Նորություն չէ, որ ցանկացած երկրի իշխանություն, առավել ևս ուղղակիորեն, միջնորդավորված կամ սառը պատերազմի մեջ գտնվող, իր զինանոցում միշտ փորձում է պահել մի քանի գործիքակազմ, որոնք կարող են պատեհ պահին օգտագործվել՝ հասարակության լայն շերտերին համախմբելու կամ իշխանություններին ոչ բարենպաստ թեմաներից շեղելու համար։ Եվ ամենագլխավոր գործիքակազմերից մեկն արտաքին թշնամու դեմ կոնսոլիդացումն է։ Օրինակ, ուկրաինացիների համար համախմբող է արտաքին հակառակորդ համարվող Ռուսաստանի կերպարը։ Ռուսների համար երկար տարիներ, թերևս նաև հիմա, համախմբող է Արևմուտքի կերպարը։ Ամերիկացիները երկար տարիներ որպես արտաքին կոնսոլիդացնող գործոն օգտագործում են նախկին խորհրդային ճամբարի կերպարը, այժմ արդեն Ռուսաստանի կամ Չինաստանի տեսքով։
Եթե անդրադառնանք մեր տարածաշրջանին, ապա Վրաստանում երկար տարիներ հասարակությանը ներքին խնդիրներից շեղելու համար օգտագործվում է Ռուսաստանի գործոնը, իսկ Ադրբեջանի իշխանությունների զինանոցում արդեն 30 տարի առկա է Հայաստանի և հայ ժողովրդի՝ որպես թշնամու կերպարը։ Եվ եթե Ադրբեջանում ինչ-որ խնդիրներ են առաջանում, ապա միշտ մեջտեղ էր բերվում հայկական գործոնը, որը շեղում էր ուշադրությունը ներքին խնդիրներից, և բոլորը միավորվում էին արտաքին վտանգի առջև։
Նույն մեթոդը Հայաստանի իշխանություններն օգտագործում էին տարբեր ժամանակներում։ Երբ ընդդիմությունը հզորանում էր՝ բողոքի ցույցեր գեներացնելով, թե՛ տերպետրոսյանական, թե՛ քոչարյանական, թե՛ սարգսյանական իշխանություններն առաջ էին քաշում արցախյան ճակատում վտանգների խնդիրը, և սովորաբար այդ ամենի հիմքում դրվում էր այն գաղափարը, թե Հայաստանում խնդիրներ առաջանալու դեպքում դրանից կօգտվի թշնամին՝ թուրքը, ադրբեջանցին։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք իրավիճակը տարօրինակ ընթացք ստացավ։ Իշխանությունը հասարակությանը սկսեց կոնսոլիդացնել ոչ թե արտաքին հակառակորդի կերպարի դեմ, այլ ավելի շատ՝ ներքին թշնամու կերպար ստեղծելով։ Դրա վառ ապացույցն անընդհատ օգտագործվող սևերը, նախկինները, ռևանշիստները տերմիններն են։ Իսկ արտաքին հակառակորդի, մասնավորապես‚ Ալիևի կերպարից կերտվում էր կիրթ գործընկերոջ իմիջ։ Սակայն վերջին օրերի զարգացումները Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղի ունեցած բավականին կոշտ բախումներն ու մարտերն ամեն ինչ հունի մեջ մտցրին, և արտաքին բախման ընդհանուր դրամատուրգիայում սկսեցին ի հայտ գալ գրեթե բոլոր խաղացողները, որոնք փորձեցին օգտվել առկա զարգացումներից, գուցե նաև ծրագրեր գծել ապագայի համար։
Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում բավականին բարդ ներքաղաքական իրավիճակ է ստեղծված, որն ավելի շատ սրվեց երկու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի անմխիթար արդյունքների և դրա պատճառով առաջացած անբարենպաստ սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում։ Ադրբեջանում դրա պատճառը նաև նավթի գնի աննախադեպ անկումն է, ինչը հանգեցրեց սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Մյուս կողմից ադրբեջանական էլիտայում նկատվում են լուրջ տեղաշարժեր, տրանսֆորմացիաներ, ընդ որում, ներքին բախումներն այնքան ակնհայտ են, որ օգտագործվում են նաև ձերբակալությունների ձևաչափով։ Սակայն այդ բախումները, ներէլիտային մրցակցությունը նույնպես բավականին լուրջ ներքին հակաիշխանական ներուժ ունեն։ Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, նավթի գներից ու կորոնավիրուսից առաջացած սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացումը, ներքաղաքական խառնաշփոթն առաջացրին մի իրավիճակ, որտեղ ալիևյան կլանի համար անհրաժեշտություն առաջացավ փոքրիկ, թեկուզ լոկալ բնույթի պատերազմ սկսել, ինչը կարող է շեղել Ադրբեջանի ժողովրդի ներքին խնդիրներից և հնարավորություն կտա վարչախմբին ժամանակ շահել ու վերադասավորվել։
Հայաստանում, ինչպես հայտնի է, իրավիճակը, մեղմ ասած, ավելի լավը չէ։ Կորոնավիրուսի դեմ պայքարում ակնհայտորեն տապալվել ենք, և դա զգալի դժգոհություն է առաջացրել հայաստանյան հասարակության շրջանում՝ լուրջ հնարավորություններ ընձեռելով ընդդիմության տարբեր սեգմենտներին ու աշխուժացնելով ներքաղաքական պայքարը։ Իշխանությունը վախեր ունի ստեղծված իրավիճակից։ Պատահական չէ, որ ՀՀ իշխանությունն անընդհատ երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը, և թերևս ճշմարտության մեծ մասնիկ կա այն տեսակետի մեջ, թե այդ սահմանափակումները մտցվում են ներքին հուզումները խեղդելու, ընդդիմադիր զանգվածային միջոցառումները սահմանափակելու համար։ Այս պայմաններում Տավուշի հատվածում՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում բախումները որոշակիորեն հայաստանյան հասարակության ուշադրության կենտրոնը, թեկուզ որոշ ժամանակով, կենտրոնացնում են հայ-ադրբեջանական խնդիրների առանցքում։ Այստեղ, իհարկե, որոշակի նրբերանգներ կան։ Ի տարբերություն ադրբեջանական ղեկավարության հռետորաբանության, Նիկոլ Փաշինյանը շարունակում է և՛ նալին խփել, և՛ մեխին։ Փորձում է ստանձնել խաղաղության ջատագովի դիրք՝ բազեի դերը թողնելով բանակին ու զինվորականությանը, մասնավորապես պաշտպանության նախարարին, որը, ի տարբերություն երկրի ղեկավարի, շարունակում է բավականին կոշտ գնահատել իրավիճակն ու սպառնալ հայկական զինված ուժերի առաջընթացով։ Այս առումով հատկանշական էր Փաշինյան-Տոնոյան բավականին տարօրինակ երկխոսությունը կառավարության արտահերթ նիստի ժամանակ, երբ վարչապետը ըստ էության ի լուր աշխարհի հանկարծ հայտարարեց, որ իր տպավորությունն այնպիսին է, թե ադրբեջանցի զինվորները ոչ թե միտումնավոր են մուտք գործել ՀՀ տարածք, այլ պարզապես մոլորվել են։ Եվ ոչ մեկի աչքից չվրիպեց այդ պահին պաշտպանության նախարարի զարմանքը։ Անկախ ամեն ինչից, ՀՀ գործող վարչախումբն ուղղակի բախման պայմաններում խաղաղապահի իր տոնայնությունը չի փոխել։ Եվ մարտերի ամենաթեժ պահին, երբ հայ զինվորները դիրքեր էին գրավում, թշնամուն կորուստներ էին պարտադրում, հանկարծ հայտնություն դարձավ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղերձը ծաղիկներով, խաղաղապահի կերպարով։
Առանձնակի պետք է նշել Հայաստանում գլոբալիստական և կոսմոպոլիտ սորոսյան 5-րդ շարասյան առավել քան ակտիվ գործողությունը՝ ուղղված‚ այսպես ասած‚ Հայաստանի և Ադրբեջանի‚ ինչպես նաև հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցմանը։ Սա‚ բնականաբար‚ նոր ուղղություն չէ‚ սակայն սահմանային լարվածության և բազմաթիվ զոհերի պարագայում առավել ցայտուն ցույց է տալիս այդ 5-րդ շարասյան վտանգավորությունը‚ առավել ևս, որ օտարերկրյա այդ շարասյունը բավականին լուրջ ներկայություն ունի նաև այսօրվա իշխանության մեջ ու շատ դեպքերում զգալի ազդեցություն նաև անձամբ Նիկոլ Փաշինյանի որոշումների ու գործողությունների վրա։ Հատկանշական է‚ որ մինչև տավուշյան այս բախումը սորոսյան թևը հիմնականում թիրախավորում էր հայ-ռուսական հարաբերությունները՝ արդիականացնելով Գյումրու 102-րդ ռազմաբազայի Հայաստանից դուրսբերման խնդիրը։ Ամենայն հավանականությամբ, հասկանալով‚ որ սահմանում բուռն ռազմական գործողությունների պայմաններում այդ թեման‚ մեղմ ասած‚ չի կարող պոպուլյար լինել հակամարտության մեջ գտնվող ժողովրդի մոտ‚ սորոսյան 5-րդ շարասյունն անցավ պլան բ-ի՝ հաշտեցման քարոզին՝ փորձելով կոտրել կռվող ժողովրդի ոգին։
Փաստը, սակայն, այն է, որ երկու երկրների ղեկավարությունն էլ, որ բավականին բարդ ներքաղաքական փուլում են, ու թերևս ավելի բարդ հեռանկարներ են սպասվում, հնարավորություն ստացան գոնե որոշ ժամանակով իրենց հանրությանը շեղելու ներքաղաքական լուրջ խնդիրներից և քաղաքական օրակարգը լցնելու պատերազմական խրոնիկայով՝ որոշ ժամանակով ստիպելով դադարեցնել ներքաղաքական լուրջ պայքարը։
Սա, այսպես ասենք, անմիջականորեն հակամարտող կողմերի հետ կապված իրավիճակն է։ Բավականին հետաքրքիր է, թե այս ամենի մեջ ինչպես են տեղավորվում արտաքին որոշ խաղացողներ։ Իսկ արտաքին խաղացողների խաղի հիմքում շատ կարևոր արձանագրում կա. այս անգամ հայ-ադրբեջանական բախումը տեղի ունեցով ոչ թե արցախյան ճակատում, այլ Հայաստանի հետ սահմանագծում, ինչը բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում արտաքին ուժերի համար, քանի որ ըստ էության նոր բովանդակություն է հաղորդում հայ-ադրբեջանական մինչ այժմ եղած հակամարտությանը։ Այն նաև վտանգներ է պարունակում այն առումով, որ հակամարտությունը, որ մինչ այժմ տեղի էր ունենում Արցախի և Ադրբեջանի միջև, այժմ ուղղակիորեն կարող է վերածվել երկու ճանաչված պետությունների միջև բախման։
Այս պարագայում առաջինն արձագանքեց Թուրքիան, որն իր արտգործնախարարության, հետագայում նաև երկրի նախագահի մամուլի խոսնակի մակարդակով ուղղակիորեն աջակցություն հայտնեց Ադրբեջանին՝ սպառնալով նույնիսկ Հայաստանին խոստանալով, որ բոլոր մակարդակներով կսատարի իր փոքր եղբորը։ Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամներից է, ապա դա շատ հետաքրքիր արձանագրում է, որը նոր իրավիճակ է ստեղծում խնդրի շուրջ։ Իսկ խնդիրը նախ և առաջ Ռուսաստանի համար է։ Հայ-ադրբեջանական բախումը չի կարող շրջանցել Ռուսաստանը։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը փաստացիորեն դուրս է եկել մեր տարածաշրջանից ու ավելի շատ կենտրոնացել է օր օրի սրվող ներամերիկյան խնդիրների վրա, և ընդհանուր առմամբ ԱՄՆ ներքաղաքական դոկտրինը փոխվել է՝ հրաժարվելով համաշխարհային ժանդարմի դերակատարումից, այս տարածաշրջանում Ռուսաստանը ապրիորի, կամա թե ակամա ստանձնում է որոշում ընդունողի հիմնական դերակատարումը, որի մրցակիցը կարող է լինել թերևս միայն Թուրքիան։ Հենց այն Թուրքիան, որի հետ Ռուսաստանն իբր թե ունի սերտ ու բարեկամական հարաբերություններ, սակայն միաժամանակ աշխարհաքաղաքական լուրջ մրցակցության մեջ է գտնվում։ Այս մրցակցությունն իհարկե նշմարվում է միայն պրոքսի ¥պատերազմ ուրիշի ձեռքով¤ մակարդակով և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում, առաջիկայում նաև միջերկրածովյան երկրների տարածաշրջանում։
Ամենայն հավանականությամբ‚ այդ պրոքսի մրցակցությունը կամ ավելի շուտ պրոքսի պատերազմը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կարող է տեղափոխվել հայ-ադրբեջանական հակամարտության թատերաբեմ։ Պատահական չէ, որ Ռուսաստանն արտգործնախարար Լավրովի մակարդակով անմիջականորեն մտահոգություն հայտնեց այս երկու երկրների միջև իրավիճակի լարմամբ, նաև կոչ արեց Մինսկի խմբի հիմնադիր որոշ երկրների զուսպ լինել ու զերծ մնալ կողմնապահությունից։ Խոսքը, բնականաբար, վերաբերում էր Թուրքիային։ Սա արդեն քաղաքական հայտարարության մակարդակով դիվանագիտական բախում էր ՌԴ-ի և Թուրքիայի միջև։
Կա ևս մեկ ասպեկտ, որը կարող է խնդիրներ ստեղծել Ռուասաստանի համար։ Մի բան է, երբ հակամարտությունը ծավալվում է արցախյան ճակատում, որտեղ ՌԴ քավորությամբ ստեղծված ՀԱՊԿ-ի իրավասությունը չի տարածվում, մեկ ուրիշ բան է, երբ Հայաստանն իր սահմաններում հակամարտում է հարևան երկրներից մեկի հետ։ Այստեղ ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքել։ Ռուսաստանի համար ամենամեծ խնդիրն այն կլինի, երբ Հայաստանը դիմի այս կառույցին։ Այդ դեպքում Ռուսաստանն ու նրա համակարգման ներքո գտնվող ՀԱՊԿ-ը պարտավոր են արձագանքել։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ ՀԱՊԿ-ում անդամ պետությունների առնվազն կեսը, եթե ոչ կեսից ավելին, ավելի շատ կողմնորոշված են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի ուղղությամբ։ ՈՒ պատահական չէր, որ երբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի հետ և փորձեց օրակարգային դարձնել ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացում՝ հօգուտ Հայաստանի, նախ որոշում ընդունվեց, որ հատուկ նիստ կհրավիրվի, սակայն հետագայում պարզվեց, որ հատուկ նիստը հետաձգվում է, և դրա փոխարեն տարածվեց քարտուղարության հայտարարություն, որն ընդամենը հերթապահ մի փաստաթուղթ էր՝ կողմերին խաղաղ ապրելու կոչերով։ Այստեղ բացարձակապես չէր զգացվում, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, որի շահերը պետք է պաշտպանի ռազմական այս միավորումը, իսկ Ադրբեջանը, որի հետ մեր երկիրը հակամարտում է, ՀԱՊԿ-ի անդամ չէ։ Փաստորեն, դիտավորյալ չիրականացավ ՀԱՊԿ նիստը, որպեսզի չարձանագրվի այդ կառույցի անօգուտ լինելը Հայաստանի համար։ Դրա փոխարեն որոշակի պատասխանատվություն է ստանձնում Ռուսաստանը։ Պատահական չէ, որ ՌԴ-ն իր 102-րդ ռազմաբազայից ուղղաթիռներով ու ինքնաթիռներով վերահսկում է հայ-թուրքական սահմանը, որպեսզի մեծ նկրտումներ և այս գործընթացում իր մասնակցությունը ակտիվացնելու նշաններ ազդարարող Թուրքիային ցույց տա, թե ով է իրադրության տերը։
Ըստ էության, ավելի տեսանելի դարձավ, որ այս երկու գերտերությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարող են որոշակի պրոքսի պատերազմներ տեղի ունենալ մեր տարածաշրջանում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում։ Այս պայմաններում Ռուսաստանը ՀԱՊԿ-ի ձևաչափից դուրս փորձում է հնարավորինս օժանդակել Հայաստանին և վնասազերծել Թուրքիայի գործոնը։ Պատահական չէ, որ հայաստանյան որոշ վերլուծաբաններ համարում են, որ դժվար թե Հայաստանը կարողանար բարձունքներ գրավել, եթե չլիներ որոշակի դիվանագիտական պայմանավորվածություն, այդ թվում մեր հիմնական ռազմավարական դաշնակցի հետ։ Պետք չէ նաև բացառել, որ Ռուսաստանն իր ակտիվ միջնորդական առաքելությունն է իրականացնում կոնֆլիկտն այս մակարդակում ավարտելու համար։ Սակայն պետք է հաշվի առնել‚ որ գոնե առնվազն Ադրբեջանի նախագահի պարագայում հրադադար հաստատելու համար պետք է գտնել դեմքը պահպանելու տարբերակ և այս առումով առավել քան աչալուրջ պետք է լինել՝ չդառնալու համար մեծ քաղաքական խաղերի անիմաստ զոհ և հրադադարը սահմանել հնարավորինս փոքր կորուստներով։
Ամեն դեպքում հայ-ադրբեջանական սահմանային այս լոկալ պատերազմը դիվանագիտական առումով նույնպես կարող է որոշակի ֆոն հանդիսանալ‚ որպեսզի Արցախի հարցի շուրջ բանակցություններում Հայաստանի իշխանությունը և համապատասխան կառույցները պնդեն‚ որ վերջին գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին‚ որ Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում անվտանգության գոտիների կամ տարածքների առկայությունը Հայաստանի‚ ներառյալ Արցախի համար պարզապես անվտանգության երաշխիքներ են‚ որոնք չի կարող տրամադրել ոչ մի միջազգային կառույց կամ խաղաղապահ առաքելություն։ Տավուշի բնակչության նկատմամբ իրականացվող ռմբակոծություններն ու հրետակոծություններն ապացույց են‚ որ առանց անվտանգության գոտիների և հայկական բանակի կողմից դրանց վերահսկողության՝ անվտանգության մասին խոսելն ավելորդ է։ Բնականաբար‚ այսպես կոչված‚ մադրիդյան սկզբունքներից բխող՝ հայկական կողմին պարտադրվող զիջումները որևէ տրամաբանական հիմք չեն կարող ունենալ։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ