինս նվազեցնելու համար,- հուլիսի 1-ին հայտարարել է Նավալնին:- Երկրորդը՝ պետք է ակտիվ մասնակցել սեպտեմբերին կայանալիք տեղական ընտրություններին, օգտագործելով խելացի քվեարկություն ռազմավարությունը: Եվ երրորդը՝ հիմնականը՝ պետք է փողոց դուրս գալ»:
Ըստ Ալեքսեյ Նավալնու, Պուտինն ու նրա թիմակիցները ամենից շատ վախենում են փողոցային բողոքի ակցիաներից, և եթե մի քանի հարյուր հազար, միլիոնավոր մարդիկ դուրս գան փողոց, իշխանությունները ոչինչ չեն կարողանա անել: Այսպիսով նրանց նպատակը Ռուսաստանում Հայաստանի «թավշյա հեղափոխության» սցենարը խաղարկելն է, ինչին նրանք վաղուց են նախապատրաստվել` նկատի ունենալով Ռուսաստանում իրադարձությունների զարգացման տեսականորեն հնարավոր բոլոր տարբերակները (ինչպես Հայաստանում էին վաղուց նախապատրաստվել):
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ