Կարող էի վերնագրել «Երկրի աղը չպիտի պակասի», բայց հասկացողները քիչ էին լինելու, ցավոք, Հրանտ Մաթևոսյանի վեպերը կարդացողներից ավելի քիչ են նրա հարցազրույցները կարդացողները, ու քչերը գիտեն՝ ու՞մ էր Հրանտ Մաթևոսյանը համարում երկրի աղը: Համարյա բոլորը գիտեն՝ Աղասի Այվազյանի «Եռանկյունու» պատմական ինքնաթիռը նստող վարպետ Մկրտիչը, Ֆրունզը՝ նույն ինքը՝ Մհեր Մկրտչյանը, ինքնաթիռի պատուհանը բացում ու թռիչքից առաջ դարբիններին հիշեցնում է՝ «ՈՒստա՜, Համոն փողը չի տվել»: Որովհետև այլևս ոչ ոք չի մնացել, որ հիշեցնի՝ ԿԳՄՍ սուպերնախարարից մինչև մշակույթի փոխնախարար, ոչ ոք ոչ հուլիսի 4-ին, ոչ մինչև այսօր չհիշեց՝ Ո՞Վ է ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ ու Ի՞ՆՉ է արել հայ թատրոնի ու հայ կինոյի համար և ԻՆՉՈՒ՞ պիտի նրա ծննդյան օրը նշվեր: Գոնե Պանթեոն այցով: ԱՐԺԵՔՆԵՐԸ պահպանում են ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ: Չարաբաստիկ կորոնավարակը կապ չունի, վերաբերմունքը նույնը կլիներ, որովհետև …«Համոն փողը չի տվել», իմա՝ ցուցում չունեն հայն ու հայկականը հասկանալու, գնահատելու, թեկուզ մեծարելով՝ ինքնամեծարվելու, որ այդքան ընդունված է Հայաստանում: Երկրի աղը պակասում է, ու երկիրն անհամանում է: Էհե՜հե՜յ…՝ կասեր Ֆրունզը, նույն ինքը՝ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ, «Մենք ենք, մեր սարերի» Իշխանի դերում: ՈՒ մենք ամեն ինչ կհասկանայինք: Հիմա ասող չկա: Որովհետև լսող չկա: Լինում են անժամանակ ժամանակներ, երբ ասող չկա, որովհետև լսող չկա, լսող չկա, որովհետև ասող չկա: Դըմփ-դըմփ, հու՜: Քայլոն հեռացավ՝ պոչը թափ տալով:
…Հուլիսի 10-ին Էրդողանը Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը հայտարարեց մզկիթ: Առաջին հայացքից՝ իր երկիրն է, ինչ ուզում է՝ անում է: Կամ էլ՝ մենք ուր, Հուստինիանոս կայսրն ուր, Բյուզանդական կայսրությունն ուր: Թող սուլթան Մեհմեդը չգրավեր Կոստանդնուպոլիսը, պատմությունը չփոխեր՝ հօգուտ մզկիթի՝ ընդդեմ եկեղեցու: Թող Էրդողանը Աթաթուրքին դեմ չգնա: Թող ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեր լինի իր մշակութային ժառանգությանը: Իրականում ամենաբութ տեսակետն է, որ կարող է լինել աշխարհում ու հատկապես տարածաշրջանում: Մանավանդ՝ քրիստոնեությունը առաջինը պետական կրոն հռչակած երկրում, որ հռչակել, բայց մինչև հիմա ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ չի ընդունել, ու չի հասկացել: Եվ ճշմարիտ քրիստոնյայի պարտքը համարում է մոմ վառելն ու աղոթքի տեսքով Աստծուն պահանջների ցանկ ներկայացնելը: Ստամբուլ վերանվանված Կոստանդնուպոլսում մի մզկիթ ավել, մի մզկիթ պակաս՝ Էրդողանի հոգը չէ, Սուրբ Սոֆիան ՍԻՄՎՈԼ է, որը սեփականելը աշխարհաքաղաքական, քաղաքակրթական նշանակություն ունի: Թուրքիայի նախագահը լուծում է բազում խնդիրներ, հիմնականը տարածաշրջանի ԳԼԽԱՎՈՐ երկրի կարգավիճակն է, այդ թվում սուննիների համար: Նա խաղում է ազգայնական պոպուլիզմի լարերի վրա՝ ամրապնդելու ճոճվող վարկանիշը՝ ի հաշիվ մոլեռանդության: Էրդողանը խնդիր ունի կրոնական հարցերով ուշադրությունը շեղել տնտեսական անկումից ու արտաքին քաղաքական ագրեսիվ, ռեալ հաջողություն չգրանցած քաղաքականությունից ոչ Սիրիայում, ոչ Լիբիայում, ոչ Լիբանանում: Նա ուզում է ԱՄՆ-ին, Եվրոպային, քրիստոնյա աշխարհին ցույց տալ իր հզորությունը, բացարձակ ագրեսիան: 2023-ին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակն է: Նոր 100-ամյակը պիտի կրի Էրդողանի անունը, ոչ թե հիմնադիր Աթաթուրքի, ուրեմն՝ Էրդողանը պիտի ջնջի Աթաթուրքի հետքերը, մեկն էլ 1934-ին Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելն էր: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Հունաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հռոմի պապի արձագանքները Էրդողանը արհամարհում է՝ համարելով միջամտություն ներքին գործերին: Հայաստանի ԱԳ-ն ձայն հանեց որոշումը ընդունելուց ու Սուրբ Սոֆիայից ազան հնչեցնելուց հետո: Մինչդեռ նախօրոք պիտի արձագանքեր, դա փաստ էր աշխարհին հիշեցնելու, որ Թուրքիա պետության պատմությունը խարսխված է ուրիշի հայրենիքը, կրոնը, արժեքները, հարստությունն ու պատմությունը սեփականելու սակրալ հիմքերի վրա, որոնցից մեկի փլուզումը քանդելու է Թուրքիան: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հուլիսի 11-ին արձանագրեց. «Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը»:
ԱԳՆ խոսնակը նշում է, որ որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթի և նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ, անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը։ Իմա՝ ոչինչ չի ասում, դիվանագիտության մեջ կարևոր է ոչ միայն հայտարարության բովանդակությունը, այլև պահը: Այս դեպքում՝ պահը կորցրած ՀՀ ԱԳՆ-ի լռությունը ավելի խոսուն կլիներ, քան անբովանդակ ու անհասցե մեսիջը, որտեղ չկա քրիստոնեության պատմության մեջ հայկական ժառանգության արժևորում: Որ ներկա Թուրքիայի տարածքում մեր ժառանգությունը ոչնչացվում է, ԱԳՆ-ում գիտեն: Կարող էին հպանցիկ հիշեցնել, որ Տրդատ ճարտարապետն է վերականգնել Սուրբ Սոֆիայի գմբեթը՝ հույների խնդրանքով, որ հիացած էին Անիում նրա կառուցած տաճարներով ու բերդով: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի տեսակետը, որ եթե դառնա մզկիթ, քրիստոնյաներին աղոթքի տեղ հատկացնեն, աբսուրդ է, ճիշտ կլիներ՝ տեսակետ չհայտներ, եթե լռեց Հայ առաքելական եկեղեցին: Զարմանալի չէ, որ պոլսահայ համայնքը չի կիսում պատրիարքի տեսակետը՝ համարելով, որ ցանկացել է Թուրքիայի իշխանություններին հաճելին մատուցել: Այն Թուրքիային, որ երբեք չի ընդունել բնիկ հայերի իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, որովհետև նրանք են եղել երկրի աղը:
…Հուլիսի 10-ը տարօրինակ օր էր՝ Երևանում Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Ազգային անվտանգության ռազմավարությունը: Նիկոլ Փաշինյանը կարդաց երկար ուղերձ, որից հետո մնաց մեկ հարց՝ ո՞վ է գրել: Հայտնապես՝ ոչ ինքը: Ապրիորի դատողությունների հետ՝ տեղ-տեղ կոնկրետ խնդիրներ՝ նույնպիսի ապրիորի լուծումներով: Պատմական դատողությունները ազգային ինքնության մասին թողնենք հեղինակի խղճին՝ ընդունեք, որ վարչապետից արտառոց է լսել. «Ազգային գաղափարախոսությունը դառնում է կենսական անհրաժեշտություն, կիրառական նշանակության ինստիտուտ, երբ կա խնդիր՝ անցյալի ու ներկայի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անելիքը ձևակերպել, այլև ապագային միտված մեր ուղերձը, որը 1000 տարի հետո ապրող հային պետք է կապի 1000 տարի առաջ ապրած հայի հետ: Թերևս հենց այսպիսին է ազգային ինքնության ու գիտակցության զարգացման գործընթացը: Ազգային ինքնությունը զարգանում է սեփական պատմության բերած փորձով, այդ փորձի իմացությամբ, այս փորձառության ու կյանքի ընթացքում ունեցած դրական և բացասական տպավորություններով, ապագայի ձգտումներով, որն օրգանական կապի մեջ է անցյալի ու ներկայի հետ»: Ինչու՞ է վարչապետը խոսում 2000 տարվա մասին, երբ հայկական լեռնաշխարհում մենք ապրել ենք 6-7000 տարի, եթե նրան հմայել է հենց 2000-ը իրար կապելը, հարց է ծագում՝ ի՞նչ է նշանակում «Այդ կապը կապանք չպիտի լինի: Այն ոչ թե պիտի հետ քաշի, այլ առաջ մղի, խթանի, ոգևորի, այն չպիտի դառնա մի ճնշող ներկայություն, այլ յուրաքանչյուր հայի հազարամյա առաքելության մասը զգալու, այդ առաքելության մասը դառնալու, այդ առաքելության շրջանակն ընդլայնելու, բովանդակությունը հարստացնելու խթան պիտի տա, վստահություն, ձգտում, ինքն իրեն ճանաչելու և գիտակցելու հետաքրքրություն պիտի պարգևի»: Նրա կառավարման 2 տարուց հետո ու հատկապես հիմա, երբ քննարկվում է հայերենի ու պատմության դասաժամերն ուսումնական ծրագրերից կրճատելը, եկեղեցու դեմ հիբրիդային պատերազմը, անհավատալի է վարչապետից լսել. «Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ և ազգի պատմության ընթացքում ձևավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ»: Կամ՝ նախարարը գործում է վարչապետի դեմ, կամ՝ վարչապետը տեսականի ու գործնականի կապը չի ընդունում: Կամ՝ տեքստին ծանոթ չի եղել: Թերևս՝ երրորդը, երբ թվարկվում են հայ ժողովրդի ազգային 20 արժեքները և 7 նպատակները, չես կարող չհարցնել՝ ինչու՞ եք ոտնահարում ձեր հռչակածը: Եվ այդպես՝ մինչև վերջ: Ցավոք: Հավատանք գոնե մեկի իրականությանը. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։ Հավատանք դարակազմիկ փոփոխության պատճառով՝ Ադրբեջանը չկա:
…Հուլիսի 10-ի տարօրինակ օրը լրացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի հայտարարությունը՝ մեծ ասուլիսի խոստումով: ՈՒ նորից ծագում է նույն հարցը՝ ո՞վ է գրել տեքստը: Ընդհանրապես՝ վերջին շրջանի թրենդն է, որ քաղաքական ասպարեզում հատկապես աղմկում է ճշմարտությունն ու իրականությունը բազմիցս բռնաբարած անձանց մի խայտաբղետ կոհորտա, որ ինքն իրեն անվանում է դարի լավագույն քաղաքական գործիչ և ներկայանում քաղաքական կուսության սիմվոլ, մինչդեռ նրանց գործունեության հետևանքն է, որ իշխանությունն այսօր ՔՊ-ն է: Դա չի վերաբերում միայն ԲՀԿ-ին, ցավոք: Գագիկ Ծառուկյանը օրվա իշխանության շնորհիվ մեծ կապիտալ կուտակած բիզնեսմեն է, որ քաղաքականության օգնությամբ փորձում է պահել կապիտալը, մինչդեռ հիանալի գործունեության դաշտ ունի՝ բիզնեսն ու բարերարությունը, ոչ քաղաքականությունը, որտեղ ինքն ու իր կուսակցությունը պարբերաբար հայտնվում են «բամփոցի» տակ: Հուլիսի 11-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հայտարարություն արեցին կորոնավիրուսի համավարակին հակազդելու իշխանության գործողությունների վերաբերյալ: Ժամանակագրական-քաղաքական մասը մի կողմ՝ ի՞նչ են առաջարկում: «Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը: Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին: Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»: Այսինքն՝ նույն բանաձևը՝ «Դրեք դիմակ, փրկեք կյանքեր»: Փաստացի՝ երեքի հայտարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսակետից նույնքան անբովանդակ է, որքան կառավարության քաղաքականությունը: Ցավոք: Երբ իշխանությունը և ընդդիմությունը համարժեք չեն գնահատում պանդեմիան, կամ փորձում են օգտագործել իրենց խնդիրները լուծելու համար, մարդկանց կյանքի շանսերը նվազում են: Կա՞ կասկածող, որ վարակվածները պաշտոնական թվերով հասնելու են կես միլիոնի, մահերն անցնելու են 1000-ը: Իսկ առողջապահության նախարարն ասում է, որ գիշերը հանգիստ քնում է: Երևի երազում էլ ԱՀԿ-ի նախագահին է տեսնում:
…Ադրբեջանը հարձակվել է Տավուշի վրա՝ սա էլ կիրակի-երկուշաբթիի իրողությունն է: Զոհեր տալով՝ հեռացել է: «Կիրթ» Ալիևի երկրում ծանր վիճակ է՝ փորձում է «փոքրիկ» պատերազմով ուշադրություն շեղել, և փոխում է հարվածի ուղղությունը՝ այս անգամ խփում է մեզ, հաջողության դեպքում հաջորդ հարվածը լինելու էր Արցախում: Երբ ապրում ես վառոդի տակառի վրա, ե՞րբ ես հասկանալու, որ պայթյունից ոչ ոք ողջ չի մնա: Պատերազմի շեմին՝ դեռ իրար ենք ուտում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ երբ պակասում է երկրի աղը, սկսվում են անհամ ժամանակներ: Բոլորը ձգտում են իշխանության, մեռնում են մարդիկ, որ ապրելու էին ու ապրելու էին, եթե օրվա իշխանությունն ու իրենց իշխանության արժանի համարողները մի կողմ դնեին քաղաքական խաղերը ու մտածեին մարդկանց փրկելու մասին՝ հիմա քաղաքական տուրևառության պահը չէ: Ողջ լերուք, եթե կարող եք: