Ի՞նչ էր պետք, որ Հայաստանը մոռանար կորոնավիրուսը: Փաստորեն՝ Իլհամ Ալիևի արկածախնդրությունը: Իլհամ Հեյդարովիչը ոչինչ չի սովորել ոչ հորից՝ Հեյդար Ալիևից, որ փորձում էր հարցը լուծել խաղաղության համաձայնագրով, ոչ իր փորձից, երբ 2016-ին բլիցկրիգով ուզում էր մտնել Ստեփանակերտ: Փոխարենը Իլհամ Հեյդարովիչը ունի Էրդողան և Էրդողանի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, որ պատրաստ է զոհվել հանուն Ադրբեջանի: Մենք չենք առարկում, եթե դա է իր ընտրությունը: Լավ կանի՝ ինքնահրկիզվի:
Հուլիսի 12-ին Ադրբեջանը հրետակոծեց Տավուշը՝ Չինարին, Ոսկեպարը, Պառավաքարը, Բերդը՝ ստանալով հակահարված: ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը հաջորդ օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ հեռախոսազրույցում հաստատեց՝ հայկական Զինված ուժերին հրահանգված է պահպանել զսպվածություն, ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` «արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»: Ռազմական առումով՝ բանակը Ալիևին ու Էրդողանին տվեց սիմետրիկ ու ասիմետրիկ պատասխան: Դա գլխավորն է, որ ճանապարհ է բացում դիվանագիտության համար: Ի՞նչ կատարվեց դիվանագիտական դաշտում: ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը, ՄԻՊ-ը հեռախոսեցին ու նամակներ հղեցին միջազգային կառույցներին՝ իրավիճակի պարզաբանմամբ: Փաստացի՝ չգործեց Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ուղիղ կապը: Գուցե այն պատճառով, որ Իլհամ Ալիևը հրադադարի պայմանավորվածությունը չի խախտել՝ Ադրբեջանը հարձակման փորձ է ձեռնարկել ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վրա:
Հուլիսի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը ցավով արձանագրեց, որ կորուստներ կան, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա լարվածությունը կանխելու համար։ Համանախագահները կապի մեջ են կողմերի հետ, հորդորում են կիրառել հաղորդակցության ուղիղ միջոցները։ Նրանք որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցությունների վերսկսման կոչ են անում և կարևորում ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, հենց իրավիճակը թույլատրի։ Հերթական ու հերթապահ հայտարարության միակ կարևոր կետը՝ ԵԱՀԿ դիտորդների վերադարձն է տարածաշրջան, այն էլ՝ հենց իրավիճակը թույլատրի։ Իրավիճակը, որ կապվում է կորոնավիրուսի տարածմանը, և ոչ միայն, հազիվ թույլատրի առաջիկա մի քանի ամիսներին դիտորդների վերադարձ: Արագ հայտարարություններ արեցին ՌԴ ԱԳՆ-ն և ԱՄՆ պետդեպարտամենտը: Արձագանքեցին և հարևանները՝ Վրաստանն ու Իրանը: ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և անգամ Գվատեմալայի Կոնգրեսի ատաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնդե Օրելյանան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել: Հուլիսի 13-ի ԱԳՆ հայտարարությունից հետո Լավրովը հեռախոսեց Մնացականյանի և Մամեդյարովի հետ: «Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները»,- տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: ՌԴ-ն կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ազգային կարողությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՌԴ-ն նշում է, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրավիճակի գնահատման և լրացուցիչ լարվածության աճ առաջացնող հայտարարություններից ու գործողություններից խուսափելու համար:
ԱՄՆ իշխանությունները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին բռնությունները և կողմերին կոչ են անում բանակցել: «Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել հաղորդակցության ուղիղ գծերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը», - ասել է պետդեպի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը: ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում շուտափույթ վերսկսել «հիմնարար բանակցությունները»: Պետդեպը ընդգծում է ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պարտավորվում է կողմերին օգնել ղարաբաղյան հիմնահարցի տևական խաղաղ կարգավորման հարցում: «Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին», - հավելել է Օրտագուսը: Հայտարարություն արեց և պետքարտուղար Մայք Պոմպեոն: Կոնգրեսը քննարկելու է Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցումը: Ֆրանսիան միայն հուլիսի 16-ին կողմերին զսպվածության ու հրադադարի հերթապահ կոչ արեց: Հազիվ թե Էմանուել Մակրոնն այնքան էր զբաղված Բաստիլի գրավման ազգային տոնը նշելով, որ չքննարկեց ու ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանին լիարժեք արձագանքի հանձնարարական չտվեց: Առավել ևս՝ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ, իմա՝ ԵՄ-ն տեղյակ է իրավիճակին, բայց Բրյուսելի ձայնը չի լսվել: Միով բանիվ՝ ի՞նչ ունենք հուլիսի 17-ին՝ հուլիսի 12-ի հետքերով.
1. 2020-ի հուլիսի 12-ի և հաջորդ օրերի դեպքերն առաջինը չէին, ցավոք, վերջինը չեն լինի, քանի Արցախի հարցը լուծված չէ: Առաջին անգամ Հայաստանին ու Արցախին մարտահրավեր էր նետել ոչ թե Ադրբեջանը, այլ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը: Այս օրերին Անկարան Բաքվից շատ է հայտարարություններ արել, գուցե այն պատճառով, որ «կորել էր» Էլմար Մամեդյարովը և Ալիևը միայն երեկ նրան «գտավ», հետն էլ բողոքեց, որ ընդամենը 150 կամավոր ունի՝ Ղարաբաղն «ազատագրելու»: Իսկ երեկ մարտի դաշտում պարտվող Պնախարար Զաքիր Հասանովի փոխարեն պաշտոնանկեց ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին ու կրթության նախարար Ջեյհուն Բայրամովին նշանակեց` խոստովանելով պարտությունը նաև դիվանագիտական դաշտում։ Անկարան ավելի ռազմատենչ ու կատեգորիկ էր՝ թե Էրդողանը, թե ԱԳՆ-ն, թե ՊՆ-ն: Անկարան փորձում է Արցախի հարցը մանրադրամ դարձնել Մեծ Մերձավոր Արևելքում իր խնդիրների լուծման համար՝ տարածաշրջանային անկայունությունը բխում է Անկարայի շահերից՝ ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ իր դիվանագիտական առևտրում նպաստավոր դիրքեր ստանալու համար: Էրդողանը համարում է, որ գերտերությունների հետ հարաբերություններում ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, առավել ևս՝ Արցախը չունեն այն դերը, ինչ Թուրքիան, որ կարողանում է շանտաժի լեզվով խոսել ոչ միայն ԵՄ-ի, այլև Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ: Նա, թերևս, համոզված է, որ Հայաստանն իր ծավալապաշտական նպատակների ճանապարհին այլևս գործոն չէ: Իսկ Հայաստանը և Արցախը «կուլ տալու» պարագայում մտնելու է Իրան, և Թեհրանում դա պետք է գնահատեն բոլոր հետևանքներով:
2. 2020-ի հուլիսյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը չունի ռազմավարական դաշնակից: Հայաստանը դիմակայեց ռազմական ու դիվանագիտական բոլոր ճանապարհներով, դատելով արձագանքներից՝ ակնհայտ են ՀՀ արտաքին քաղաքականության հին ու նոր սխալները: Հետհեղափոխական Հայաստանը շարունակեց նախահեղափոխականի արտաքին քաղաքականությունը: Հույսը դնել ՌԴ-Թուրքիա հարաբերությունների, Գյումրիի ռազմաբազայի կամ ՀԱՊԿ-ի ու իր ուշացած քաղաքական հայտարարությունների, ռազմական աջակցության վրա, մեղմ ասած, իրատեսական չէ: Ռուսաստանն ու Թուրքիան արդեն կրակել են միմյանց վրա Սիրիայում ու Լիբիայում, նրանց հիմա միացնում են միայն ռազմատնտեսական շահերը՝ տնտեսական խնդիրներ ունեցող Ռուսաստանին պետք է զենքի գնորդ: Հանուն Հայաստանի՝ Մոսկվան գնորդ չի կորցնի, բայց կորցնելով Հայաստանը՝ կորցնում է տարածաշրջանի միակ հենակետը, ու հենց այդ գործոնը պիտի դրդի Մոսկվային՝ զսպել Թուրքիային ու Ադրբեջանին: Մոսկվան բոլոր հնարավորություններով փորձում է խաղից հանել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հանուն իր ազգային շահի: ԱՄՆ-ի վրա չի ներգործում, Ֆրանսիայի դիրքորոշումը մնում է ապրիորի: Հայաստանը միշտ է հատուկ հարաբերություններ ունեցել Ֆրանսիայի հետ, հիմա հարաբերությունները կորցրել են առանձնահատուկ բնույթը: Որքան էլ Մակրոնը զբաղված է Ֆրանսիայի ներքին խնդիրներով, ԵՄ-ն բարեփոխելով, Սերբիայի ու Կոսովոյի հարցերով, ՈՒկրաինայով, պարտավոր է կատարել նախընտրական ու հետընտրական խոստումը՝ նպաստել Արցախի հարցի լուծմանը: Հատկապես, որ վերընտրությանը կամ չընտրությանը մնացել է 2 տարի: Հայաստանը պիտի առավելագույնս զարգացնի հարաբերությունները հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ՝ վստահ լինելու, որ կրիտիկական պահին չեն ընտրի մյուս հարևանին՝ Ադրբեջանին: Իսկ դրա համար պետք է ձևավորել ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ շահեր: Իբրև գերտերություն, որի ձայնը միջազգային ասպարեզում լսվում է, պետք է կապերը խորացնել Չինաստանի հետ: Պեկինի համար Հայաստանը չափազանց փոքր է՝ տարածքով, բնակչությամբ, սպառման շուկայով, մեծ ծրագրերի համար, մենք կարող ենք հետաքրքրել նրանց փոքր ու միջին բիզնեսին, իսկ դրա համար պետք են քաղաքական կապեր:
3. Հայաստանը պիտի որակապես նոր հարաբերություններ ունենա ԱՄՆ-ի հետ, որ չհաջողվեց Դոնալդ Թրամփի նախագահության չորրորդ տարում: Իրանի հետ մեր կապերը չեն կարող ու չպետք է խոչընդոտեն ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին: 2 տարում չգտնվեց համատեղ օրակարգ, որ նոնսենս է դիվանագիտության համար:
Ի՞նչ է կատարվում երկրի ներսում:
Մինչև օգոստոսի 13-ը երկարաձգվեց մարտի 16-ից մտցված արտակարգ դրությունը, կորոնավիրուսի դեմ պայքարը սահմանափակվում է «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանում է «թավշե» ատելության ու պառակտման պտուղները, որի խորացմանը նպաստեց իշխանությունից ավելի կազմակերպված հինգերորդ շարասյունը: Հետևանքը՝ դրսում կատարված հաշվարկն է՝ Հայաստանը այնքան է թուլացած, որ հարվածի ու հաջողության հասնելու պահն է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է աջակիցների ու համակիրների հետ և հայտարարում. «Պետք է փորձենք այս թիմով շարժում ձևավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների: Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, և ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքում տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը. «Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական, քանի որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին, համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»: Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշի խրամատներում «թև ու թիկունք» դառնալու՝ հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ ԵԿՄ-ն պատրաստ է օգնել բոլոր ուղղություններով, սպասում է ՊՆ-ի որոշմանը: Փաստացի՝ այս օրերին կատարվեց քաղաքական դաշտում միակ հնարավոր ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ բանակի շուրջ: 1999-ին Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «Ցավոք, միայն բանակն է ՀՀ-ում ամենակայացած արժեքը», ու ողջ հասակով մտավ քաղաքականության մեջ՝ ոտքի հանելու տնտեսությունը, որ կարողանա ամենակայացած արժեքը պահել: 2020-ին ստացվում է՝ միայն բանա՞կն է երկիր պահում, թե՞ մենք առարկում ենք ու …փաստարկներ էլ ունենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ այն, որ Հայաստանի դեմ պատերազմ պահանջող ու իր արտոնությամբ կազմակերպված ցույցը Իլհամ Ալիևը ստիպված եղավ ջրցաններով ու ոստիկաններով ցրել, վկայում է նրա վիճակը երկրում: Ողջ լերուք: