Մեր վերլուծությունը թերի կլինի, եթե չանդրադառնանք նաև իրանա-ամերիկյան հարաբերություններին։ Հուլիսին, մոտավորապես 2-3 շաբաթ, ԱՄՆ-ի իշխանությունները կեղծաբարո քարոզչություն էին վարում, թե իբր Ամերիկան Իրանի հետ «երկխոսություն ունի», «իրանցիներն ընդունում են Վաշինգտոնի պայմանները» և այլն։ Զարմանալի է, բայց ասես հրամանով, Հայաստանի և Ռուսաստանի «կեղծ նորությունների» բոլոր վարպետները ժամանակի այդ հատվածում «հաղորդում» էին նույն բանը. իբր Իրանի և ԱՄՆ-ի միջև «ակտիվ անդրկուլիսյան դիվանագիտություն է ընթանում»։ Հունիսի 23-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և բոլոր զինված ուժերի հրամանատարության հանձնարարությամբ աշխարհում (այդ թվում՝ Հայաստանում և Ռուսաստանում) ԱՄՆ-ի բոլոր անխոհեմ խամաճիկներին պատասխանեց անձամբ իրանական կառավարության ղեկավար, նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսության ուղիղ եթերում իր ելույթում։ Մեջբերենք. «Նրանք (ամերիկացիները) ասում են. «Մենք պատրաստ ենք բանակցությունների»։ Նրանք ինչ-որ տարօրինակ բան են ասում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք պատրաստ ենք բանակցությունների։ Ո՞վ է լքել բանակցությունների սեղանը։ Ո՞վ է ջարդել բանակցությունների սեղանը։ Ո՞վ է վառել բանակցությունների սենյակը։ Նրանք։ Այնպես որ, դա կեղծիք է կեղծիքի գագաթին, որն ԱՄՆ-ից բխում է ամեն օր»։ Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ սկսած 2020 թ. հունվարի 3-ից, երբ ԱՄՆ-ը ստոր ահաբեկչությամբ սպանեց իրանցի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին, այաթոլահ Խամենեիի ռազմավարական դիրքորոշման համաձայն, որը նա բազմիցս հնչեցրել է Սոլեյմանիի սպանությունից հետո, Իրանը հետևում է «ոչ պատերազմ, ոչ բանակցություն ԱՄՆ-ի հետ» դրույթին։
Հունիսի 23-ին Ռոհանիից ավելի կոշտ է արտահայտվել Խամենեիի ռազմական խորհրդական, Իրանի պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհգանը. «Թրամփը ոչ թե նախագահ է, այլ հանցագործ, և Պարսից ծոցի ջրերում ԱՄՆ-ի ցանկացած քայլ կստանա Իրանի սպառիչ պատասխանը։ Իրանը որևէ բանակցություն չի վարի ԱՄՆ-ի հետ։ Իրանը նպատակասլաց կերպով կշարունակի իր տարածաշրջանային քաղաքականությունը»։ Դրանից մեկ օր առաջ նույն ոգով է արտահայտվել նաև վերջերս խորհրդարանի խոսնակ ընտրված, Թեհրանի նախկին քաղաքապետ և ՌՕՈՒ-ի պահեստի գեներալ Մոհամադ Կալիբաֆը. «Իրանը դեմ չէ դիվանագիտությանը և բանակցություններին, բայց ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնելը խստիվ արգելված է և վնասակար։ Վերջին օրերին արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ը և, ցավոք, մի շարք եվրոպական երկրներ, կրկին ապացուցեցին Իրանի ժողովրդի նկատմամբ իրենց անվստահելի ու թշնամական բնույթը»։ Իսկ թե ինչ է նշանակում Իրանի «նպատակասլաց տարածաշրջանային քաղաքականությունը», հիմա կհիշեցնենք։ Առաջին. Սիրիայի և Դիմադրության ճակատի, ԱՄՆ-ի և սիոնիզմի նկատմամբ Իրանի քաղաքականությունը կմնա անփոփոխ։ «Նահատակ գեներալ Սոլեյմանիի ստոր սպանությունը չի փոխել Սիրիային և Դիամադրության ճակատին աջակցելու գծով Իսլամական Հանրապետության քաղաքականությունը»,- հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհագ Ջահանգիրին։ Երկրորդ. «Արտասահմանյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և պետք է հեռանան Պարսից ծոցից»,- հայտարարել է Իրանի ԻՀՊԿ-ի նավատորմի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին։ Երրորդ. ամերիկյան զորքերը պետք է հեռանան Սիրիայից և Իրաքից, իսկ Իրանը ողջունում է Իրաքի կառավարության ու խորհրդարանի պահանջը («Mehr News»)։ Չորրորդ. «Սաուդյան Արաբիան պարտվել է, պետք է հեռանա Եմենից ու նոր քաղաքականություն վարի։ Պատերազմը Եմենում անօգուտ արկածախնդրություն է, իսկ Սաուդյան Արաբիան պետք է պատասխանատվություն կրի հետևանքների համար»,- ասել է գեներալ Դեհգանը։
ՈՒզում ենք հատուկ ընդգծել. թող Հայաստանում ոչ ոք չմտածի, թե Իրանն իր արտաքին քաղաքականությունը սահմանափակում է Մերձավոր Արևելքով։ Հունիսի 21-ին իրանական ևս մեկ նավ բարեհաջող կերպով հասել է Վենեսուելայի (Հար. Ամերիկա) ափերին. «Ղոլեսան» բեռնանավը պարեն ու դեղորայք է բերել կորոնավարակի դեմ պայքարի համար, հայտարարել է այդ երկրում Իրանի դեսպան Խոջաթ Սոլթանին։ Իսկ հունիսի 22-ին ծովակալ Թանգսիրին հայտնել է, որ մինչև ընթացիկ իրանական 1399 թ. վերջը (որը վերջանում է 2021 թ. մարտի 20-ին) ԻՀՊԿ-ն ծրագրել է մշտական բազա ստեղծել Հնդկական օվկիանոսում։ Ի դեպ, Հնդկական օվկիանոսի հյուսիսում և Օմանի ծոցի օդային տարածքում հունիսի 18-ին Իրանը փոքր և մեծ հեռահարությամբ հրթիռների շատ հաջող փորձարկումներ է արել։ Համոզված ենք, որ հիմա Հայաստանի քաղաքացիներն ավելի ակնհայտորեն հասկացան, թե ինչ է նշանակում Իրանի «տարածաշրջանային քաղաքականությունը» և պատկերացրին, թե ինչպիսին է լինելու այդ քաղաքականությունն ամենամոտ ապագայում։
Բայց դա էլ դեռ ամեն ինչ չէ։ Ահա ամենավերջին նորությունները։ Այն բանից հետո, երբ հունիսի 26-ին Վաշինգտոնում հրապարակվեց աշխարհում ահաբեկչության մասին ԱՄՆ-ի ամենամյա զեկույցը, որում ամերիկյան իշխանությունները հերթական անգամ հանդես եկան Իրանի հասցեին անհիմն մեղադրանքներով, պատմության անիվը նոր թափով պտտվեց Ամերիկայի դեմ։ Այսօր մեր նախագուշակումը կարող է վաղաժամ թվալ, բայց մենք պնդում ենք մեր կարծիքը։ Սկզբում, նույնպես հունիսի 26-ին, Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարեց. «Իրանցիներն ահաբեկչության զոհեր են ու միաժամանակ այն ահաբեկիչների հետ պայքարի հերոսներ, որոնց ստեղծել ու պահպանում են ամերիկացիները։ Իրանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության մասին ԱՄՆ-ի զեկույցը նրա ակնհայտ անհիմն մեղադրանքների, բացարձակ անազնվության և ահաբեկչության հետ պայքարում երկակի չափորոշիչների պատճառով։ Որպես պետական ահաբեկչության ամենախոշոր հովանավոր ու սիոնիստական ագրեսիվ և օկուպացիոն վարչակարգի գլխավոր կողմնակից՝ ԱՄՆ-ը չի կարող պնդել, թե պայքարում է ահաբեկչության դեմ»։
Իսկ արդեն հունիսի 29-ին ողջ աշխարհը, առանց չափազանցության՝ ողջ աշխարհը, ցնցվեց ու հասկացավ՝ Իրանը մտադիր չէ կատակելու և «խաղեր խաղալու»։ Պաշտոնական Թեհրանը հրաման է արձակել ձերբակալելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և էլի ավելի քան 30 անձի, որոնք, ըստ Իրանի տվյալների, մասնակցություն են ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Դեռ այս տարվա հունվարի սկզբին, երբ ԱՄՆ-ը իր խամաճիկներով ձեռնարկեց պետական ահաբեկչության գործողություն և սպանեց լեգենդար Սոլեյմանիին, մենք նախազգուշացնում էինք, որ դա Վաշինգտոնին «էժան չի նստի»։ Միաժամանակ հետևողականորեն հայտնում էինք, թե որտեղ, որ երկրում և ինչ հանգամանքներում են սպանվել (կամ անհետացել) ԱՄՆ բանակի կամ ԿՀՎ-ի գեներալները, ինչքան «անբացատրելի» էին Իրաքում ամերիկյան երկու բազաների վրա Իրանի հրթիռային հարվածների հետևանքները և այլն։ Գրել ենք նաև, որ Իրանի բոլոր դաշնակիցները՝ ՌԴ-ից ու ՉԺՀ-ից մինչև Լիբանան, միասնաբար այն կարծիքին էին, որ ԱՄՆ-ը ահաբեկչաբար է սպանել գեներալ Սոլեյմանիին։ Եվ ահա հրաման է տրվել ձերբակալելու Թրամփին, այլ ամերիկացիների, իսրայելցիների, անգլիացիների և այլոց, որոնք մասնակցել են հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած սպանությանը։
Ըստ Թեհրանի դատախազ Ալի Մեհրի, Թրամփը և մյուսները մեղադրվում են «սպանության և ահաբեկչության մեջ», և «Իրանն արդարության է ձգտելու նույնիսկ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից Թրամփի հեռանալուց հետո»։ Հայտարարությունում նշվում է, որ Թեհրանը «Միջազգային ոստիկանությանը» (ՄՈ, «Ինտերպոլ») խնդրել է բարձրագույն գերակայության ծանուցագիր տալ Թրամփին ու թվարկված մյուս անձանց ձերբակալելու համար։ «Ինտերպոլին» ոչ ոք թույլ չի տա «շատ երկար» լռել։ Եվ արդեն հայտնի է, որ նրա ղեկավարությունը, ներողություն արտահայտության համար, «տակը լցրել է»։ Հունիսի 30-ին «Ինտերպոլը» մերժել է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին Իրանի պահանջը։ «Ինտերպոլի» հայտարարության մեջ նշվում է, որ այդ կառույցի ներքին կանոնները թույլ չեն տալիս բավարարել Իրանի դատական իշխանությունների հայցը, քանի որ կազմակերպությանն արգելված է «քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որևէ միջամտության կամ գործողության իրականացումը»։
Այ քեզ բան։ Գեներալ Սոլեյմանիի դեմ ահաբեկչությանը Թրամփի մասնակցությունը հաստատված է նույնիսկ ոչ թե իրանցիների, այլ ամերիկյան Պենտագոնի կողմից։ Չէ՞ որ 2020 թ. հունվարի 4-ին հենց Պենտագոնում են հայտարարել, որ Սոլեյմանիին սպանելու հրամանը տվել է անձամբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը։ Կրկին ուշադրություն ենք հրավիրում Թեհրանի դատախազ Ալի Մեհրի ասածին. «Իրանն արդարության է ձգտելու նույնիսկ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից Թրամփի հեռանալուց հետո»։ Այլ խոսքով, ձերբակալման մասին Իրանի որոշումը դամոկլյան սրի նման կախված է լինելու Թրամփի գլխին։ Այնպես որ, «Ինտերպոլին» չի հաջողվի խուսափել ԱՄՆ-ի ներկայիս նախագահի ձերբակալումից, անգամ եթե դա տեղի ունենա մեկ, երկու կամ տասը տարի հետո։
Իսկ այդ ժամանակ Իրանը ևս մեկ տեղեկատվական-պրոպագանդիստական հարված հասցրեց և՛ ԱՄՆ-ին, և՛ ողջ Արևմուտքին։ Մի փոքր նախապատմություն. 1987 թ. հունիսի 28-ին, երբ Իրաքի պատերազմն Իրանի դեմ հասավ իր գագաթնակետին, Սադամ Հուսեյնի վարչակարգը քիմիական զենք կիրառեց Իրանի հյուսիս-արևմուտքի Սարդաշտ քաղաքի դեմ։ Ըստ «Tehran Times» թերթի, այդ հարձակումը գնահատվել է որպես հակամարդկային ամենամեծ հանցագործություններից մեկը Առաջին Համաշխարհային պատերազմից հետո։ Սարդաշտի բնակչության դեմ այդ քիմիական հարձակման հերթական տարելիցի առթիվ տարածվել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը, որում ասվում է. «33 տարի է անցել Սարդաշտի քիմիական հարձակումից հետո։ Մենք երբեք չենք մոռանա ԱՄՆ-ի ու Եվրոպայի օժանդակությունն ու մասնակցությունը Սադամի սարսափելի հարձակմանը։ Մենք երբեք չենք մոռանա ՄԱԿ ԳԽ-ի լռությունը այդ նողկալի հանցագործության մասին։ Մենք վերականգնում ենք այն ամենը, ինչ նրանք ոչնչացրել են։ Այդ ռազմական հանցագործության պատճառով Սարդաշտի 12000 բնակչից 130-ը մահացել է, մոտ 8000-ը՝ վիրավորվել։ Չնայած այդ պահից 33 տարի է անցել, մարդիկ դեռ տառապում են նրա հետևանքներից։ Քիմիական զենքի արտադրության համար արևմտյան պետությունների տրամադրած նյութերը երկարատև ազդեցություն են ունեցել, հատկապես երեխաների վրա։ Նույնիսկ այսօր, 33 տարի անց, Սարդաշտի շատ բնակիչներ տառապում են քիմիական հարձակման հետևանքներից և պայքարում են իրենց կյանքի համար։ Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդները և մի շարք այլ երկրներ Իրաքի դիկտատորին սարքավորումներ ու նյութեր են տրամադրել քիմիական զենք ստեղծելու համար՝ ակնհայտորեն չցանկանալով, որ Իրանը դառնա ութամյա պատերազմի հաղթող։ Ամեն տարի հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը իրանցիները վերհիշում են ամերիկյան վարչակարգի կողմից մարդու իրավունքների սարսափելի ու մահացու խախտման մասին։ Հաջորդ 7 օրվա ընթացքում, որոնք կոչվում են «Մարդու իրավունքների ամերիկյան շաբաթ», մենք լույս ենք սփռելու ԱՄՆ-ի գործողությունների վրա, որոնք ոտնահարում են մարդկանց իրավունքները տանը, Իրանում և այլ տեղերում»։
Հայաստանի քաղաքացիներին եզրակացություններ անելու կոչ ենք անում։ Դեռ ուշ չէ Հայաստանը փրկելու այն անդունդից, դեպի ուր մեր երկիրը տանում է ներկայիս կառավարությունը։ Ժամանակ ունի նաև կառավարությունը՝ թողնելու իր տերերին և հրաժարվելու նրանց կործանիչ հրամաններն ու պատվերները կատարելուց։ ՈՒղղակի մեր ժողովուրդն անցած երկու տարում բոլոր հիմքերն ստացել է չհավատալու այն բանին, որ ներկայիս կառավարությունում ինչ-որ մեկի ուղեղը հանկարծ կսկսի գործել։ Աշխարհը, իհարկե, չի սպասի, մինչև Հայաստանի իշխանությունները խելքի գան, բայց, այնուամենայնիվ... Հույսը վերջինն է մահանում...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ